Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավորականներն

Հունվար 28,2005 00:00

Մտավորականներն անհնազանդության կոչ են անում Գառնիկ Մարգարյանը «ռեժիմը փոխելու» հույսը չի կտրել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հայտարարությունը՝ կարճ ժամկետներում ուկրաինական ԶՈՒ ստորաբաժանումները Իրաքից դուրս բերելու մասին, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին լրացուցիչ հիմքեր են տալիս եւս մեկ անգամ հայտարարելու, որ հայկական ԶՈՒ ստորաբաժանումն Իրաք գործուղելը բացառապես մեր իշխանությունների նախաձեռնությունն էր՝ իրենց տիրապետությունը երկարաձգելու համար: Մանավանդ որ պարոն Մարգարյանի տեղեկություններով՝ ամերիկացիները հասկացել են հայերի, հայ գաղութի վիճակը, եւ պարտադրանք չի եղել, որ ՀՀ-ն մասնակցի իրաքյան կոալիցիային: Երբ այս հարցն ընդամենը քննարկումների փուլում էր, պարոն Մարգարյանը Մտավորականների ֆորումի անունից հայտարարել էր, որ նման որոշման ընդունմամբ, պատկերավոր ասած՝ կսկսվի հեղափոխությունը: Հայկական զորախումբը արդեն մեկ շաբաթից ավելի գտնվում է Իրաքում, ուստի պարոն Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են մտավորականները հապաղում: «Պասիվություն չկա, որովհետեւ նախորդ օրն արդեն ավարտել ենք քննարկումները, փաստաթուղթը պատրաստ է եւ մոտ օրերս կհրավիրվի ութերորդ ֆորումի շարունակությունը: Դիմելու ենք հասարակական-քաղաքական ուժերին եւ ժողովրդին՝ կոչ ենք անելու դիմել քաղաքացիական անհնազանդության եւ դնել այս ռեժիմի վերջի սկիզբը: Դա նախատեսվում է հաջորդ շաբաթ: Դահլիճի խնդիր ունենք իշխանությունների թեթեւ ձեռամբ, սակայն ելք կգտնվի, եւ ֆորումը կհրավիրվի: Ճիշտ է, հայտարարություն ընդունելը դեռ քիչ է, ուստի դիմելու ենք քաղաքական ուժերին. հաշվի առնելով նախորդ տարիներին թույլ տրված սխալներն ու նահանջները՝ պահն է թողնել ներկուսակցական խնդիրները, ամբիցիաները եւ միավորվել: Այս իրավիճակից ելքը մեկն է՝ առողջ ուժերի միավորում: Պետք է համախմբում կայանա՝ ոչ թե մարդկանց, ուժերի, խմբերի շուրջ՝ ովքեր փորձում են ժամանակ շահել, տեղ զբաղեցնել ԱԺ-ում, նիշա ունենալ քաղաքական դաշտում եւ լինել առաջին գծում… այս բոլորի լիմիտն էլ է սպառվել, եւ ամեն օր սա իր բացասական հետեւանքներն է թողնում երկրի իմիջի, տնտեսության, բարոյականության վրա»: Կուսակցությունների առաջնորդների հետ շփումից պարոն Մարգարյանը եզրակացնում է, որ նոր ուժը ձեւավորվում է: Նրանց անունները, սակայն, պարզ կդառնան Մտավորականների՝ առաջիկայում կայանալիք ֆորումի ժամանակ: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել