Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ ուզում մամայիս մոտ ապրել»

Փետրվար 10,2005 00:00

«Ես չեմ ուզում մամայիս մոտ ապրել» 8-ամյա Արամիկը չի կարողանում մոռանալ եհովական մոր հասցրած բազմաթիվ վիրավորանքներն ու ծեծը: Երեկ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Էռնա Հայրիյանի նախագահությամբ, լսվեց Վահե Գրիգորյանի հայցը՝ ընդդեմ Անահիտ Համլետի Հարությունյանի: Վ. Գրիգորյանը պահանջում էր, որ, ելնելով երեխայի՝ Արամ Գրիգորյանի շահերից, հաշվի առնելով նրա առողջական ծանր դրությունը, զրկել պատասխանողին ծնողական իրավունքից, քանի որ մոր հետ ամենակարճ շփումն անգամ վտանգավոր է երեխայի համար: Կողմերը ամուսնացել են 1995-ին եւ ամուսնալուծվել 2003-ին: Վ. Գրիգորյանը պատմում էր, որ նախկին կինը տարիներ շարունակ եղել է «Եհովայի վկաներ» աղանդի անդամ, ինչի պատճառով էլ անընդհատ վիճել են, իսկ վեճերը մեծ մասամբ կապված են եղել երեխայի դաստիարակության հետ: Երեխայի տատիկը՝ Ռուզաննա Միրզոյանը նշեց, որ Ա. Հարությունյանը դաժան վերաբերմունք է ցուցաբերել երեխայի նկատմամբ դեռ փոքր հասակից. «Որպեսզի ինքը հանգիստ քներ կամ էլ վայելեր հավաքները, երեխային ջուր չէր տալիս, որպեսզի տակաշորերը փոխելու հարկ չլիներ: Մեկ տարեկանից սկսած, երբ երեխան լաց էր լինում կամ չարություն անում, դաժանաբար ծեծում էր»: Արամիկի հայրը համոզված է, որ երեխայի կարճատեսությունը հենց այդ ծեծերի հետեւանքն է: Երեխային ծեծելու փաստը հաստատեց նաեւ ինքը՝ Արամիկը. «Մաման օրը երեք անգամ ինձ ծեծում էր, գլուխս պատերին էր խփում՝ երբ ես մի մասնիկ սխալ էի գրում կամ մի փոքր չարություն էի անում: Ինձ անասուն ու տականք էր անվանում, հետո էլի վատ բառեր, բայց չեմ հիշում»: Ռ. Միրզոյանը նշեց, որ նախկին հարսը ժողովներից երեկոյան ժամը 10-ից հետո էր տուն գալիս եւ երեխան ստիպված էր լինում դասերը պատրաստել կամ այդ ժամին, կամ էլ առավոտյան ժամը 6-7-ին: Նա երեխային ստիպել է նաեւ իր հետ միասին ունկնդրել այդ ժողովները: «Միասին ժողովների շատ ենք գնացել: Դրանք 1, 2 կամ 6 ժամ էին տեւում: Նա ինձ ծեծում էր, երբ չէի ուզում ժողովի գնալ»,- նշեց Արամիկը: Այն հարցին, թե «հայրդ արդյոք տեղյակ չէ՞ր այդ ծեծերի մասին», Արամիկը պատասխանեց. «Պապաս երբ զանգում էր, մամաս մյուս հեռախոսով լսում էր եւ չէր թողնում, որ պատմեմ այդ մասին»: Տատիկը պատմում էր, որ երեխան արդեն 8 ամիս է՝ ինքնակամ իրենց տանն է ապրում: Այդ ընթացքում նրան տարել են նյարդաբանի, հոգեբույժի եւ այլ բժիշկների մոտ: Երեխան մի քանի սեանսի է մասնակցել հոգեբույժի մոտ: Պարզվել է, որ նա խպիպ՝ զոբ ունի: Տիկին Ռուզաննան պատմում էր, որ իրենց մոտ տեղափոխվելուց հետո երեխան հրաժարվել է դպրոց հաճախել, քանի որ այն մոր աշխատավայրին շատ մոտ է գտնվել եւ հանդիպումներն ուղղակի անփուսափելի են եղել: Այդ իսկ պատճառով, երեխայի խնդրանքով նրան տեղափոխել են մեկ այլ դպրոց: Երեխայի մայրը՝ Անահիտ Հարությունյանը, ոչ մի կերպ չցանկացավ լրագրողների հետ զրուցել, պատճառաբանելով, որ նրանք միշտ դեմ են արտահայտվում «Եհովայի վկաներ» աղանդին: Հայցվորի ներկայացուցիչ Ռուզաննա Տեր-Վարդանյանը միջնորդեց, որպեսզի լսեն երեխայի վկայությունները, սակայն դատավոր Է. Հայրիյանը մերժեց միջնորդությունը, պատճառաբանելով, որ երեխային կլսեն (օրենքով սահմանված) միայն մանկավարժի եւ հոգեբանի ներկայությամբ: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել