Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ

Փետրվար 01,2005 00:00

«ՍԱ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ» Այսպես է բնութագրում ԵԽԽՎ բանաձեւը Ազատական-առաջադիմական կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: – Ձեր կարծիքով, ԵԽԽՎ վերջին բանաձեւը մոտեցրե՞ց, թե՞ հեռացրեց պատերազմի վտանգը։ – Կարծում եմ՝ միջազգային հանրությունը թույլ չի տա պատերազմական գործողությունների վերսկսում, բայց խնդիրը միայն պատերազմի վերսկսումը չէ: Խնդիրն այն է, որ մենք արդեն տանուլ ենք տվել մեր երեխաների ու թոռների վաղվա ապրելու օրը: Հայաստանը չի կարող 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա տնտեսական հաջողությունների հասնել, սուտ է դա, խաբում են: Հայաստանը չի կարող Վ. Օսկանյանի ասելով՝ 100 տարի առանց ուրիշների ապրել: Էդ ինքը կարող է ԱՄՆ-ում ապրել, մենք էստեղ՝ չենք կարող: Մեր սերունդն այսօր դատապարտել է մեր երեխաներին ու թոռներին վաղվա աղքատությանը: Եվ այսօր ավելի վտանգավոր են այն մարդիկ, ովքեր պասիվ են, վախենում են գնալ քայլերի, քան նրանք, ովքեր փորձում են իրենց իշխանությունը պահել: – Ի՞նչն եք առավել վտանգավոր համարում բանաձեւում եւ Աթկինսոնի զեկույցում։ – Ցավով պետք է ասեմ, բայց ԼՂՀ հակամարտության առաջին իսկ օրվանից մինչ օրս որեւէ միջազգային կառույց կամ երկիր նման վտանգավոր բանաձեւ դեռ չէր ընդունել կոնֆլիկտի կարգավորման համար: Դեռ 1993 թվականին, պատերազմի տարիներին ՄԱԿ-ի ընդունած բանաձեւերն անգամ ավելի մեղմ էին եւ չէին արտահայտում այն վտանգավոր սկզբունքները, որ կան այս բանաձեւում: Մասնավորապես՝ ԵԽԽՎ-ն բանաձեւ ընդունեց էթնիկական զտումների մասին: Դրանից ավելի վտանգավոր բան, ես կարծում եմ, չէր կարող լինել: Փաստորեն, Հայաստանն ամենալուրջ ձեւով մեղադրվեց՝ իբր մենք ագրեսորներ ենք եւ գրավել ենք հարեւան՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկրի տարածքները: Այս բանաձեւում հստակ ֆիքսվեց նաեւ, որ «անջատողական խմբերը վերահսկում են ԼՂՀ տարածքը» (մեջբերում եմ փաստաթղթից): Այս երեք գաղափարների տակ շատ նրբություններ են նստած՝ էթնիկական զտումների հետեւանքները մենք տեսել ենք Հարավսլավիայի օրինակով, անջատողական ուժերի եւ վերահսկելի տարածքների հետեւանքներն էլ ենք տեսել, եթե ասում են, որ այս երկիրն ագրեսոր է՝ դրա հետեւանքներն էլ ենք տեսել: Ավելի վատ բան մեզ համար այդ բանաձեւում չէր կարող լինել: Եվ որ ասում են, թե մենք ինչ-որ բանով շահել ենք ու օրինակ են բերում այն, որ ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին՝ ԼՂՀ-ի հետ բանակցությունների նստել, ես կարծում եմ, որ այդ մարդիկ բանակցության տրամաբանությունը պարզապես չեն հասկանում: Այն փաստը, որ մեր պատվիրակությանը հաջողվել է փոխել, որ Հայաստանը պետք է իր ողջ հնարավորություններն ու ազդեցությունը Ղարաբաղի վրա օգտագործի՝ խնդրի կարգավորման համար, ես կարծում եմ, որ պատվիրակությունը պետք է ջանքեր չգործադրեր, որովհետեւ 2001 թվականի Հայաստանի պարտավորությունների մեջ այդ կետը հստակ գրված է: ԵԽԽՎ այս բանաձեւը շատ անհանգստացնող է մեր երկրի ապագայի, հեռանկարների առումով: Որովհետեւ սա մի փաստաթուղթ է, որն առաջիկայում Ղարաբաղի խնդրի լուծման համար առաջարկվող բոլոր տարբերակների հիմքում է դրվելու: – Այսինքն՝ ի՞նչ է սպասվում Հայաստանին մոտ ապագայում: – Եթե միջազգային հանրությունը չթուլացնի ճնշման այս տեմպերը՝ պատահական չէին Էլիզաբեթ Ջոնսի հայտարարությունը, այս բանաձեւի ընդունումը, ՄԱԿ-ի որոշումը՝ ԵԱՀԿ դիտորդական խումբ ուղարկել, որն այժմ աշխատում է, ապա մեզ օդի եւ ջրի պես իշխանափոխություն է պետք: ԼՂՀ-ն տանուլ չտալու միակ շանսն է դա այսօր: «Թայմ աուտը» որը կառաջանա այդ ընթացքում, պետք է օգտագործել այս վիճակից դուրս գալու համար: Այս ճնշումներին իշխանությունը կարող է դիմակայել, եթե ազգը համախմբվի: Իսկ այս իշխանության շուրջ չեն համախմբվի: Դա մեզ անհրաժեշտ է ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ Հայաստանը տանուլ չտալու համար: Ես մեծ անհանգստություն ունեմ եւ կարծում եմ բոլորը պետք է ունենան՝ կեցվածք ընդունել եւ նորից հասարակությանը գցել մոլորության մեջ, անթույլատրելի եւ վտանգավոր է: Սա արդեն 10-20 մարդու խնդիր չէ, ազգային խնդիր է: Ընդդիմությունը բնավ էլ չի չարախնդում: Ի վերջո՝ ժողովուրդն է այս խնդրի տակից դուրս գալու: Մի խումբ մարդիկ վաղը-մյուս օրը կգնան, ճնշումն ընկնելու է ժողովրդի ուսերին: Ինձ անհանգստացնում է, որ իշխանությունը եւ նրանց մոտ կանգնած տաշտաքերներն առանց ամաչելու ասում են՝ հաղթանակ տարանք: Այդ որոշումները դեռ երկար են մնալու միջազգային կառույցներում, ու դրանց տակից պետք է դուրս գանք: Սա պարտություն էր բառիս բուն իմաստով եւ՝ բոլորիս պարտությունն էր: – Իսկ ո՞ւմ շուրջ եք առաջարկում համախմբվել: – Գոնե 4-5 մարդու տեսնում եմ, բայց չարժե հարցին այդ տեսանկյունից մոտենալ: Ես անուններ չեմ տա, բայց կան մարդիկ, որոնք համախմբվելով՝ կհամախմբեն հանրությանը: Կան մարդիկ, ովքեր շատ ավելի լավ եւ նպաստավոր կարող են աշխատել: Ճիշտ քայլ անելու՝ ԼՂՀ հարցը փակուղի մտցրած այս իշխանության հեռանալու դեպքում երկիրը կարող է էական կորուստներից փրկվել: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել