Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱ՛ՐԶ

Փետրվար 12,2005 00:00

«ՊԱ՛ՐԶ ԱՍԵՔ, ՈՐ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԳՈՐԾԱԴԻՐԻ ԿՑՈՐԴ ԴԱՐՁՆԵԼ» Իր գործունեությունը սահմանափակելու փորձերին ի պատասխան առաջարկում է Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Կառավարության վերջին նիստում հավանություն տրվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ մի օրինագծի, որի հիմնական դրույթներն արդեն իսկ առկա են գործող օրենքում: Այսպես՝ պաշտոնական տեղեկատվության համաձայն, առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, թե պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին, այլ միայն դիմողին տալ առաջարկություններ կամ խորհրդատվություն՝ դատարանի որոշումը, վճիռը կամ դատավճիռը բողոքարկելու վերաբերյալ: Մինչդեռ գործող օրենքի 7-րդ հոդվածով արդեն իսկ նույնը սահմանված է. «Պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին», ու նաեւ, որ պաշտպանն իրավասու է դիմողին տալ առաջարկություններ կամ խորհրդատվություն՝ դատավճռի հիմնավորվածությունը բողոքարկելու վերաբերյալ։ Ուստի կառավարության այս նախաձեռնությունը փաստորեն միայն վերաբերում է այդ հոդվածի մի դրույթին, ըստ որի՝ պաշտպանը «կարող է տեղեկություններ պահանջել դատաքննության մեջ գտնվող ցանկացած գործի մասին եւ առաջարկներ ներկայացնել դատարան` երաշխավորելով քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ միջազգային իրավունքի նորմերով նախատեսված դատավարության իրավունքի պատշաճ ի կատար ածումը»: Լարիսա Ալավերդյանը հատկապես շեշտադրեց այն հատվածը, որ վերաբերում է երաշխավորելուն. «Քանի որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կարեւորագույն հոդվածներից մեկն արդար դատաքննության իրավունքն է»: Արդյոք Մարդու իրավունքների պաշտպանից դատաքննության մեջ գտնվող գործերի մասին տեղեկություններ պահանջելու իրավունքը վերցնելը պայմանավորվա՞ծ չէ արդարադատության նախարարի՝ ավելի վաղ արտահայտված դիրքորոշմամբ, թե դատական համակարգը պիտի զերծ մնա այս հաստատության վերահսկողությունից: «Այո՛, հենց դրանով է պայմանավորված,- ասաց Լարիսա Ալավերդյանը:- Այս գործընթացը սկսվել է արդարադատության նախարարության կողմից մի պատճառով՝ փաստորեն փորձ է արվում ոչ թե պաշտպանել Հայաստանում մարդու իրավունքները, այլ պաշտպանել դատավորներին՝ Մարդու իրավունքների պաշտպանից: Այնինչ մեզ ուղղված բողոքների մեծ մասն առնչվում է հենց դատարանների որոշումներին եւ վճիռներին: Եվ գտնում եմ, թե դատավորները չունեն նման պաշտպանության կարիք. մենք նրանցից բազմաթիվ շնորհակալություններ ենք ստանում, որ մեր առաջարկություններով օգնել ենք կողմնորոշվել»: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այս փոփոխությունների ներկայացման ժամանակ վկայակոչվել էր միջազգային փորձը՝ համանման մոտեցում ամրագրած մի շարք երկրների օրինակը: «Այն փաստարկները, որոնք բերում էր արդարադատության նախարարը՝ համարում եմ հարցի էությանը չվերաբերող,- ասաց Լարիսա Ալավերդյանը:- Մենք չենք միջամտում դատական վարույթին, իսկ մնացյալը միջամտություն չէ»: Նա կառավարության նիստում ցանկացել էր ներկայացնել հետեւյալ հակափաստարկները. «Գտնում եմ, որ բոլոր գայթակղությունները՝ փոփոխություններ անել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում, պետք է զսպվեն՝ մինչեւ սահմանադրական փոփոխությունները: Սակայն այս մոտեցումն անմիջապես մերժվեց, թե ո՛չ՝ նպատակահարմար չենք գտնում: Որեւէ կերպ չփաստարկվեց մերժումը: Ես ցանկանում էի նաեւ փաստարկներ ներկայացնել, որ եթե նման փոփոխություններով ենք ավարտում այս հաստատության ձեւավորման առաջին տարին, մեզ համար որոշ դռներ բացելը, որոնք առանց այն էլ դժվար բացվող են, ասենք՝ ՄԱԿ-ին կից միջազգային համակարգային կոմիտեին անդամակցությունը, շատ ավելի կդժվարանան, ուստի այս առումով պետք է շատ զգուշավոր լինենք: Եվ վերջապես՝ կարող էի փաստարկներ ներկայացնել, որ նախարարի ներկայացրած հիմնավորումներն ուղղակի բառիս բուն իմաստով խեղաթյուրված են»: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մեզ ներկայացրեց օմբուդսմենների գործունեության միջազգային փորձի վերաբերյալ տեղեկատվություն, որին կանդրադառնանք առաջիկայում: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ պաշտպանն իրավունք ուներ ելույթ ունենալ կառավարության նիստում. «Այնինչ պարզ հնչեցվել է, թե դուք միայն իրավունք ունեք հարց տալ: Եթե օրենքի այս դրույթն էլ պիտի փոխվի՝ եկեք պարզ արտահայտվեք, որ բոլոր այս փոփոխությունները կոչված են Մարդու իրավունքների պաշտպանին եւ իր աշխատակազմին ուղղակի դարձնել գործադիր մարմիններից մեկը կամ դրանց կցորդը»: Նա բոլորովին չէր պնդում, թե «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը պիտի մնա անփոփոխ. «Անշո՛ւշտ, պետք է լինեն փոփոխություններ, բայց այնպիսի դրույթներ, որոնք կուժեղացնեն եւ կհստակեցնեն մեր իրավասությունները»: Հայտնի է, որ Լարիսա Ալավերդյանը բացասաբար գնահատեց նաեւ օրենքի այն փոփոխությունը, որի շնորհիվ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի անդամները համարվեցին քաղծառայողներ եւ պիտի ընտրվեն քաղծառայության խորհրդի կազմակերպած մրցույթների միջոցով: Պաշտպանն ընդվզեց նաեւ այնժամ, երբ բյուջետային ոչ բավարար հատկացումներ արվեցին իր ղեկավարած կառույցին՝ հնարավորություն չընձեռելով մասնավորապես մեծացնել աշխատակազմը: Մեր հարցին՝ արդյոք այս ամենը մի շղթայի նույն օղակնե՞րը չեն եւ չե՞ն վկայում, որ իր գործունեությամբ, այնուամենայնիվ, ոմանց «կոշտուկները» տրորել է՝ Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Չեմ կարող գնահատել իմ գործունեության արդյունավետությունը: Բայց հստակ է, որ մենք բավական ակտիվություն ենք ցուցաբերել եւ աշխատել ենք արձագանքել ինչպես հասարակական հնչեղություն ստացած խնդիրներին, այնպես էլ մեզ ուղղված բողոքներին: Եվ կարող եմ ասել, որ ոչ բոլոր պետական մարմինների առաջին դեմքերն են գոհ եղել մեր կայացրած որոշումներից՝ թե տվյալ դեպքում առկա է մարդու իրավունքների ոտնահարում եւ առաջարկում ենք վերականգնել խախտված իրավունքը: Առաջին իսկ նման նամակից հետո զգացել եմ, որ նախկինում ունեցածս լավ հարաբերությունների դաշտը նեղանում է: Եվ դա լավ եմ ընդունում»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել