Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն գրոհում է դպրոցը

Փետրվար 02,2005 00:00

Անցյալ
շաբաթ Շենգավիթի թիվ 66 դպրոցում տեղի են ունեցել տնօրենի ընտրություններ: Ըստ մեր
տեղեկությունների, դպրոցի կոլեկտիվը դժգոհ է ընտրությունների արդյունքներից, իսկ
դպրոցական խորհուրդը, որ ընտրում է տնօրենին, ըստ նրանց, մասամբ ծախված է եղել:
Դպրոցի կոլեկտիվը նախապես պաշտպանել է փոխտնօրենի թեկնածությունը, սակայն
վերջինս բավարար չափով ձայն չի հավաքել՝ խորհրդի կազմում ընդգրկված 1 ծնողի եւ 1
ուսուցչի պատճառով: Տնօրենի պաշտոնում ընտրվել է Կարինե Բաբայանը, որ նախկինում եղել
է թիվ 69 դպրոցի՝ կազմակերպչական գծով փոխտնօրենը: Ըստ դպրոցին մոտ կանգնած աղբյուրների,
նա վայելում է ՀՀԿ-ի հովանավորությունը: Նշենք, որ Կ. Բաբայանը հավաքել է 4 ձայն,
որից 3-ը թաղապետարանի ներկայացուցիչներն են տվել (իսկ Շենգավիթի թաղապետը հանրապետական
Մարտին Սարգսյանն է), իսկ մեկը՝ խորհրդի անդամ մի ծնող: Ի դեպ, շատ քիչ ձայն է հավաքել
նաեւ ՕԵԿ-ական մի թեկնածու՝ այն էլ դպրոցի ուսուցիչներից մեկի շնորհիվ: Քաղաքապետարանի
կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի մեկնաբանությամբ, դպրոցի կոլեկտիվը պարզապես
անակնկալի է եկել, որ դպրոցի ուսուցիչն ու ծնողը իբր դավաճանել են եւ չեն պաշտպանել
իրենց փոխտնօրենի թեկնածությունը՝ կասկածելիորեն նախընտրելով օտար փոխտնօրենի: «Փառք
Աստծո, որ քաղաքապետարանն այդտեղ առնչություն չունի, բայց նախարարության փորձագետի
կարծիքով էլ, ընտրվածն ամենապատրաստվածն է եղել, կարգի որեւէ խախտում տեղի չի ունեցել»,-
ասում է Օ. Վաթյանը: Վարչության պետն իր վրդովմունքն արտահայտեց այն փաստի առնչությամբ,
որ մարդիկ խնդրին քաղաքական ենթատեքստ են տալիս: Ընտրությունների օրը, մինչեւ
ուշ երեկո, կոլեկտիվը դպրոցից տուն չէր գնում: Մեր տեղեկություններով, նրանք խորհրդակցում
էին իրավաբանի հետ՝ հետագա հնարավոր քայլերի համար: Երեկ մենք փորձեցինք պարզել,
թե որոնք են լինելու կոլեկտիվի հետագա քայլերը: Դպրոցից մեզ ասացին, որ դեռեւս նոր
տնօրենի հրամանը չի եղել, դպրոցում նորմալ դասապրոցես է եւ կոլեկտիվն էլ նոր տնօրենի
դեմ ոչինչ չունի: «Ճիշտ է, մենք կարծում ենք, որ ընտրություններն արդար չեն անցել,
սակայն նոր տնօրենին չենք ճանաչում եւ նրա դեմ ոչինչ չունենք»,- ասաց մի ուսուցչուհի,
որ չուզեց ներկայանալ: Ուսուցիչների պահվածքը թերեւս մեր օրերի համար բնական
է. միեւնույն է, արդարությունը վերահաստատել չեն կարող, իսկ արդյունքում անհնազանդները
կարող են «օպտիմալացվել»: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել