Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի քաղաքապետին դատի են տվել

Փետրվար 03,2005 00:00

Գյումրիի քաղաքապետին դատի են տվել Պատճառը կադրային փոփոխություններն են Ինչպես արդեն գրել ենք, վերջին շրջանում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձեռնարկել է ակտիվ կադրային փոփոխություններ՝ հատկապես մշակութային ոլորտում սկսած հենց բաժնի պետից: Աշոտ Մկրտչյանին մշակույթից տեղափոխել է տրանսպորտի բաժին՝ առաջարկելով աշխատել որպես երկրորդ կարգի մասնագետ: Սակայն հիշյալ պաշտոնյան փաստը ամենեւին էլ թեթեւ չի տարել ու հունվարի 17-ին իր աշխատատեղը վերականգնելու նպատակով դիմել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան: Երեկ լսվելու էր Աշոտ Մկրտչյանի հայցն ընդդեմ քաղաքապետի: Սակայն քաղաքապետարանի ներկայացուցչի չներկայանալու պատճառով դատը չկայացավ՝ հետաձգվելով մինչեւ փետրվարի 7-ը: Ա. Մկրտչյանն այս ընթացքում որոշակի պարզաբանումներ տվեց լրագրողներին: Նրա ասելով, քաղաքապետի կարգադրությունը եղել է նոյեմբերի 10-ին, որտեղ նշված էր, որ իրեն ազատել են աշխատանքից՝ քաղաքում երիտասարդության ժամանցը ոչ ճիշտ կազմակերպելու համար եւ տեղափոխել են՝ նույն բաժնում որպես 2-րդ կարգի մասնագետ: Այնուհետեւ քաղաքապետը մտափոխվել է եւ Մկրտչյանին տեղափոխել տրանսպորտի բաժին: Աշոտ Մկրտչյանը վստահեցրեց, որ իր աշխատանքային գործունեության 5 տարիների ընթացքում որեւէ նկատողություն չի ստացել, ավելին՝ մի քանի անգամ նույնիսկ միջազգային կազմակերպությունների կողմից պարգեւատրվել է մեծամասշտաբ միջոցառումներ կազմակերպելու համար: Ըստ նրա, քանի որ այլ աշխատանքի տեղափոխումը իր հետ չի համաձայնեցվել, ոստիեւ կատարվել է ՀՀ Սահմանադրության 29-րդ, Աշխատանքային օրենսգրքի 36-րդ հոդվածների խախտում: Աշոտ Մկրտչյանի ասելով, մինչ ինքը սպասում էր, որ Գյումրիի քաղաքապետը Ռոստովից կվերադառնա՝ «Ցայգ» հեռուստաընկերությամբ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանից պատահաբար տեղեկացել է, որ իրեն մշակույթից տեղափոխել են տրանսպորտի բաժին, իսկ թե ի՞նչ պաշտոնի եւ ամենակարեւորը՝ ինչո՞ւ, Աշոտ Մկրտչյանի ասելով, իրեն անհայտ է մնացել: Նրա բնութագրմամբ, որոշումը եղել է էմոցիոնալ եւ ոչ միայն խախտվել են վերոհիշյալ օրենքները, այլեւ բարոյական նորմերը, թիմային խաղի կանոնները: Պաշտոնյայի ասելով, ինքը տեղական ինքնակառավարման մարմինների 2 ընտրությունների ժամանակ սկզբից մինչեւ վերջ եղել է քաղաքապետի կողքին: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել