Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանից խուսափելու խնդիր չկա

Փետրվար 09,2005 00:00

Տեր-Պետրոսյանից խուսափելու խնդիր չկա Վստահեցնում է Անդրանիկ Մանուկյանը Անցած կիրակի Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի թաղման արարողությանը մասնակցելու համար Հայաստանից Վրաստան էին մեկնել երկու պատվիրակություններ՝ պաշտոնական՝ ի դեմս ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի, կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի, եւ ոչ պաշտոնական՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Այդ ոչ պաշտոնական պատվիրակության խմբում էին նաեւ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանն ու նախկին փոխնախագահ Արա Սահակյանը: Լ. Տեր-Պետրոսյանին Թբիլիսիում ընդունել էին հատուկ արարողակարգով եւ մեծ ջերմությամբ: Նրա գլխավորած պատվիրակությանը հենց Վրաստանի սահմանի մոտ դիմավորել էին այդ երկրի անվտանգության ծառայության ներկայացուցիչները, իսկ արդեն Թբիլիսիում պատվիրակությանը կցված են եղել խորհրդարանի պատգամավորներ: Հայաստանյան ոչ պաշտոնական պատվիրակության մի ներկայացուցչի ասելով՝ Թբիլիսիի նորակառույց եկեղեցում, որտեղ Զ. Ժվանիային հրաժեշտ տալու եկած տարբեր երկրների պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչների համար Լ. Տեր-Պետրոսյանի ներկայությունը նկատելի է եղել, նրան ողջունելու համար մոտեցել են Հեկի Թալվիթիեն, Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն եւ այլք, մինչդեռ, ըստ նույն աղբյուրի, Հայաստանից Վրաստան ժամանած պաշտոնական պատվիրակության եւ ոչ մի անդամ հարկ չի համարել անգամ գլխով բարեւել ոչ ՀՀ առաջին նախագահին, ոչ ԱԺ նախկին նախագահին: Մեր զրուցակցի ասելով՝ հայ հասարակության համախմբվածության կոչ անող իշխանության ներկայացուցիչները, թերեւս, կամ վախեցել են, որ Տեր-Պետրոսյանին ողջունելը կարող է արժանանալ իբրեւ նրանց թիկունքից «ՀՀՇ-ի ականջները» երեւալու գնահատականի, կամ արժանի չեն համարել: Մենք փորձեցինք ՀՀ պաշտոնական պատվիրակության անդամներից ճշտել այդ տեղեկատվության ճշմարտացիությունն ու մեկնաբանություն ստանալ: Մեզ հաջողվեց խոսել միայն ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի հետ: «Նման բան չի եղել: Լ. Տեր-Պետրոսյանը կանգնած էր եկեղեցու սրահի մի ծայրում, մենք՝ մյուս: Պաշտոնական պատվիրակությունների համար հատուկ տեղեր էին առանձնացվել: Լ. Տեր-Պետրոսյանին մոտենալ այդ ամբոխի մեջ պարզապես հնարավոր չէր: Ես նույնիսկ նրա դեմքը չկարողացա հեռվից տեսնել»,- տեղեկացրեց Ա. Մանուկյանը՝ հավելելով, թե նման տեղեկություններ տարածող մարդկանց մոտ մարդկային ոչ մի զգացում չի մնացել: «Ես ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Դիպակ Վոհրայի տանը կազմակերպված հանդիպման ժամանակ շուրջ երկու ժամ զրուցել եմ Տեր-Պետրոսյանի հետ, եւ այդ իմաստով որեւէ միտում կամ զգուշավորություն լինել չէր կարող»,- ասաց նախարարը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել