Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՅԱՆՔԻ

Փետրվար 10,2005 00:00

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԸ» ՇՐՋԱՆՑՈՒՄ Է ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ Այն տպավորությունն է, որ կյանքի որակի բարելավման մասին հանրապետության նախագահի կարգախոսը շրջանցում է թոշակառուներին ու նպաստառուներին: Շուրջ 5 տարի է, ինչ պետական եկամուտներն ապահովող մարմինները գերակատարում են պլանները: Բարձրացել է հարկային եկամուտների հավաքագրման կարգապահությունը (իսկ վերջին շրջանում նկատված բացասական երեւույթները կնահանջեն՝ դատելով ՀՊԾ ղեկավարության կառուցողական դիրքորոշումից), գործընթացը համեմատաբար կարգավորված է, նախկինի նման կանխավճարներ պահանջելով բիզնեսին չեն խոչընդոտում, եւ, ընդհանրապես, հավաքագրման գործընթացի դրական ավանդույթների պահպանման դեպքում եթե տարեկան պլանները չգերակատարվեն, ապա կկատարվեն: Օրինակ, նախնական տվյալներով, այս տարի հունվարին հավաքվել է աննախադեպ քանակի հարկ՝ 19,5 միլիարդ դրամ (զուտ հարկային եկամուտ): Դա նախորդ տարվանից ավելի է՝ մոտ 3,7 միլիարդ դրամով: Իսկ որ ավելի ուշագրավ է՝ վերջին երկու տարվա աճի շնորհիվ հարկային եկամուտները 2003-ի համեմատությամբ գրեթե կրկնապատկվել են, 2000-ի համեմատությամբ՝ եռապատկվել: Սակայն ոչ կենսաթոշակների, ոչ էլ նպաստների դեպքում նման տպավորիչ արդյունքներ չունենք: Կենսաթոշակները, իհարկե, եւս բարձրացվում են, սակայն չնչին չափով: Այժմ միջին կենսաթոշակը շուրջ 10 հազար դրամ է, աղքատության նպաստը՝ մոտ 12 հազար դրամ: Բայց աչքաչափով անգամ ակնհայտ է, որ այդ գումարով նվազագույն սպառողական զամբյուղում ընդգրկված սննդատեսակները հնարավոր չէ գնել: Մասնավորապես, Առողջապահության նախարարության մշակած նվազագույն սպառողական զամբյուղը կազմող սննդամթերքը անցած տարվա չորրորդ եռամսյակի միջին փաստացի գներով, Ազգային վիճակագրական ծառայության հաշվարկներով, արժեցել է ամսական մոտ 18038 դրամ: Մեր պետության անապահով խավը, պաշտոնական տվյալներով, սնվել է նվազագույն անհրաժեշտից կրկնակի վատ: Այսինքն, թոշակառուներն ու նպաստառուները չէին կարող անգամ որակյալ սնվել: Մինչդեռ կյանքի որակը միայն սննդով չէ պայմանավորված, այլ նաեւ կենցաղով, տան ջերմությամբ, հագուստով, հիգիենայի պահպանմամբ, հանգստով, ինչն ակնհայտորեն իրենց չեն կարողանում թույլ տալ թոշակառուներն ու նպաստառուները, որոնք միայն պետության խնամքի տակ են գտնվում: Կենսաթոշակառուների կյանքի որակի բարձրացման ուղղությամբ միակ նշանակալի քայլը այս տարի առողջապահության նախարարության կողմից սահմանված արտոնությունն էր, համաձայն որի, վաթսունն անց քաղաքացիներն անվճար, պետպատվերի շրջանակներում որոշակի հիվանդություններից բուժվելու իրավունք ստացան: Պետական եկամուտների ու ծախսերի վերջին տարիների ցուցանիշները դիտարկելիս մի ուշագրավ դինամիկա է նկատվում. եկամուտներն անընդհատ մեծ տեմպերով աճում են, իսկ ծախսերը գրեթե չեն փոխվում: Որոշ մասնագետների մեկնաբանությամբ, սա նշանակում է՝ երկրում ֆինանսների նկատմամբ ձեւավորվում է քաղաքակիրթ վերաբերմունք, այսինքն չենք ծախսում՝ ինչքան որ կա, այլ ծախսում ենք՝ որքան անհրաժեշտ է: Սակայն, ըստ սահմանադրության, Հայաստանը սոցիալական պետություն է, եւ այլ մասնագետներ էլ գտնում են, որ պետբյուջեի ներկայիս աճի տեմպերը թույլ են տալիս կենսաթոշակների զգալի ավելացում: ՎԱՐԴՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել