Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲՅԵԿՏ

Փետրվար 02,2005 00:00

ՕԲՅԵԿՏ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՂԱՐԱԲԱՂԸ, ԱՅԼԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ «Ճանապարհը, որով Հայաստանը փորձում է լուծել արտաքին քաղաքական հարցերը, իրեն սպառել է»,- հանրահայտ դարձած այս կարծիքը երեկ մեկ անգամ եւս բարձրաձայնեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ «Արցախյան հակամարտության կարգավորման դիվանագիտությունը եւ ՀՀ-ում ու Արցախում պետական շինարարության խնդիրները» թեմայով կլոր սեղանի ժամանակ: Նախաձեռնությունն ԱԺՄ-ինը, ԱԻՄ-ինը եւ Սոցուժերի միությանն էր: Կազմակերպիչների կարծիքով, խմբային շահերի նախապատվությունների հետեւանքով Հայաստանի ազգային շահերը ոչ միայն անպաշտպան մնացին միջազգային գործընթացների դեմ հանդիման, այլեւ կանգնեցին «ազդեցիկ համաշխարհային ու տարածաշրջանային գործոնների ուղղակի ոտնահարման սպառնալիքի առաջ»: Երեկ սկսված կլոր սեղան-քննարկումների շարքը նպատակ ունի ՀՀ-ի եւ Արցախի հասարակությունները ներգրավել վերոնշյալ խնդիրների կարգավորման մեջ եւ կայուն վերահսկողության մեխանիզմ ստեղծել՝ պաշտոնական հաստատությունների ընդունած որոշումների վրա: Քննարկմանը ներկա ԼՂ նախագահի խորհրդական Գեորգի Պետրոսյանը կարծում է, որ «ԼՂ-ն դարձել է օբյեկտ: Ամենամեծ վտանգը, որն այսօր բոլորիս է մտահոգում՝ այդ օբյեկտը կարող է լինել առեւտրի առարկա»: «Ես կարծում եմ, որ Հայաստանն էլ է կամաց-կամաց օբյեկտ դառնում»,- արձագանքեց Վազգեն Մանուկյանը: Ստեփանակերտի Մամուլի ակումբի ղեկավար Գեղամ Բաղդասարյանն էլ, իբրեւ Արցախի հարցի լուծում, առաջարկեց, որ Հայաստանի իշխանությունները մի կողմ քաշվեն եւ Արցախին հնարավորություն տան ժողովրդավարական ընտրություններով լեգիտիմ իշխանություն ձեւավորել ու մասնակցել կոնֆլիկտի կարգավորմանը: Այս նախաբանից հետո քաղաքական այրերը քննարկումը շարունակեցին առանց լրագրողների: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել