Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավապաշտպան»

Փետրվար 01,2005 00:00

«Իրավապաշտպան» դատախազներ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակը, USAID-ի ֆինանսավորմամբ, հունվարի 28-30-ը Ծաղկաձորում կազմակերպել էր քննարկում՝ նվիրված սահմանադրական բարեփոխումների շրջանառվող երեք փաթեթներին: Քննարկմանը մասնակցում էին դատավորներ, դատախազներ եւ փաստաբաններ: Օրակարգում էին դատական իշխանության հարցերը: Ամերիկյան իրավաբանների ընկերակցության տնօրեն Քերին Քենդրիքը նկատեց, որ համատեղ քննարկումների ընթացքում դատավորները, փաստաբանները եւ դատախազները ցույց տվեցին իրենց «խոր ըմբռնումները»: Մասնակիցները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում ԱԺ-ին առաջարկում են ընդլայնել Արդարադատության խորհրդի կազմը, ներկայացուցչականությունն ու լիազորությունների շրջանակը եւ վերանայել դատախազության լիազորությունները: Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Արայիկ Կուբանյանը դատավորների անունից առաջարկում էր փոխել Արդարադատության խորհրդի (ԱԽ) կազմը: Նա գտնում էր, որ ԱԽ նախագահը չպետք է լինի հանրապետության նախագահը, այլ վճռաբեկ դատարանի նախագահը: Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Գագիկ Սաֆարյանն էլ ասաց, որ սահմանադրության փաթեթներում առաջին անգամ տեղ է գտել «ժողովրդավարական օրինականություն» արտահայտությունը, որի շրջանակներում էլ գործելու են իրենք՝ իրականացնելով իրավապաշտպան գործունեություն: «Առավոտի» այն դիտարկմանը, թե ինչպե՞ս կարող է մեղադրանք առաջադրող մարմինը իրականացնել իրավապաշտպան գործունեություն, նա պատասխանեց. «Որպեսզի բացառվեն կամայականությունները, դատախազությունը պետք է հսկողություն իրականացնի նախաքննության եւ հետաքննության վրա, պաշտպանելով քաղաքացիների իրավունքները»: Հայաստանի փաստաբանների միության անդամ Հայկ Ալումյանը նկատեց, որ սահմանադրության փաթեթներում կան մարդու ազատությունների սահմանափակումներ: Նա ուշադրություն հրավիրեց առաջարկվող 103 հոդվածին, որտեղ սահմանված է, որ դատախազությունը դատական իշխանություն է: Քննարկումների ժամանակ առանձին խոսակցության նյութ էր դարձել Սահմանադրական դատարանի լիազորությունների ընդլայնման, մասնավորապես՝ դիմող սուբյեկտների ավելացման հարցը: Ըստ փաստաբան Հ. Ալումյանի, մենք ունենք այսպիսի իրավիճակ, երբ քաղաքացին իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարան, իսկ ՍԴ-ն իրավունք չունի լսել նրա բողոքը, քանի որ քաղաքացին դիմող սուբյեկտ չէ: Իրավաբանների մի մասը գտնում էր, որ Սահմանադրական դատարանը կհեղեղվի քաղաքացիների դիմումներով: Սակայն Գերմանիայի Դաշնային վարչական դատարանի դատավոր, պրոֆեսոր, դոկտոր Ռ. Ռուբելի եւ Հեսսենի արդարադատության նախարարության ներկայացուցիչ դոկտոր Շուլթցեի դիտարկմամբ, «անվերապահորեն ողջունելի է քաղաքացիներին սահմանադրական գանգատի իրավունք տալը: Սահմանադրական իրավունքի անխտիր պաշտպանության նպատակով պետք է թույլ տրվի սահմանադրական գանգատ՝ անմիջականորեն օրենքների դեմ, եթե հենց օրենքն է խախտում քաղաքացու հիմնական իրավունքները»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել