Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասում են «ց-դիմումի» ց-պատասխանին

Փետրվար 12,2005 00:00

Սպասում են «ց-դիմումի» ց-պատասխանին «Առավոտի» հունվար ամսվա 25 նամակներից մեկը հասցեագրվել էր Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Ըստ նամակագիր Գ. Ղազարյանի, առանց իր գիտության աճուրդի էին դրել իր բնակարանը, որը սեփականաշնորհված է եղել տասնյակ տարիներ առաջ: Քաղաքացին զարմացած է, թե ինչու իր դիմում-ահազանգին չի պատասխանում գլխավոր դատախազը, չէ՞ որ նամակի վրա էլ խոշոր տառերով գրել էր. «ց-դիմում» (հավանաբար, նկատի է ունեցել «ցպահանջը»): Մի «ց-դիմում» էլ Աբովյանի ոստիկանությունում էր թողել 16-ամյա Նարինե Իսոյանը: «Սեպտեմբերի 23-ի կեսգիշերին մեր տան պատուհանից իմ սենյակ ներխուժեց Ա. Ա.-ն (տվյալները խմբագրությունում են), քնած վիճակից ինձ արթնացրեց, դանակով սպառնաց, թե եթե ձայն հանես, ես քեզ կսպանեմ: Անկոչ հյուրս այդ գիշեր ինձ զրկեց անմեղությունից եւ գնալուց առաջ սպառնաց՝ եթե կատարվածի մասին պատմես որեւէ մեկին, ես նրանց կսպանեմ»: Եզդի Իսոյանի թե բացատրությանը, թե դիմումներին որեւէ մեկը չի պատասխանում: «Առավոտը» դիմել է ոստիկանություն, թե արդյոք նմանօրինակ բացատրություն վերցվե՞լ է բաժնում, որեւէ քայլ ձեռնարկվե՞լ է, պատասխանում են, թե «այդքան լուրջ մի ընդունի: Երեւի պակասավոր է»: Սակայն հետաքրքիր է, որ «պակասավորը» երկուսուկես էջանոց նամակում մեկ ուղղագրական սխալ էլ թույլ չի տվել: Մինչդեռ մեր ձեռքի տակ գտնվող, օրինակ, գլխավոր դատախազության թիվ 62205203 քրեական գործում առկա են 100-ից ավելի սխալներ: «Առավոտին» է դիմել պետհամալսարանի կենսաբանական ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Է. Սարգսյանը: Նա իր նամակն ուղղել է ՀՀ նախագահին կից վերահսկողական ծառայության պետ Վ. Բարսեղյանին՝ կապված ոստիկանության պոլիկլինիկայի նախկին հոգեբանի՝ Սոնա Ֆահրադյանի հարցով: Վերջինս իրեն հռչակելով «Տիրամայր», մեղադրվում է արգելված բժշկությամբ զբաղվելու համար: Այս դատաքննությունը ընթանում է ամիսներ, բազմաճյուղ պահանջներով. Ֆահրադյանի «բժշկության» արդյունքում նրա «հիվանդները» ամուսնալուծվում են, երեխաներից զրկվում, բուժվում հոգեբուժարաններում… «Ովքեր են աջակցում Ս. Ֆահրադյանին,- հարցնում է նամակագիրը:- Չէ՞ որ այդ հովանավորության արդյունքն է անպատժելիությունը, ՆԳՆ պոլիկլինիկայում աշխատելու ընթացքում քանի աշխատակից է դարձել այդ անձի զոհ: 2004-ին մամուլում հրապարակվեց այդ կնոջ մոտ «բուժվող» պաշտոնյաների ցանկը, ինչից հետո բավականին անձինք հեռացվեցին համակարգից»: 4-րդ շաբաթն է լրանում, ինչ ՀՀ եւ Իրանի քաղաքացի Վարդգես Գասպարյանը Դեմիրճյան 17 շենքի 1-ին բնակարանում հացադուլի մեջ է: Նրան պաշտոնական շրջանակներից որեւէ պատասխան չի տրվել: «Արշլիտ» ՍՊԸ-ն գազիֆիկացման պատրվակով հավաքել է շենքի բնակիչներից գումարներ, փաստորեն մի մասի բնակարաններն ապահովել է գազով, մյուսներից, այդ թվում Վ. Գասպարյանից, պահանջել են «հավելավճար»: Հացադուլավորը դեմ է «հարցը սվաղելուն», եւ գտնում է, որ հարցն հասարակական հնչեղություն ունի եւ անհատի խնդիր չէ: Զինծառայող Կարինե Մելիքսեթյանը տեղեկացրել էր «Առավոտին», որ դիմել էր ՀՀ առողջապահության նախարար Ն. Դավիդյանին, «վստահ լինելով, որ անպայմանորեն ի պաշտոնե նա կաջակցի իրենց ընտանիքին»: Խնդիրն առնչվում է Թումանյանի տարածաշրջանի Ալավերդի քաղաքի կանանց կոնսուլտացիային, բուժանձնակազմին: Նամակագիրը տեղեկացնում է, որ իր եղբոր կնոջը՝ 42-ամյա Ռուզաննա Փերիխանյանին բուժօգնություն ցույց տալուց հետո, մահամերձ վիճակում, ստիպված են եղել տեղափոխել Երեւան, «Էրեբունի» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժին եւ ալավերդցի բժշկի պատճառով 5-6 ժամյա վիրահատության ենթարկել: Նամակագիրը հարցնում է առողջապահության նախարարին. «Այդպիսի հակահիգիենիկ պայմաններում ի՞նչ իրավունքով են վտանգում մարդկանց կյանքը: Այդպիսի մասնագիտական որակավորմամբ իրավունք ունի՞ Ալավերդու բժիշկը աշխատելու: Ո՞վ պետք է փոխհատուցի մեր հարսին Երեւանում վիրահատման ենթարկելու ծախսերը»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել