Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱԶԳԵՆԻՑ

Փետրվար 10,2005 00:00

«ՎԱԶԳԵՆԻՑ ՀԵՏՈ ԶԳԱՑԻՆՔ, ՈՐ ԲՈԼՈՐՍ ՈՐԲ ԵՆՔ» Ասում է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը նոր երկրապահական կազմակերպության նախաձեռնողներից մեկն է – «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպությունը ի՞նչ նպատակով եք ստեղծել, նրա միջոցով ի՞նչ հարցեր եք ուզում լուծել: – Մեր հիմնական նպատակն է, որ մեր զինակից ընկերները մեր կողքին լինեն, զոհվածների ընտանիքները մեր կողքին լինեն, որ կարողանանք նրանց օգնել ինչպես հարկն է: Արդեն տաս-տասնմեկ տարի զբաղվում ենք զոհվածների ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմամբ, հիմա էլ նույնն ենք անելու, եւ կարծում եմ կարեւոր է, որ ազատամարտիկների խնդիրներով զբաղվի ոչ միայն ԵԿՄ-ն, այլեւ «Ոգու փորձությունը»: – Տարբեր գնահատականներ են հնչում այն մասին, որ այսօր ե՛ւ ԵԿՄ-ն, ե՛ւ «Ոգու փորձության» նախաձեռնողները իշխանությունների հետ լավ հարաբերություններ ունեն, ուրեմն անհասկանալի է, թե ի՞նչ կարիք կար նոր կառույց ստեղծելու, երբ երկուսդ էլ իշխանությունների հետ լավ հարաբերություններ ունեք: – Սկսած 1991 թվականից՝ ես բոլորի հետ լավ հարաբերություններ եմ ունեցել, միաժամանակ բոլորի հետ էլ պրոբլեմ եմ ունեցել՝ ի շահ կամավորականության: Երկրապահները հիշում են, որ այս բոլոր տարիներին ես միշտ էլ խնդիրներ եմ ունեցել իշխանությունների հետ, երբ որեւէ ԵԿՄ անդամի ցանկացել են ազատել աշխատանքից կամ անձնական շահեր են հետապնդել: Երբեք չեմ եղել իշխանությունների կողքին կամ իշխանությունների դեմ: Իմ խնդիրը եղել է երկրապահների շահերի պաշտպանությունը: Արդեն տասներեք տարի նույն պատմությունը կրկնվում է՝ Հակոբը դիմություն է, Հակոբը ընդդիմություն է: Բոլորն էլ լավ գիտեն, որ Հակոբը որեւէ մեկի կողմը չի գնացել կամ իր դիրքորոշումը չի փոխել: Իմ նպատակը եղել է զուտ երկրապահ կամավորականների միասնությունը: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ մենք առանձնացել ենք, դա էլ է բնական: Ամեն ընտանիքում էլ դա լինում է, երբ նույն ընտանիքի անդամները առանձնանում են՝ արդյունքում գործն է շահում: – Ինչպե՞ս է ղեկավարվելու ձեր նորաստեղծ կազմակերպությունը: – Դեռեւս Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք եղել է վարչության նախագահ, բայց միշտ մենք մի ընտանիքի պես ենք եղել, բոլորս միասին ենք որոշումը կայացրել: – Եթե երկրում քաղաքական իրավիճակը լարվի եւ կրկին ընդդիմությունը հանրահավաքներ կազմակերպի, ո՞ւմ կողքին կլինի «Ոգու փորձությունը»: – Այն ժամանակ էլ, հիմա էլ ես գտնում եմ, որ լարվածությունը վտանգավոր է: Ավելի ճիշտ կլինի, որ իշխանության սխալը ասեմ իրենց, բայց թող չմտածեն, որ կգնամ ընդդիմության կողքին կկանգնեմ, որը ճակատագրական կդառնա: Որովհետեւ ես այդքանը հասկանում եմ: Մեր մասսան երբ կանգնեց որեւէ քաղաքական ուժի կողմը՝ վտանգավոր է լինելու: Ես լավ գիտեմ իրենց հոգեբանությունը: Դրա համար պետք է ամեն ինչ անեմ, որ հեռու պահեմ լարվածությունից, իսկ իրենց էլ ստիպեմ, որ իրենց ճիշտ պահեն: – Մարզերից ո՞ր կառույցներն են միանալու «Ոգու փորձությանը»: – Այս պահին Կոտայքի մարզի կառույցները մեզ հետ են՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, Երեւանի կառույցները մեր կողքին են, մյուսները կգան կամաց-կամաց, որովհետեւ շատ տղաներ ունենք, որ «Երկրապահից» դուրս մնալով՝ կկանգնեն մեր կողքին: – Ինչպե՞ս են գոյանալու ձեր կառույցի ֆինանսական միջոցները, անդամավճարներո՞վ: – Միայն անդամավճարներով այդպիսի հարցեր չեն լուծվում: Ես իմ հնարավորությունները միշտ էլ օգտագործել եմ՝ ինձ վրա պարտավորություն վերցնելով, որ պետք է օգնեմ կամավորների ընտանիքներին: Մեր շրջապատում մեծ ընկերություն կա, դրսում, Հայաստանի սահմաններից դուրս եւ Հայաստանում էլ նորմալ տղերք կան, որոնք միշտ էլ օգնել են: Թերթում գրել էին, որ Լյովա Սարգսյանը մեր կառույցը ֆինանսավորում է: Հա, ես չեմ հրաժարվի, որ Լյովիկը, որեւէ բիզնեսմեն կամ հնարավորություն ունեցող մարդ ցանկություն ունենա օգնել կամավորների ընտանիքներին: – Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում դուք եւ ԵԿՄ-ն տարաձայնություններ ունե՞ք: – Ղարաբաղը մեզ համար սրբություն է, մեր օջախն է, մենք 2500 զոհ ունենք, այդ զոհերը մերն են, մեր հարազատ ընկերներն են, մենք բոլորս էլ միանշանակ, առանց կասկածի, եթե Աստված չանի, կռիվ սկսվի, նույն Մանվել Գրիգորյանը եթե լինի որեւէ ֆրոնտում, ես պատրաստ եմ նույն ֆրոնտում իր մոտ որպես շարքային զինվոր՝ կռվելու: – Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, ինչպե՞ս կվերաբերվեր ԵԿՄ-ի այս պառակտմանը: – Ես չեմ ընդունում, որ «Երկրապահը» պառակտվել է: Վազգենը եթե կենդանի լիներ, այսպիսի բան չէր լինի: Վազգենը մեզ այնպես էր դաստիարակել, որ մտածենք, թե բոլորս հավասար ենք: Վազգենից հետո զգացինք, որ բոլորս էլ որբ ենք: Բայց կգա մի պահ, երբ բոլորս կհամախմբվենք ու էլի միասին կլինենք: Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել