Լրահոս
Օրվա լրահոսը

Լրջանալու

Փետրվար 02,2005 00:00

Լրջանալու պահը-2 Մինչ ազգիս քաղաքական մտքի տիտանները գերինտելեկտուալ վեճեր են ծավալել այն խնդրի շուրջ, թե որքանով է վնասակար կամ օգտակար Եվրախորհրդի ընդունած ղարաբաղյան բանաձեւը, մինչ միջազգային իրավունքի այդ բազմահմուտ րաբունապետերը չափում-կշռում են բանաձեւի հավանական հետեւանքներն ու վատ պրոֆիլակտիկ աշխատանքի մեղադրանքով հեռակա չանգռտում միմյանց, ղարաբաղյան գործընթացի ընդերքում հասունանում է մի նոր՝ առավել վտանգավոր զեկույց: Միանգամայն ճիշտ կռահեցիք. խոսքն այն փաստաթղթի մասին է, որը, այսպես կոչված, «գրավյալ տարածքների» դիտարկման արդյունքներով պատրաստելու են ԵԱՀԿ հովանու ներքո տարածաշրջան ժամանած փորձագետները: Եկեք ինքներս մեր առջեւ անկեղծ լինենք ու առանց ավելորդ ձեւականությունների խոստովանենք՝ ի՞նչ են դիտարկելու եւ իրենց նոթատետրերում ի՞նչ են գրառելու ակնհայտորեն հատուկ հանձնարարականով հակամարտության գոտի եկած այդ մարդիկ: Իրավացի եք: Նրանք «գործնականում» տեսնելու են այն, ինչի մասին Աթկինսոնը խոսել էր «տեսականորեն»: Եվ առնվազն միամիտ պետք է լինել՝ հուսալու համար, թե այս նոր հաշվետվությունը մեզ համար շահեկանորեն տարբերվելու է ԵԽ ընդունած տխրահռչակ բանաձեւից: Ընդհակառակը՝ այս դիտարկման արդյունքներով մեկընդմիշտ վերջակետ է դրվելու Հայաստանում ծավալվող այն անմիտ վեճերին, թե «ուշադիր զննելու դեպքում ԵԽ բանաձեւում կարելի է եւ մեզ համար օգտակար դրույթներ տեսնել»: Այլ խոսքով, ԵԱՀԿ դիտարկման խումբը, իրենց իսկ տերմիններով ասած, «տեխնիկական» հենք է ապահովելու Աթկինսոնի հեղինակած քաղաքական «շեդեւրի» (այս արտահայտությունը եւս եվրոպացիներինն է) համար: Փոքր-ինչ տրամաբանենք: ԵԱՀԿ փորձագետները քաղաքավարի հրաժարվել են դիտարկել Շահումյանի եւ Գետաշենի շրջանները, ինչի համար նրանք մի քանի ծանրակշիռ (իրենց տեսակետից) պատճառներ ունեն: Թվարկենք դրանցից մի քանիսը. նախ՝ վերջիններս ժամանել են միայն Ղարաբաղը հարող 7 շրջաններն ուսումնասիրելու հստակ հանձնարարությամբ, իսկ Շահումյանն ու Գետաշենն այդ շրջանների թվին չեն պատկանում: Երկրորդ. եթե անգամ նրանք դիտարկեին նաեւ վերը նշված բնակավայրերը, ապա ոչ մի կերպ չէին կարող (կամ չէին ցանկանա) ընկալել, թե ինչպես կարող է Ադրբեջանն օկուպացնել իր իսկ տարածքները: Իսկ ինչ վերաբերում է «փախստական» հասկացությանը, ապա, ինչպես հայտնի է, Եվրոպայում դրան բոլորովին այլ համատեքստում են վերաբերվում: Վերջապես, դիտարկելով խնդրո առարկա 7 շրջանները, դրանցից առնվազն երկուսում (Քելբաջարում եւ Լաչինում) փորձագետները կհայտնաբերեն հայերով բնակեցված գյուղեր, եւ շատ դժվար, եթե ոչ՝ անհնար կլինի նրանց համոզել, թե դրանցում բացառապես Ադրբեջանի այլ շրջաններից տեղահանված հայեր են ապրում: Իսկ ամենամտահոգիչն այն է, որ ԵԱՀԿ փորձագետների միանգամայն կանխատեսելի զեկույցից հետո մեր «բիսմարկներն» այլեւս չեն կարող ասել, թե ԵԽ-ն իրավասու կառույց չէ, քանի որ ԼՂ հակամարտությամբ, իբր, զբաղվում է միայն դրանում «մասնագիտացած» ԵԱՀԿ-ն: Թերեւս «մի քիչ» լրջանալու պահն է: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել