Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն

Փետրվար 04,2005 00:00

ՀՅԴ-Ն ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը երեկ ասուլիսում հայտարարեց, թե ԱԺ-ում պիտի արմատապես վերանայվի արտաքին քաղաքական ոլորտում աշխատաոճը, իմաստավորվի միջխորհրդարանական բարեկամության խմբերի աշխատանքը եւ այլն: «Առավոտի» հարցին՝ արդյոք չլուծված խնդիրների այս թվարկումը չի՞ վկայում նաեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դաշնակցական ղեկավարի ոչ բավարար աշխատանքի մասին՝ պրն Մկրտչյանը պատասխանեց. «Ամենեւին՝ ո՛չ։ Խոսքը խորհրդարանական դիվանագիտության սկզբունքների եւ աշխատանքների համադրման անհրաժեշտության մասին է: Դրա մասին ավելի մանրամասն կխոսենք, երբ երեւի լինեն լսումներ որոշակի խնդիրների, ասենք՝ Արցախի շուրջ: Խոսքն աշխատանքների ավելի ռացիոնալ կազմակերպման մասին է: Այսօր արտաքին կապերի հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակով եւ գործունեության որոշակի դաշտով հնարավորություն չունի, օրինակ, հանդես գալ իբրեւ լուրջ համադրող մարմին խորհրդարանի ամբողջական աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ»: Մեր հարցին, թե ո՞վ է արտաքին հարաբերությունների հանձնաժողովին զրկել այդ հնարավորությունից կամ խանգարել, որ, օրինակ, Արցախի խնդրի շուրջ լսումները լինեին մինչեւ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը՝ ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Երբ խոսում ենք լուրջ հիմնահարցերի մասին, հատկապես՝ արտաքին քաղաքական, կառաջարկեի ընդհանրապես զերծ մնալ մեղավորներ որոնելու քաղաքականությունից, քանի որ դա իրոք բերում է մեծ աստիճանի սուբյեկտիվիզմի, փոխադարձ որակումների, որոնք այնպիսի մեծ վնաս են տալիս միասնական աշխատանքին, որի պատճառով արդեն կորցնում ենք տեմպ, ժամանակ եւ հնարավորություններ: Ի վերջո՝ պիտի կարողանանք միջազգային կառույցներում ներկայացնել մեր երկրի ու ժողովրդի հիմնական ձգտումներն ու առաքելությունները: Սրա համար կարիք ունենք ԱԺ-ում որոշ աշխատանքների համադրման, ուղղման: Թե՞ այն մեխանիզմը, որն այժմ կա՝ բավարարում է մեզ բոլորիս: ԱԳՆ-ի հետ մեր հարաբերությունները՝ որոշակի համադրման եւ աշխատանքների միասնական ճակատի ստեղծման իմաստով, բավարա՞ր ենք համարում, թե՞ ոչ: Օրինակ, պե՞տք է, որ ԱԳՆ-ում լինի հատուկ պաշտոնյա՝ ասենք, տեղակալներից մեկի վրա դրվի ԱԺ-ի հետ աշխատանքների պատասխանատվությունը: Գտնում ենք, որ որոշակի հայեցակարգի, սկզբունքների անհրաժեշտություն կա, եւ մեր գործընկերների հետ առաջիկայում կփորձենք արծարծել այդ հարցը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել