Լրահոս
Օրվա լրահոսը

Ի

Փետրվար 09,2005 00:00

Ի հայտ են եկել նոր պայքարողներ «Վերեւների» կոռուպցիայի դիտարկումներից «Մարդու իրավունքներ-ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար Ռուբեն Թորոսյանը երեկ լրատվամիջոցներով փորձեց պատասխանել մոտ 10 օր առաջ տեղի ունեցած հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նիստում հնչած կարծիքներին ու հայտարարություններին: Պրն Թորոսյանն այդ հանձնաժողովի աշխատանքային խմբերից մեկի՝ «Դատական համակարգի» անդամ է եւ կարծում է, որ հանձնաժողովն իր գոյության 6 ամիսների ընթացքում ոչինչ չի արել եւ որ «աշխատանքային խմբերը զբաղված են աչքակապությամբ, բացակայում են ամենատարրական աշխատանքային սկզբունքները եւ մոնիտորինգը վերածվել է ինչ-որ օրենքների նախագծերի մշակումների գործընթացի»: Ըստ նրա, հանձնաժողովը ձեռնպահ է մնում ռազմավարության ծրագրով նախատեսված «վերեւների» կոռուպցիայի դիտարկումներից, իսկ քաղաքական կոռուպցիային առնչվող աշխատանքային խումբ ընդհանրապես չի ստեղծվել: Եվ այս պայմաններում, ըստ նրա, մոռացության են մատնվել վերջին ընտրություններում տեղի ունեցած կոռուպցիոն դրսեւորումները եւ դրանց հետեւանքները: «Պատահական չէ, որ 1995-ից սկսած, իսկ 1998-ից հետո` իշխանությունների ձեւավորման գործում համատարած կիրառում ստացած քաղաքական կոռուպցիան, խեղկատակության վերածեց 2003թ. ընտրությունները: Իսկ վերջիններիս արդյունքում ձեւավորված եւ նախարարություններ նվեր ստացած «քաղաքական կոալիցիա» կոչվող հակասահմանադրական մարմինը բացահայտորեն հասկացրեց, որ որեւէ ցանկություն չունի պայքարել կոռուպցիայի իրական դրսեւորումների դեմ»: Պրն Թորոսյանը չմոռացավ նշել այս բնագավառում նաեւ մարդու իրավունքների պաշտպանի անգործության մասին, եւ եկավ եզրակացության, որ կոռուպցիայի եւ նրա հիմնաքարի՝ քաղաքական կոռուպցիայի դեմ պետք է պայքարեն մեր երկրի քաղաքացիական հասարակության սուբյեկտները միայն: Այդ կապակցությամբ կուսակցությունը հայտարարեց քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական-քաղաքական խորհուրդ ստեղծելու իրենց նախաձեռնության մասին եւ կոչ է անում սույն խնդրով մտահոգ բոլոր քաղաքական ու հասարակական կազմակերպություններին՝ մասնակցել խորհրդի ձեւավորման աշխատանքներին: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել