Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն

Փետրվար 02,2005 00:00

ՀՀԿ-ն գրոհում է դպրոցը Անցյալ շաբաթ Շենգավիթի թիվ 66 դպրոցում տեղի են ունեցել տնօրենի ընտրություններ: Ըստ մեր տեղեկությունների, դպրոցի կոլեկտիվը դժգոհ է ընտրությունների արդյունքներից, իսկ դպրոցական խորհուրդը, որ ընտրում է տնօրենին, ըստ նրանց, մասամբ ծախված է եղել: Դպրոցի կոլեկտիվը նախապես պաշտպանել է փոխտնօրենի թեկնածությունը, սակայն վերջինս բավարար չափով ձայն չի հավաքել՝ խորհրդի կազմում ընդգրկված 1 ծնողի եւ 1 ուսուցչի պատճառով: Տնօրենի պաշտոնում ընտրվել է Կարինե Բաբայանը, որ նախկինում եղել է թիվ 69 դպրոցի՝ կազմակերպչական գծով փոխտնօրենը: Ըստ դպրոցին մոտ կանգնած աղբյուրների, նա վայելում է ՀՀԿ-ի հովանավորությունը: Նշենք, որ Կ. Բաբայանը հավաքել է 4 ձայն, որից 3-ը թաղապետարանի ներկայացուցիչներն են տվել (իսկ Շենգավիթի թաղապետը հանրապետական Մարտին Սարգսյանն է), իսկ մեկը՝ խորհրդի անդամ մի ծնող: Ի դեպ, շատ քիչ ձայն է հավաքել նաեւ ՕԵԿ-ական մի թեկնածու՝ այն էլ դպրոցի ուսուցիչներից մեկի շնորհիվ: Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի մեկնաբանությամբ, դպրոցի կոլեկտիվը պարզապես անակնկալի է եկել, որ դպրոցի ուսուցիչն ու ծնողը իբր դավաճանել են եւ չեն պաշտպանել իրենց փոխտնօրենի թեկնածությունը՝ կասկածելիորեն նախընտրելով օտար փոխտնօրենի: «Փառք Աստծո, որ քաղաքապետարանն այդտեղ առնչություն չունի, բայց նախարարության փորձագետի կարծիքով էլ, ընտրվածն ամենապատրաստվածն է եղել, կարգի որեւէ խախտում տեղի չի ունեցել»,- ասում է Օ. Վաթյանը: Վարչության պետն իր վրդովմունքն արտահայտեց այն փաստի առնչությամբ, որ մարդիկ խնդրին քաղաքական ենթատեքստ են տալիս: Ընտրությունների օրը, մինչեւ ուշ երեկո, կոլեկտիվը դպրոցից տուն չէր գնում: Մեր տեղեկություններով, նրանք խորհրդակցում էին իրավաբանի հետ՝ հետագա հնարավոր քայլերի համար: Երեկ մենք փորձեցինք պարզել, թե որոնք են լինելու կոլեկտիվի հետագա քայլերը: Դպրոցից մեզ ասացին, որ դեռեւս նոր տնօրենի հրամանը չի եղել, դպրոցում նորմալ դասապրոցես է եւ կոլեկտիվն էլ նոր տնօրենի դեմ ոչինչ չունի: «Ճիշտ է, մենք կարծում ենք, որ ընտրություններն արդար չեն անցել, սակայն նոր տնօրենին չենք ճանաչում եւ նրա դեմ ոչինչ չունենք»,- ասաց մի ուսուցչուհի, որ չուզեց ներկայանալ: Ուսուցիչների պահվածքը թերեւս մեր օրերի համար բնական է. միեւնույն է, արդարությունը վերահաստատել չեն կարող, իսկ արդյունքում անհնազանդները կարող են «օպտիմալացվել»: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել