Լրահոս
Օրվա լրահոսը

Հավասարակշռվածները

Հունվար 29,2005 00:00

Հավասարակշռվածները
Մինչ ԵԽ եվրոպացի պատգամավորները Աթկինսոնի «ղարաբաղյան» զեկույցն
ու դրա հիման վրա ընդունված բանաձեւը որակում են իբրեւ հավասարակշռված, մինչ չթաքցված
հրճվանքով այն հավասարակշռված են համարում ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակները ու մինչ,
որքան էլ տարօրինակ է, բանաձեւը հավասարակշռված են թոթովում նաեւ ՀՀ որոշ պատվիրակներ,
Հայաստանում եւ Ադրբեջանում տարօրինակ բաներ են կատարվում: Բանն այն է, որ այդ «տոտալ»
հավասարակշռվածությունը, չգիտես ինչու, միանգամայն անհավասար արձագանքներ է հարուցել
հակամարտության հակադիր կողմերում: Բանաձեւի՝ ՀՀ-ում եւ Ղարաբաղում հարուցած տրամադրություններին
արդեն անդրադարձել ենք. կրկնվել, թերեւս, չարժե: Ընդգծենք միայն, որ չնայած հավասարակշռվածությանը,
դրանցում գերակշռում է անբավարարվածության, ափսոսանքի ու չսքողված ցավի զգացումը:
Եվ ահա, որքան էլ որ անհասկանալի է, այդ նույն հավասարակշռվածությունը, ի տարբերություն
Հայաստանի, Ադրբեջանում աննախադեպ ցնծության տեղիք է տվել: Հետեւենք Ադրբեջանի առաջատար
քաղաքագետների եւ քաղգործիչների գնահատականներին: Վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլու-
«Սա Ադրբեջանի համար դիվանագիտական մեծ հաղթանակ էր: Էականն այն է, որ Հայաստանին
այլ պետության տարածքների օկուպացման մեջ մեղադրեց եւ ագրեսոր ճանաչեց ոչ թե Իսլամական
Կոնֆերանսը, ելնելով մուսուլմանական համերաշխությունից, այլ քրիստոնեական երկրներից
բաղկացած ԵԽԽՎ-ն»: Պատգամավոր Այդին Միրզազադե- «Հակամարտության սկսվելուց
ի վեր առաջին անգամ միջազգային-իրավական փաստաթղթում Հայաստանը միարժեքորեն անվանված
է ագրեսոր երկիր, իսկ Ղարաբաղի ռեժիմը՝ անջատողական: Նույնքան միարժեք կերպով խոսվում
է ադրբեջանական տարածքների օկուպացիայի փաստի մասին: Սա խոսում է այն մասին, որ Եվրոպան
սկսել է ավելի մեծ շահագրգռություն հանդես բերել հակամարտության արդար կարգավորման
հարցում»: Պատգամավոր Մուբարիզ Ղուրբանլի- «ԵԽԽՎ զեկուցող Աթկինսոնի հաշվետվության
մեջ Ադրբեջանում առկա իրողությունների արտացոլումը ուժազուրկ արեց կեղծիքի վրա հիմնված
հայկական ագիտացիան: Եվրոպական արժեքներ դավանող եվրապատգամավորները պաշտպանեցին
Ադրբեջանի արդար դիրքորոշումը»: Քաղաքագետ Ասիմ Մոլլազադե- «Քաղաքական առումով
այնպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպության կարծիքը, ինչպիսին է Եվրախորհուրդը,
հետագայում վճռորոշ կարող է դառնալ այնպիսի կազմակերպությունների գործողությունների
համար, որոնք հակամարտության լուծման համար կողմերի վրա ներազդելու ավելի գործուն
լծակներ ունեն»: Ահա այսպիսի հետաքրքրաշարժ հավասարակշռվածություն: Նշենք,
իհարկե, որ երկուստեք եղել են նաեւ համարժեք գնահատականներ: Օրինակ՝ երկու կողմում
էլ ասում են, որ բանաձեւը իրավական հետեւանքներ չի կարող ունենալ: Միայն թե Բաքվում
այդ ասում են ափսոսանքով, իսկ Երեւանում՝ դառնաժպիտ ուրախությամբ: ՏԻԳՐԱՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել