Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտելիքը

Փետրվար 05,2005 00:00

Գիտելիքը ուժ է, ինտերնետը՝ գերուժ Երեկ կայացավ ԱՄՆ դեսպանատան ինտերնետային նոր www.usa.am կայքի շնորհանդեսը Ճիշտ է, չգիտես ինչու՝ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժինը որոշել էր լրագրողներին հրավիրել շնորհանդեսից կես ժամ առաջ՝ հավանաբար կարծելով, թե ԱՄՆ դեսպանի եւ այլ պաշտոնյաների հետ հանդիպմանը հայաստանյան լրագրողները պիտի առնվազն կես ժամ հոգեբանորեն պատրաստվեն: Այդուհանդերձ, նախատեսվածից 45 րոպե հետո ԱՄՆ դեսպանության աշխատակիցները եւ անձամբ դեսպանը՝ Ջոն Էվանսը, ներկայացրեցին իրենց նոր վեբ-կայքը: Դեսպանը որպես նախաբան նշեց. «Աստված հրեաներին տվել է օրենքը, հայերին՝ հայոց այբուբենը, իսկ ամերիկացիներին՝ ինտերնետը», ապա անցավ Լենինին. «Լենինն ասում էր՝ գիտելիքը ուժ է: (Իրականում այդ կարգախոսը Լենինից շատ ավելի վաղ շրջանառության մեջ է դրել Ֆրենսիս Բեկոնը, իսկ ավելի շատ այդ արտահայտությունը հանդիպում է նաեւ անտիկ տեքստերում 8211 Մ. Բ.): Իսկ այն, ինչ անում է ինտերնետը՝ տարածելով գիտելիքներ, անգնահատելի է: Աշխարհը կանգնած է թվային հեղափոխության շեմին, իսկ թվային հեղափոխությունը շատ ժողովրդավարական քայլ է»: Ապա անդրադառնալով կոնկրետ իրենց վեբ-կայքին՝ ասաց. «Մենք ցույց կտանք, թե որքան ժողովրդավարական եւ թափանցիկ ենք մենք»: Ի դեպ, www.usa.am-ից կարելի է օգտվել ինչպես անգլերեն, այնպես էլ հայերեն լեզուների օգնությամբ: Երբ հերթը հասավ հարցերին, պրն Էվանսը բավականին հաջող կերպով իրականացրեց կայքի PR-ը: Յուրաքանչյուր հարցին նա պատասխանում էր մոտավորապես այսպես՝ «դուք այդ հարցի պատասխանը կարող եք գտնել մեր վեբ-կայքում», եւ դեսպանատան տեխնիկական աշխատակիցն անմիջապես բացում էր տվյալ էջը ու ցույց տալիս պատասխանը: Մասնավորապես, տեղեկություններ կային Հայաստանում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցին կաշառակերության համար ձերբակալելու մասին: Հետաքրքիր է, որ անմիջապես դրանից հետո հարց եղավ ինտերնետի միջոցով վիզաներ ստանալու հնարավորության մասին: Դեսպանն ասաց, որ չի հավատում, թե մոտ ապագայում նման բան հնարավոր է, քանզի ԱՄՆ-ն մուտքի վիզաներ տրամադրելիս խիստ կարեւորում է հյուպատոսի հետ զրույցը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել