Լրահոս
Օրվա լրահոսը

Լրջանալու պահը-2

Փետրվար 02,2005 00:00

Լրջանալու
պահը-2 Մինչ ազգիս քաղաքական մտքի տիտանները գերինտելեկտուալ
վեճեր են ծավալել այն խնդրի շուրջ, թե որքանով է վնասակար կամ օգտակար Եվրախորհրդի
ընդունած ղարաբաղյան բանաձեւը, մինչ միջազգային իրավունքի այդ բազմահմուտ րաբունապետերը
չափում-կշռում են բանաձեւի հավանական հետեւանքներն ու վատ պրոֆիլակտիկ աշխատանքի
մեղադրանքով հեռակա չանգռտում միմյանց, ղարաբաղյան գործընթացի ընդերքում հասունանում
է մի նոր՝ առավել վտանգավոր զեկույց: Միանգամայն ճիշտ կռահեցիք. խոսքն այն փաստաթղթի
մասին է, որը, այսպես կոչված, «գրավյալ տարածքների» դիտարկման արդյունքներով պատրաստելու
են ԵԱՀԿ հովանու ներքո տարածաշրջան ժամանած փորձագետները: Եկեք ինքներս մեր
առջեւ անկեղծ լինենք ու առանց ավելորդ ձեւականությունների խոստովանենք՝ ի՞նչ են դիտարկելու
եւ իրենց նոթատետրերում ի՞նչ են գրառելու ակնհայտորեն հատուկ հանձնարարականով հակամարտության
գոտի եկած այդ մարդիկ: Իրավացի եք: Նրանք «գործնականում» տեսնելու են այն, ինչի մասին
Աթկինսոնը խոսել էր «տեսականորեն»: Եվ առնվազն միամիտ պետք է լինել՝ հուսալու համար,
թե այս նոր հաշվետվությունը մեզ համար շահեկանորեն տարբերվելու է ԵԽ ընդունած տխրահռչակ
բանաձեւից: Ընդհակառակը՝ այս դիտարկման արդյունքներով մեկընդմիշտ վերջակետ է դրվելու
Հայաստանում ծավալվող այն անմիտ վեճերին, թե «ուշադիր զննելու դեպքում ԵԽ բանաձեւում
կարելի է եւ մեզ համար օգտակար դրույթներ տեսնել»: Այլ խոսքով, ԵԱՀԿ դիտարկման խումբը,
իրենց իսկ տերմիններով ասած, «տեխնիկական» հենք է ապահովելու Աթկինսոնի հեղինակած
քաղաքական «շեդեւրի» (այս արտահայտությունը եւս եվրոպացիներինն է) համար: Փոքր-ինչ
տրամաբանենք: ԵԱՀԿ փորձագետները քաղաքավարի հրաժարվել են դիտարկել Շահումյանի եւ
Գետաշենի շրջանները, ինչի համար նրանք մի քանի ծանրակշիռ (իրենց տեսակետից) պատճառներ
ունեն: Թվարկենք դրանցից մի քանիսը. նախ՝ վերջիններս ժամանել են միայն Ղարաբաղը հարող
7 շրջաններն ուսումնասիրելու հստակ հանձնարարությամբ, իսկ Շահումյանն ու Գետաշենն
այդ շրջանների թվին չեն պատկանում: Երկրորդ. եթե անգամ նրանք դիտարկեին նաեւ վերը
նշված բնակավայրերը, ապա ոչ մի կերպ չէին կարող (կամ չէին ցանկանա) ընկալել, թե ինչպես
կարող է Ադրբեջանն օկուպացնել իր իսկ տարածքները: Իսկ ինչ վերաբերում է «փախստական»
հասկացությանը, ապա, ինչպես հայտնի է, Եվրոպայում դրան բոլորովին այլ համատեքստում
են վերաբերվում: Վերջապես, դիտարկելով խնդրո առարկա 7 շրջանները, դրանցից առնվազն
երկուսում (Քելբաջարում եւ Լաչինում) փորձագետները կհայտնաբերեն հայերով բնակեցված
գյուղեր, եւ շատ դժվար, եթե ոչ՝ անհնար կլինի նրանց համոզել, թե դրանցում բացառապես
Ադրբեջանի այլ շրջաններից տեղահանված հայեր են ապրում: Իսկ ամենամտահոգիչն
այն է, որ ԵԱՀԿ փորձագետների միանգամայն կանխատեսելի զեկույցից հետո մեր «բիսմարկներն»
այլեւս չեն կարող ասել, թե ԵԽ-ն իրավասու կառույց չէ, քանի որ ԼՂ հակամարտությամբ,
իբր, զբաղվում է միայն դրանում «մասնագիտացած» ԵԱՀԿ-ն: Թերեւս «մի քիչ» լրջանալու
պահն է: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել