Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց

Փետրվար 01,2005 00:00

Հայոց բանակի վաղվա զինվորները խրախուսվում են այսօր Երեկ Արաբկիր համայնքի թաղապետ Լեւոն Հարությունյանը հանդես եկավ հերթական բարեգործությամբ: Հայոց բանակի օրվա կապակցությամբ, հունվարի 28-ին լույս աշխարհ եկած համայնքի երեք տղա նորածիններին թաղապետը 100 հազարական դրամ նվիրեց: Լ. Հարությունյանն իր այս նախաձեռնությունն այսպես պատճառաբանեց. «Ազգի համար զինվոր է ծնվել»: Իսկ հետո հպարտությամբ ավելացրեց. «Սրանից ուղիղ 13 տարի առաջ՝ 1992 թվականի հունվարի 28-ին, դրվեց հայոց բանակի հիմնաքարը: Եվ չնայած երկրում տիրող տնտեսական դժվարություններին, մեր ժողովուրդը կերտեց մարտունակ բանակ: Իմ կարծիքով, պետք է այսօրվանից խրախուսել մեր ապագա զինվորներին»: Հայոց բանակի վաղվա զինվորներին խրախուսելուց բացի, համայնքապետի բարեգործությունը ծնելիությունը խթանելու նպատակ էլ ուներ: Նորածիններից մեկը՝ Էդուարդ Խաչատրյանը ծնվել է Պերինտոլոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի ծննդատանը (նախկին Հանրապետական ծննդատուն), մյուս երկուսը՝ Արթուր Պողոսյանը եւ Արթուր Ավագյանը՝ երկրորդ կլինիկական ծննդատանը: Բոլոր երեք մանուկներին էլ թաղապետն անձամբ այցելեց եւ պարգեւները հանձնեց հենց ծննդատանը: Լ. Հարությունյանն իր բարեմաղթանքները հղեց փոքրիկ արաբկիրցիներին եւ ողջունեց նրանց մուտքը մարդկանց մոլորակ. «Թող բարի լինի ձեր մուտքը, թող այս մոլորակը ձեզ դիմավորի հավերժ բարությամբ ու հաջողությամբ: Ծնվել եք մեր այնքան երազած հայկական բանակի ստեղծման օրը, ուրեմն եղեք ձեր հայրենիքի իսկական զինվորներ եւ միշտ զգացեք հպարտությունը հայ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին լինելու: Մուտքդ բարի, կամքդ հաստատ, ճանապարհդ երկար ու երջանիկ»: Թաղապետի նախաձեռնությունից անակնկալի եկած մանուկների ծնողներն էլ իրենց հերթին խոստացան հայրենիքին արժանի զավակներ մեծացնել ու դաստիարակել: Փոքրիկ Էդուարդի ծնողները չբացառեցին, որ իրենց զավակը զինվորական դառնա: Նրանց խոսքերով, թաղապետի նվիրաբերած գումարն ինչ-որ չափով կթեթեւացնի իրենց հոգսը եւ հավաստիացրին, որ այն ամբողջությամբ կծախսեն երեխայի բարեկեցության համար: Յուրա եւ Ռուզաննա Պողոսյան ամուսիններն էլ թաղապետի բարեգործությունից ոգեշնչված՝ խոստացան համայնքին նաեւ աղջիկ պարգեւել: Փոքրիկ Արթուրը Լիրա եւ Էռնեստ Ավագյան զույգի երկրորդ զավակն է: Ամուսինները փախստականներ են Բաքվից եւ այսօր բնակվում են հանրակացարանում: Չնայած սոցիալական ծանր վիճակին, ամուսինները խիզախել էին երկրորդ երեխան ունենալ: Լիրա Ավագյանի պատմելով, իրենք վերջերս են տեղափոխվել Արաբկիր համայնք եւ արդեն իսկ շոշափելի է համայնքապետի հոգատարությունը: Լեւոն Հարությունյանի կարծիքով, նմանօրինակ ակցիաները պետք է ավանդույթ դարձնել: Թաղապետը վստահեցրեց, որ համայնքի աղջիկներին եւս անակնկալ է սպասվում: Ի դեպ, Արաբկիրի թաղապետարանը հաճախակի նմանատիպ հաճելի անակնկալներով հանդես գալուց բացի՝ չի մոռանում համայնքի բնակիչների առօրյա խնդիրները: Ժամանակին արձագանքում է բնակիչների առաջ քաշած հարցերին, կազմակերպում բակային գեղեցիկ միջոցառումներ եւ այլն: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28