Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԱՀԱԲԻ»

Փետրվար 02,2005 00:00

«ՇԱՀԱԲԻ» ԼՎԱՑՔԸ ԿԼՎԱՑՎԻ ԱՅԼ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դարձյալ հետաքրքիր բացահայտումներ եղան: Շարունակվում էր քաղաքացի Վլադիմիր Սահակյանի հայցի քննությունը իրանական «Շահաբ» քիմմաքրում ՍՊԸ-ի նախագահ, Իրանի քաղաքացի Փարվիզ Ալամդարիի դեմ: Նախորդ դատական նիստի ժամանակ փոխվեց հայցվորի ներկայացուցիչը եւ Ս. Չիչոյանի փոխարեն ներգրավվեց նոր ներկայացուցիչ՝ Մհեր Շահնազարյանը: Պատասխանող Փարվիզ Ալամդարին շարունակեց տալ իր բացատրությունը եւ պնդեց, որ հայցվորի հետ կապ չունի, նրան $25800 գումար երբեք չի տվել եւ որ ինքը $12000 է տվել ՀՀ նախագահի իրավաբանական վարչության պետ Վրեժ Գասպարյանին: Իրանցի գործարարի դիրքորոշումը մանրամասն ներկայացրել ենք մեր նախորդ հրապարակման մեջ: Երեկ դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընդհատեց պատասխանողին, հիշեցնելով, որ այդ ամենն արձանագրված է եւ խնդրեց նոր հանգամանքների մասին խոսել: Պատասխանողը դռնբաց դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ ինքը դիմելու է դատախազություն՝ Վ. Գասպարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ, քանի որ ունի տեսաերիզներ, փաստեր, որ «իրեն 4 տարվա ընթացքում ազգային անվտանգությունով, վիզաների վարչությունով փորձել է վատություն անել»: Հայցվորի ներկայացուցիչ Մ. Շահնազարյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա գտնում էր, որ պատասխանող կողմը «սովորական քաղաքացիաիրավական վեճը դարձրել է տարբեր քննարկումների առարկա եւ ցանկանում է զրպարտչական, ակնհայտ սուտ տեղեկություններով զրպարտել մի անձի եւ հաշվի չի առնում այդ ընթացքում նաեւ, թե ինքը ինչպիսի գործողություններ է կատարել իր ժամանակին»: Փաստաբան Մ. Շահնազարյանը եւս սպառնաց քրեական գործ հարուցել Իրանի քաղաքացու նկատմամբ, որը «ունեցել է լայն հնարավորություններ՝ օգտվելու վերեւների հովանավորությունից»: Հայցվորի ներկայացուցիչը հիշեցրեց «Շահաբի» տնօրենին, թե ինչպես է նրա կողմից ղեկավարված «Կանաչ ճանապարհ» ՍՊԸ-ն լուծարվել, հետագայում Արտաշատի «Ճանշինը» լուծարվել, թե ինչպես «Շահաբից» հետո առաջացավ «Շահաբ» ՍՊԸ-ն: Մ. Շահնազարյանի պնդմամբ, պատասխանողի նպատակն է խուսափել հարկային պարտավորություններից եւ «Շահաբի» մասով էլ՝ հենց այս քրեական գործով առկա պարտքի վճարումից: Նա գտնում էր, որ հայցը ենթակա է բավարարման, որ գումարը կվերադարձնի: Ապա հանձնելով գրավոր հայտարարությունը դատարանին եւ պատասխանող կողմին, հայցվորի ներկայացուցիչը հայտարարեց, որ չի ցանկանում մասնակցել քաղգործի հետագա քննությանը: «Վստահորդիս անունից ուզում եմ հայտնել, որ այս գործով իրավական գնահատական կստանա այլ վարույթներում, ինչպես դատական, այնպես էլ դատականից դուրս»,- ասաց նա: «Շահաբի» ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը, օգտվելով իր իրավունքներից, հարցրեց դատարանին, թե նախորդ նիստում հարցում էր արվել Վ. Սահակյանի ներկայացուցչին վճարված գումարի չափը ճշտելու, եւ պատասխան այդպես էլ չստացավ: Դատավոր Մ. Մարտիրոսյանը ասաց, որ հնարավոր է պատասխանեն գրավոր: Հիշեցնենք, սակայն, որ Սահմանադրական դատարանը միայն ունի գրավոր ընթացակարգով դատաքննություն անելու իրավասություն: Իրանի քաղաքացին, որը երեկ հրաժարվել էր թարգմանչի ծառայությունից եւ վարժ խոսում էր հայերեն, սպառնաց, թե «պիտի հերքեմ այն, ինչ ասվեց»: Դատաքննությանը ներկա էին քաղաքացիական հագուստներով բազմաթիվ «արվեստագետներ», որոնք զինված էին բջջային հեռախոսներով, ականջակալներով, նույնիսկ տեսախցիկով: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել