Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՆՏԱԺՈՒՄ

Փետրվար 01,2005 00:00

ՄՈՆՏԱԺՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ՀՐԱՀԱՆԳՈ՞Վ ՀԺԿ նախագահ, «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը հրավիրվել էր «Արմ-նյուզի» եթեր՝ մասնակցելու «ՏԵՄՊՈՒՍ» հաղորդմանը: Հաղորդումը տեսագրված էր եւ եթեր հեռարձակվեց կիրակի՝ հունվարի 30-ին: Սակայն, ինչպես մեզ փոխանցեց ՀԺԿ լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանը, հաղորդումը բավականին «կողմնակալ մոնտաժի է ենթարկվել» եւ Ստեփան Դեմիրճյանի խոսքը ներկայացվել է կրճատումներով: Ռուզան Խաչատրյանի ներկայացմամբ. «Հաղորդման հեղինակները վստահեցրել էին, որ հաղորդումը չի մոնտաժվելու եւ չի կրճատվելու: Սակայն եթերում դիտելով հաղորդումը՝ մենք զարմացանք, որովհետեւ այն մոնտաժված էր: Հատկապես մոնտաժված էին այն հատվածները, որտեղ Ստեփան Դեմիրճյանը խոսում էր Ղարաբաղի հիմնահարցի մասին, ԵԽԽՎ՝ օրերս ընդունած բանաձեւի մասին, որը գնահատել էր որպես վարվող քաղաքականության արդյունք եւ արտաքին քաղաքականության տապալում»: Ռ. Խաչատրյանը մոնտաժման համար պարզաբանումներ ստանալու համար դիմել է հաղորդման հեղինակ եւ վարող Մենուա Հարությունյանին. «Նա ներողություն խնդրեց, ասաց, որ ինքը տեղյակ չի եղել, որ հաղորդումը մոնտաժվել է առանց իր իմացության, եւ իրեն ընդամենը հաղորդումից 10 րոպե առաջ են ասել, որ զանգահարել եւ պահանջել են հաղորդումը մոնտաժել: Իմ հարցին, թե որտեղի՞ց են զանգահարել, նա ասաց, որ մանրամասներն առայժմ չգիտի, բայց նաեւ ասաց, որ վիրավորված է, քանի որ ինքը մինչ հաղորդումը պատրաստելը համաձայնեցրել է ինչպես Ալիկ Հարությունյանի, այնպես էլ նախագահականի հետ: Իմ հարցին, թե նախագահականում ո՞ւմ հետ է համաձայնություն եղել, ասաց՝ Արմեն Գեւորգյանի: Այնուհետեւ հետաքրքրվեցի, թե արդյոք մշտապե՞ս է այդպիսի համաձայնություն ձեռք բերվում, պատասխանեց, որ ընդհանուր առմամբ՝ ոչ, բայց հանրապետությունում կան երկու-երեք գործիչ, որոնց մասնակցությունը հաղորդմանը պետք է համաձայնեցվի: Այս ամենից կարող ենք անել երկու եզրակացություն: Առաջինը՝ հեռուստաընկերությունները շարունակում են վերահսկվել: Եվ երկրորդ՝ Ս. Դեմիրճյանից նախագահականում դեռ շարունակում են վախենալ»: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել