Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՕԳՈՒՏ

Փետրվար 10,2005 00:00

ՀՕԳՈՒՏ ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագծում պահանջ կա, որ համայնքապետի պաշտոնի թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթություն: Որքան էլ զարմանալի է՝ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետները քննադատել են այս նախաձեռնությունը՝ նշելով. «Քաղաքական ճանապարհով ընտրվող պաշտոնյաների համար նման պահանջ սահմանելը խիստ արտասովոր է, եւ հարկ է զգուշորեն վերանայել: Բարձրագույն կրթություն չստանալու պատճառները կարող են տարբեր լինել, եւ մի քանի սերունդ շարունակ այդ տարբերակը ոչ ակնհայտ է եղել, ոչ անհրաժեշտ: Այս դրույթի հետեւանքով հնարավոր է՝ առաջադրվելու իրավունքից զրկվեն բազմաթիվ արժանավոր թեկնածուներ»: Ըստ փորձագիտական եզրակացության՝ բարձրագույն կրթություն ունենալու պահանջը խնդրահարույց է նաեւ եվրոպական չափանիշների կապակցությամբ. «Ընդունված սկզբունքն այն է, որ անարդար խտրականությունը ներառում է նաեւ անձի դեմ վերջինիս սոցիալական կամ այլ կարգավիճակի հիմքով խտրականությունը»: Քննադատվել է նաեւ օրենսգրքի նախագծի այն դրույթը, ըստ որի՝ համամասնական ընտրակարգով թեկնածուներ կարող են առաջադրել միայն այն կուսակցությունները, որոնք գրանցվել են ընտրություններից առնվազն 1 տարի առաջ: Պարզ է, որ կոալիցիան այս միջոցով փորձել է թույլ չտալ այն նախադեպի կրկնությունը, որի ականատեսն ենք եղել բազմիցս՝ հանձինս անմիջապես ընտրություններից առաջ ստեղծվող կուսակցությունների: Սակայն Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ-ն գտնում են, թե այս դրույթը «կարող է լրջորեն սահմանափակել իսկապես ժողովրդավարական մրցակցությունն ընտրություններում»: Նրանք այս պահանջը վտանգավոր են դիտում այն պատճառով, քանի որ «կուսակցությունների գրանցման համար պատասխանատու պաշտոնատար անձինք կարող են անհիմն կերպով ձգձգել գրանցումը՝ այդ կերպ կանխելով հնարավոր նոր մրցակցի մասնակցությունն ընտրություններին»: Ու բացի այդ, ըստ եզրակացության՝ ընտրությունների օրը 1 տարի առաջ հայտնի չէ, եւ այդ պատճառով հնարավոր են դառնում շահարկումներ քվեարկության օրվա նշանակման հարցում: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել