Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանափոխություն

Փետրվար 09,2005 00:00

Իշխանափոխություն դրսի՞ց Ըստ բազմաթիվ փորձագետների, փետրվարի 24-ին ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Ջորջ Բուշի եւ Վլադիմիր Պուտինի՝ Բրատիսլավայում կայանալիք հանդիպումը բոլոր շանսերն ունի պատմական դառնալու, քանզի այդ հանդիպմանն, ըստ ամենայնի, կկանխորոշվեն համաշխարհային քաղաքական գործընթացների հիմնարար ուղղություններն առնվազն տասնամյակի կտրվածքով: Այդ հանդիպումը, սակայն, առնվազն մեզ՝ հայաստանցիներիս համար հետաքրքիր է այնքանով, որ դրա ընթացքում երկու գերտերությունների առաջնորդները ոչ միայն շոշափելու են ԼՂ-ի, այլեւ հենց Հայաստանի, իսկ ավելի ճշգրիտ՝ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու հարցը: Բանն այն է, որ խորհրդային լավագույն ավանդույթներով հիշյալ հանդիպման նախաշեմին երկու երկրների՝ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի մտավորական, քաղաքական եւ բիզնես շրջանակների նշանավոր դեմքերը հանդես են գալու նախագահներին ուղղված համատեղ դիմումով (տեքստը պատրաստ է), որում նրանց մի շարք հիմնարար (եւ ըստ ամենայնի՝ հմտորեն ուղղորդված) հորդորներ են հղելու: Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան հեղինակավոր «Նյու-Յորք Թայմս» թերթից: Մեր ուշադրությունը գրավեց այդ հորդորներից հետեւյալը. «ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը պետք է ընդհանուր մոտեցում մշակեն Ռուսաստանին սահմանակցող տարածաշրջաններում այն առումով, որ ԱՄՆ-ի հասցեին այլեւս քննադատություններ չհնչեն, թե վերջինս, իբր, այդ տարածքներում վերածնում է իր իմպերիալիստական քաղաքականությունն ու «շրջապատում է» Ռուսաստանը»: Դիմումում նշվում է, որ Վաշինգթոնն ու Մոսկվան միակարծիք պետք է լինեն այդ երկրներում «դրական բարեփոխումների իրականացման» հարցում: Հղում անելով ուկրաինական հեղափոխությանը՝ դիմումի տեքստում գոհունակությամբ ընդհանրացում է արվում առ այն, որ ողջ Եվրասիական կոնտինգենտում շարունակվում է բուռն առաջընթացը, ինչը, միեւնույն ժամանակ, ուղեկցվում է «խորհրդային շրջանի եւ մտածելակերպի առաջնորդների՝ քաղաքական ասպարեզից հեռացմամբ»: Հատուկ թանձրամիտների համար նշենք, որ այստեղ, փաստորեն, խոսքը Վրաստանից եւ Ուկրաինայից բացի, ԱՊՀ մնացած անդամ-պետությունների մասին է: Թվարկենք դրանցից մի քանիսն ըստ ենթադրվող հերթականության՝ Կիրգիզիա, Մոլդովա, Հայաստան եւ այլն… ընդհուպ մինչեւ՝ Թուրքմենստան: Պարզ, մարդկային լեզվի թարգմանելով ամերիկյան եւ ռուսական վերնախավի հղած այս դիմումի ենթատեքստը՝ ստանում ենք հետեւյալ նախադասությունը՝ առաջիկայում «դրական բարեփոխումներ» պետք է սպասել վերը թվարկված երկրներում, իսկ այդ բարեփոխումներն ուղեկցվելու են «խորհրդային շրջանի եւ մտածելակերպի առաջնորդների՝ քաղաքական ասպարեզից հեռացմամբ, ինչի նկատմամբ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը պետք է ունենան միասնական դիրքորոշում»: Շարունակենք ենթատեքստի թարգմանությունը. «դրական բարեփոխումների» տակ, բնականաբար, նկատի է առնվում զանազան գույներով բնորոշվող հեղափոխությունները: Ինչ վերաբերում է «խորհրդային մտածելակերպի առաջնորդների հեռացմանը», ապա այդ թեկնածություններից առնվազն մեկին դուք շատ լավ ճանաչում եք: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել