Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես

Փետրվար 12,2005 00:00

«Ես այսօր էլ եմ սուպերնախարար» Երեկ լրագրողներին ասաց Հովիկ Աբրահամյանը Երեկ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այս տարի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն ազատ, արդար, թափանցիկ: Նախարարը միաժամանակ խոստացավ չմիջամտել ընտրություններին, քանի որ իրենց համար «կապ չունի, թե ով կլինի համայնքապետը: Կարեւորը, որ նա ընտրված լինի ժողովրդի կողմից, լինի ճիշտ, գրագետ, ճանաչի համայնքը: Եվ ինչքան քիչ պրոբլեմ ունենա համայնքապետը, այնքան կառավարությունն ավելի քիչ խնդիրներ կունենա»: Լրագրողներից մեկի հարցին, թե այս տարվա ընտրություններն ավելի ազատ ու արդա՞ր կանցնեն, քան 2002 թվականին էր, Հ. Աբրահամյանը կատակեց. «Այս տարի ընտրախցիկներն ավելի ընդարձակ ենք անելու, որպեսզի մարդիկ ազատ մտնեն ու ընտրեն»: Այդ խոսակցությունը տեղի ունեցավ մարզպետների հաշվետվություններն ամփոփելու ժամանակ: Երեկ հաշվետվության եզրափակիչ փուլում հանդես եկան Տավուշի եւ Վայոց ձորի մարզպետները: Չնայած այն բանին, որ այս երկու մարզերում էլ դեռեւս հարկահավաքության, սահմանամերձ գյուղերում ուսուցիչների պակասի, խոշոր ձեռնարկությունների վերագործարկման խնդիրներ կան, սակայն այս երկու հաշվետվություններն էլ կառավարությունը բավարար էր գնահատել: Մարզպետների ելույթներն ամփոփող նախարարը գաղափար հայտնեց, որ առաջիկայում մարզպետների պաշտոններն էլ ընտրովի կլինեն: Իսկ առայժմ Հ. Աբրահամյանը մարզպետների գործունեությունում «դրական տեղաշարժեր» արձանագրել էր, այդուհանդերձ նրանց «մի շարք առաջարկություններ եւ հանձնարարականներ» տվեց: Նախարարին ամենագոհացնողը մարզերում ոռոգման ջրի լիարժեք իրականացումն էր: Հարցին, թե պարտականությունները կատարելու առումով ո՞րն է ամենալավ եւ ամենավատ մարզպետը, Հ. Աբրահամյանը խոստացավ նրանց անունները 1-2 շաբաթից հայտարարել: Շարունակելով ազատ, արդար ընտրությունների թեման՝ պարոն Աբրահամյանը հավաստիացնում էր, որ իր համար նշանակություն չունի, թե համայնքապետը ընդդիմությա՞ն ներկայացուցիչ է, թե՞ կոալիցիայի կամ անկուսակցական է: Նրա այս հավաստիացումներից հետո լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված, որ խորհրդարանում 20 տոկոս ձայն ունեցող ընդդիմությունը ՏԻՄ համակարգում վատ է ներկայացված: «Որովհետեւ ընդդիմությունը վատ է աշխատում: Կուսակցությունը որ լավ աշխատի, իրենց ներկայացուցիչներն էլ կընտրվեն»,- պատասխանեց նախարարը եւ միաժամանակ համայնքապետի թեկնածուների կուսակիցներին, ընկերներին կոչ արեց թեկնածուներին աջակցեն ոչ թե «արկղի մեջ ավել քվեաթերթիկ գցելով, այլ նրանց քարոզչությունն ըստ պատշաճի կազմակերպելով»: Հ. Աբրահամյանի լիազորություններն ավելացնելու եւ «սուպերնախարարություն» ստեղծվելու մասով նախարարը ասաց, որ «նոր փոփոխություն չի լինելու. այսօր էլ այդ ոլորտները ես եմ համակարգում, ոլորտների բոլոր խնդիրներին տեղյակ եմ, այնպես որ՝ ես այսօր էլ եմ սուպերնախարար»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել