Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ եկավ անտառապահը

Փետրվար 08,2005 00:00

Մինչեւ եկավ անտառապահը Այս պատմությունը մեզ ներկայացրեց Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչ Ալինա Լազրյանը, որ «Արդարություն» դաշինքի համակիրներից է: «Մեր անտառապահ Սերգո Ուդումյանին, որ դաշնակցական է, պիտի որեւէ բան տաս, երբ փայտ ես կտրում անտառից (գիտենք, որ չի կարելի, բայց մարդիկ ստիպված անում են՝ սահմանամերձ գոտում ենք բնակվում, պայմաններն այնպիսին չեն, ինչպես քաղաքում է): Փողը՝ 5 հազար դրամը, կանխիկ պիտի տաս, իսկ եթե չունես՝ հավ կամ հնդկահավ պիտի տաս կամ անգամ կաղամբ (դժվար թե նա կաղամբը փոխանցում է պետբյուջե.- Ա. Ի.): Ամուսինս գնացել՝ փայտերի կտորտանքներ էր հավաքել անտառից: Անտառապահը փող էր պահանջել, եւ երբ ամուսինս ասել էր, թե չունի՝ «բուշլատն» էր հագից հանել, թե՝ վերցնում է փայտի դիմաց: Ես ասացի, որ կբողոքեմ՝ պատասխանեց, թե ո՜ւր ուզում ես՝ գնա՛ բողոքի: Կարծես անտառն իրենն է. եթե ինքն իրավունք ունի երիտասարդ ծառերը կտրի՝ բերի բակում դարսի, փուռը վառի եւ այլն, մենք իրավունք չունե՞նք հավաքել անգամ կտորտանքները: Բայց ինչի՞ համար: Այդ վեճից հետո մի դեպք էլ պատահեց: Տանս աստիճանների վերեւում՝ ընդհանուր դռան ետեւում, փակցված են Կարեն Սերոբիչի եւ Ստեփան Դեմիրճյանի լուսանկարները, որոնք տեսանելի են անցորդներին: Տեղ էինք գնացել, միայն երեխան էր տանը: Մտա՝ տեսնեմ, որ Կարեն Դեմիրճյանի նկարը կտրտված է սուր գործիքով: Հարցնում եմ՝ ո՞վ է արել, երեխան պատմում է, թե մտավ մեկը՝ գլխարկը քաշած աչքերին, բերանը փակած, մի-երկու կոպիտ խոսք էլ ասաց ու այդպես արեց: Ու երեխան լաց էր լինում: Ես ենթադրում եմ, թե ինքը կարող է եղած լինել, քանի որ նրա կնոջից սկսած՝ մեզ շատ էին ասում, թե ինչի՞ եք փակցրել այդ նկարները: Բայց նրանց ի՞նչ գործն է: Անգամ մեր գյուղապետը, որ հանրապետական է, էլի ինձ նման դիտողություններ չէր արել: Գիտի, որ շատ եմ սիրում Կարեն Սերոբիչին՝ մեր սրբությունն է եղել, ու չէի պատկերացնում, թե մեկն այնքան նենգ կլինի, որ այդպես կվարվի անգամ նկարի հետ»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել