Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ՝ ACID-ՋԱԶՈՒՄ

Փետրվար 02,2005 00:00

Վերջերս
երեւանյան ակումբներից մեկում ներկայացվեցին երիտասարդ ջազմեն Սերգեյ Մկրտչյանի (բեմական
անունը՝ Սերժ Գաբիեն) ստեղծագործությունները: Միջոցառումը կազմակերպել էր
«Արթ-իմիջ» ընկերությունը, որի հետ Սերգեյը առաջիկայում եւս կհամագործակցի: «Իմ
ներկայացրած երաժշտական ուղղությունը՝ acid-ջազը, այնքան նոր է, որ շատերը Հայաստանում
չգիտեն: Այն Եվրոպայում զարգացել է վերջին 10 տարիներին: Acid-ջազը երիտասարդական
մոտեցումներ է ենթադրում, ավելի հետաքրքիր է, պարային, փոփին մոտիկ»,- պարզաբանեց
Ս. Մկրտչյանը: Ի դեպ, նա փոքրիկ հետազոտություն է անցկացրել՝ պարբերաբար հաճախելով
երեւանյան ակումբներ. պարզել է, որ թեեւ հայ երիտասարդներից շատերը տեղյակ չեն՝ ինչ
ասել է acid-ջազ, սակայն հաճույքով են ունկնդրում: Երիտասարդներին գրավում են այս
ուղղության մեղեդայնությունն ու աշխույժ ռիթմերը: «Ես ունեմ եւ պարային, եւ վոկալ
պրոյեկտներ: Առաջինը կներկայացվի գարնանը՝ տեղական դիսկոտեկներում ու ակումբներում,
իսկ վոկալ պրոյեկտներս ավելի շատ ունկնդրելու համար են: Դրանք հիմնված են զուտ ջազային
երաժշտության վրա՝ ժամանակակից ռիթմերով»,- շարունակեց տեղեկացնել ջազմենը: Նա
հավաստիացրեց, որ իր բոլոր ջազային ստեղծագործություններում առկա են հայկական երաժշտության
ելեւէջներ: Ըստ մեր զրուցակցի, դրանք նույնիսկ պարտադիր են գոնե համաշխարհային ջազում
առանձնանալու համար: «Աշխարհում երիտասարդությունը ջազի հիմնական լսարանն է: Այն
լսում են մեքենայում, ակումբներում, ռադիոյով, TV-ներով: Ցավոք, ադաթ կոչվածի պատճառով
Հայաստանում ոմանք ստիպված են լսել ոչ թե գունավոր երաժշտություն, այլ, ասենք՝ ռաբիս:
Չնայած ռաբիսն էլ ունի հզոր աշխատանքներ: Մեզ մոտ վերջին տարիներին սկսել են իբր
նորովի մատուցել Սայաթ-Նովա, Կոմիտաս, ինչը չես ասի, օրինակ, Թաթայի պարագայում:
Նրան ավելի շատ կարելի է ուրբան-շլյագեր համարել, ոչ թե ռաբիս»,- համոզված է երիտասարդ
երաժիշտը: Նա առաջիկայում պատրաստվում է իր «արտադրանքը» վաճառել արտերկրում,
որովհետեւ կարծում է, որ Հայաստանում համապատասխան շուկա դեռ չի ձեւավորվել: Բացի
այդ, նրա խոսքերով. «Այստեղ արվեստով կարող են զբաղվել միայն նրանք, ովքեր ազատված
են կենցաղային խնդիրներից: Հակառակ դեպքում կստացվի, որ դու քո գրպանից փող ես դնում
CD թողարկելու համար եւ արդյունքում մեծ հաշվով տուժում ես»: Սերգեյ Մկրտչյանի
ջազ-բենդում էթնիկ հարվածային գործիքները եւ շրթհարմոնը համադրված են համակարգչային
տեխնոլոգիաների հետ: Արդյունքում՝ երաժշտությունը հետաքրքիր շեշտադրումներ է ստանում՝
հնի ու նորի միախառնումով: Սերգեյը հայտարարեց, որ ինքնատիպ ջազային երաժշտություն
կարող է ծնվել թեկուզ «Օրբիտի» գովազդից, որեւէ գունագեղ մուլտֆիլմ դիտելիս, համեղ
կերակրատեսակ ճաշակելիս, իսկ ընդհանրապես անսահման ներշնչման աղբյուր են աղջիկները:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել