Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ» ՄԵՆՔ ԵՆՔ

Փետրվար 12,2005 00:00

«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ»
ՄԵՆՔ ԵՆՔ Երեկ «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի միավորված
կոմունիստական կուսակցության ղեկավար Յուրա Մանուկյանը «կեղծ հեղափոխական» որակեց
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի վարքագիծը: Ընկեր Մանուկյանի
համոզմամբ, Հայաստանում միայն երկու կուսակցություն իրավունք ունեն եւ կարող են հեղափոխության
մասին խոսել՝ Դաշնակցությունը եւ Կոմունիստական կուսակցությունը: «Հայաստանի կոմունիստական
կուսակցությունը՝ անկախ նրանից, թե այն միավորված է, առաջադիմական է, թե պարզապես
կոմունիստական կուսակցություն է, ես կարծում եմ, որ իրենց հեղափոխականությունը մի
կողմ են դրել՝ հանուն երկրի կայունության, զարգացման եւ բարգավաճման: Դա չի նշանակում,
որ իրենք հրաժարվել են իրենց իսկ գաղափարախոսությամբ պարտադրված ստրատեգիայից: Մյուս
հեղափոխությունները ներմուծվող են, կապ չունեն մեր ժողովրդի ու նրա գերխնդիրների
հետ: Դրանք ոտնձգություններ են մեր սուվերենությանը, զարգացմանը ու ապագային»,-կարծում
է կապիտալիզմի պաշտպան կոմունիստը: Միավորվածների ղեկավարը յուրահատուկ կարծիք
ունի ներկայիս երիտասարդության մասին. «Ուշադրություն դարձրեք կուսակցությունների
երիտասարդական թեւերին եւ դրանց լիդերներին: Դրանք այն երիտասարդները չեն, որոնք
վաղը երկրի ու ժողովրդի համար ծանր օրերին կարող են անել այն, ինչ արեցին 1988-91
թվականների երիտասարդները, ոչ էլ 1941-45 թվականների երիտասարդներն են: Սրանք (նկատի
ունի ներկայիս երիտասարդներին) սպառողական են, բայց սպասում են հարմար պահը գա, իրենք
գալստուկները կապած առաջ գան, ասեն՝ մենք եկել ենք ձեզ փոխարինելու: Մենք այդ երիտասարդներին
պետք է ետ պահենք կարիերիզմից եւ մղենք ստեղծագործ աշխատանքի»: Այս համատեքստում
համակարգային փոփոխությունների մասին խոսելով՝ ընկեր Մանուկյանը կողմ է միայն սոցիալիզմի
վերականգնմանը: Մնացյալը համարում է «դեմագոգիա, խաբկանք, որը փաթաթվում է ժողովրդի
վզին: Եթե կապիտալիստական կարգերն արդեն բավականին կշտացրել են հայ ժողովրդին՝ մենք
պատրաստ ենք սոցիալիստական կարգերը նորից բերելու»: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել