Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք

Փետրվար 04,2005 00:00

«Չենք աճել, չենք նվազել» Խոսքը վերաբերում է ակնագործության ու ոսկերչության ոլորտին «Ես երկու լուր ունեմ ձեզ ասելու. մեկը՝ լավ, մյուսը՝ վատ: Վատն այն է, որ այս տարի մենք չենք կարողացել ցուցանիշների աճ ապահովել, լավն էլ այն է, որ բացարձակապես անկում չենք ապրել»,- երեկ առեւտրի եւ տնտեսության զարգացման նախարարության ակնագործության եւ ոսկեգործության բաժնի պետ Գագիկ Մկրտչյանն այսպես սկսեց ներկայացնել ոլորտի տարեկան տվյալները: Մասնագետների կողմից 2004-ը ակնագործության եւ ոսկերչության համար դիտվել է որպես նահանջի տարի, քանի որ ապրանքային արտադրանքը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազել է մոտ 30 մլրդ դրամով: Պարոն Մկրտչյանը դա բացատրում է դոլարի փոխարժեքի տատանումներով. «Դոլարից կախումը մեծ է, որովհետեւ ԱՄՆ-ն է ստանում այս ճյուղի արտադրանքի 50 տոկոսից ավելին»: Թեեւ ճյուղն ընդհանուր առմամբ ճգնաժամ է ապրել, բայց որեւէ աշխատատեղ չի կրճատվել, անգամ միջին աշխատավարձը 4000 դրամով բարձրացել է: Որոշակի փոփոխություններ են եղել ալմաստի հումքի ներկրման մեջ: Եթե նախորդ տարիներին հումքի հիմնական մասը ներկրվել է ՌԴ-ից եւ Բելգիայից, ապա հիմա գլխավոր մատակարարը Իսրայելն է: Տեսակետ կա, որ այս ոլորտում տարեկան ցնցող աճ պետք է լինի, քանի որ օգտվում են հարկային արտոնություններից: «Իրականում դրանք արտոնություններ չեն, այլ պարզապես հարկային վարչարարության կարգավորված պայմաններ: Մենք ակնագործության եւ ոսկեգործության ողջ արտադրանքի 99 տոկոսն արտահանում ենք, եւ ավելացված արժեքի հարկը միջանկյալ փուլում չենք տալիս: Եթե այլ ոլորտներ էլ նույնքան արտահանեին, իրենք էլ կունենային այդ արտոնությունները»: Գ. Մկրտչյանը նշեց, որ այս դաշտում օրենսդրական խնդիրներ չկան, ավելին՝ մերը աշխարհի լավագույն օրենսդրություններից մեկն է: Բայց մեզ խանգարում է այն, որ ունենք ենթակառուցվածքային թույլ օղակներ, որոնք բոլորովին չեն աջակցում ոլորտին, սակայն. «Մենք ինչ ունենք, դրանով պիտի բավարարվենք, եթե փորձենք ավելին ստանալ՝ ամբողջը կկորցնենք: Մենք այս ամենը օդից ենք ստանում՝ միայն աշխատանքի շնորհիվ»: ՌԴ-ի հետ կնքած Հայաստանի միջկառավարական համաձայնագրի 5-րդ կետով նախատեսված է, որ ներկրված ալմաստներն արգելվում է արտահանել այլ երկիր: Սա Հայաստանին ձեռնտու չէ, այդ պատճառով ՀՀ արտգործնախարարությունն այժմ բանակցություններ է վարում Ռուսաստանի կառավարության հետ՝ այդ կետն անվավեր ճանաչելու համար: Պարոն Մկրտչյանը մեծ հույսեր է կապում 2005 թվականի հետ. «Կանխագուշակում ենք, որ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազագույնը 30-40 տոկոսի աճ կունենանք ու 2003-ի բացերը կլրացնենք: Հնարավոր է, որ մենք բավարար չափով ակտիվ չենք գործել, դրա համար էլ պիտի լարված աշխատենք ու թերությունները շտկենք»: Հարցին, թե ինչպե՞ս պետք է հասցնեն այդքան աճ ապահովել, եթե դոլարի կուրսն իջնի, Գ. Մկրտչյանը պատասխանեց՝ «Իմ հաշվարկները դրամով էին, բայց եթե նման բան էլ լինի, 30 տոկոսի աճ հաստատ կապահովենք»: Առայժմ հայ ակնագործներն ու ոսկերիչները հնարավորություն ունեն միայն մանր քարեր մշակել: Բայց եթե այդպես շարունակվի՝ հնդիկների հետ նույն մրցակցային դաշտում կհայտնվենք ու, պարոն Մկրտչյանի խոսքերով, «այդտեղ հաստատ կսկսենք»: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել