Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՐ

Փետրվար 12,2005 00:00

ՏԵՐ ԿԱՆԳՆԵՑԻ… Այդպես չհասկացված, այդպես թույլ, այդպես անհավասար՝ նա երկու հազար հինգ հարյուր տարվա մշուշից ընդառաջ ելավ, եւ ես տեսա ինձ: Եվ իմ անզորությանը, փափուկ դանակին ու փուխր բազուկին տեր կանգնեցի: ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ …Մեզնից ամեն մեկն ունի իր Հրանտ Մաթեւոսյանը ու նաեւ նա է, որ մեզ բոլորիս՝ բոլոր հայերիս դարձնում է ամբողջություն, դարձնում է ազգ ու մեր բնակավայրը՝ մեզնով ու իրենով Հայրենիք: … Մեզնից ամեն մեկն ունի իր Հրանտ Մաթեւոսյանը, եւ մտքում երբեմն էլ կարծում է, որ եթե ինքը ժամանակ ունենար, հնարավորություն ունենար, կարող էր նրա նման գրել: Իսկ ինչո՞ւ ոչ: Ի՞նչն է դժվար… Նստում ես ու հիշում ես մանկությունդ՝ դառնում է «Կանաչ դաշտ», «Մեր վազքը», «Բեռնաձիեր», նստում ես ու հիշում ես համագյուղացիներիդ, դառնում է «Ահնիձոր», «Մենք ենք, մեր սարերը», «Գոմեշը», «Բաց երկնքի տակ հին լեռներ», հիշում ես ծնողներիդ, դառնում է «Աշնան արեւ», «Ծառերը», երիտասարդությունդ ես հիշում, դառնում է «Խումհար», մի քիչ էլ մտածում ես, դառնում է «Մեծամոր», «Տաշքենդ» ու «Տերը»… … Մեզնից ամեն մեկն ունի իր Հրանտ Մաթեւոսյանը, ում հետ խորհրդի է նստում դժվար պահին, ում հետ իր կռիվն է կռվում անհաշտ պահին, ում հետ ճանապարհ է անցնում՝ ինքն իրեն հասկանալու, ում հետ սովորում է սիրել ու սովորում է ատել, ում հետ սովորում է հիշել ու սովորում է հավատարիմ մնալ հիշողությանը, ում հետ մի քիչ Իշխան է, մի քիչ Ավետիք է, մի քիչ Աղուն ու մի քիչ… Պարզապես մեզնից ամեն մեկը ինքն իրեն սիրում է երեւակայել Հրանտ Մաթեւոսյանի պատմվածքներից ու վիպակներից ծնված հերոս, որովհետեւ այդ հերոսների միջով անցել է պատմությունը ու այդ հերոսներին կյանքից գրականություն տանելով՝ գրականությունից վերադարձրել է կյանք: Համարյա անխաթար, ուղղակի մի քիչ ծերացած, մի քիչ ուրիշ, մի քիչ… Ոչ: Այդպես չէ: Իրականում բոլորովին էլ այդպես չէ: Իրականում մենք ուրացել ենք նրանց, ովքեր մեզ բերում են ճշմարտության խոսքը, մենք ուրացել ենք նրանց ու նրանց ճշմարտությունը գերադասում ենք կամ չնկատել, կամ չհասկանալ, որովհետեւ այդպես հեշտ է ապրել: Այդպես հեշտ է նրանց ուրանալ… Իրականում մենք հեռացել ենք դեպի տաճար տանող նրանց բացած ճանապարհից, եւ դա բոլորովին էլ նրանց մեղքը չէ, այլ մեր, որ օրվա գնահատականը գերադասում ենք ժամանակի գնահատականից, օրվա մեջ ծնվող ու մեռնող մեր գաղափարներով, օրվա մեջ ծնվող ու մեռնող մեր հերոսներով, օրվա մեջ ծնվող ու մեռնող մեր վճիռներով, օրվա մեջ ծնվող ու մեռնող մեր գրականությամբ: Իրականում մենք դադարել ենք հաղթել, որովհետեւ հորիզոնի մեր գիծը դարձել է անցյալի ինչ-որ պատկերի վերագտնումի ճիգ: Ընդամենը: Եվ դա արդեն դատավճիռ է: Իրականում նա մեզ սովորեցնում էր Իշխան լինելով՝ Ավետիք մնալ, որովհետեւ ուժը պիտի հոգի ունենա, սովորեցնում էր պարտությունների միջով դեպի հաղթանակ գնալիս՝ եղբորը չուրանալ, Վարդան Մամիկոնյանին միայն դարերի խորքում չտեսնել, նա մեզ սովորեցնում էր հայ լինել ու հայ մնալ ու հայ պապերի հայ ժառանգների միջեւ կապող օղակի մեր դերը չձախողել: …Լավ գիր է, գեղեցիկ, էսպես ինքն իր համար: Ոչ ոքի ոչինչ չի հրամայում: Մեզնից ուրիշի ոչ մի պարտադրանք չի տանում: Ինքն իր համար կա ներամփոփ, խոհուն եւ իր խորին եզրահանգումն ինքն իր մեջ մեռցնող: Սա Հայոց գիրն է եւ միայն Հայոց գիրն է: Մեր մասին ու մեզ համար ճիշտ գիր է: …Գիտե՞ս ինչ, կյանք է՝ եւ մի ակնկալիր անփոթորիկ ծով. եւ եթե խորտակվում ես՝ մեղքը քոնն է եւ ոչ թե փոթորկինը, քանի որ փոթորիկը ծովն է: Ո՞ւր է խարիսխդ: Խարիսխդ… …Նա կերկրպագի հայերից մաքրված տարածությունների ամայի հզորությունը եւ առնական կորով կցանկանա թուրք յուրաքանչյուր տղամարդու մեջքի՝ այդ ամայությունը լցնելու թուրք մանչուկներով: Եվ նոր միայն… եւ նոր միայն իր հայրենիքի դիվանագետներին նա կհուշի խոսք բացել հայերին պատճառված վնասի մասին եւ վեհանձնաբար հանձն առնել վնասի հատուցումը՝ մի երկու կամ մի երկու հազար ոսկի, թող գնան ձենները կտրեն: Միայն թե… Թուրքիան ո՞ւմ է հատուցելու վնասը՝ դաշնակցականների՞ն, ռամկավարների՞ն, հնչակյանների՞ն, ընդհանուր բարեգործականի՞ն, Էջմիածնի կաթողիկոսարանի՞ն: Անթիլիասի կաթողիկոսարանի՞ն, համայնավարների՞ն, թե՞ Միավորված ազգերի կազմակերպությանը: Թող հայերն իրենց մեջ վճռեն այդ խնդիրը՝ Թուրքիան պատրաստ է վեհանձնաբար հատուցելու իր պատճառած վնասը, որ այնքան էլ ինքը չէր պատճառել, այլ դժբախտ հանգամանքները, եւ հանգամանքների դժբախտացմանը նպաստել էր իրենց հայերի վարքը: …Այս այսպես է ու կմնա այսպես, քանի դեռ բետոնը տասը կանգուն շերտով մինչեւ վերջին թիզը չի ծանրացել այս ցնորական երկրի կավին: Եվ ինձ վրա: Եվ ձեզ վրա: Եվ ամենազարմանալին. դարձյալ կանաչեցին արտեր, արտի ու հովի խաղ եղավ, դարձյալ կակաչը կարմիր էր եւ զանգակ ծիծաղ կար մեր կանաչ մարգերի վրա: Եվ Վարպետը նստեց գահին եւ խորհեց զարհուրելի դաժան ու անդիմադրելի գեղեցիկ բանը, երբեմն միայն ասելով բառեր, որ ադամանդ էին, որովհետեւ հիսուն տարում հազար տարվա արեւ ու անձրեւ էին կերել: …Ինչո՞ւ ես տխուր եւ ինչո՞ւ ես ուրախ: Հետո՞: Ոչինչ: Խոսքի ոսկին մոխրից ու տիղմից չի խունանում: Գալու է թուխ ու ջղային մարդկանց նոր ցեղ, որ իրեն հայ ու իր երկիրը Հայք է կոչում… Եվ նրա ճակատամարտերն այլեւս տանուլ տրված չեն լինելու ու նրա մարգարեները հերքելու են «Մարգարեն հայրենիքում տեղ չունի» օտարների հնարած ասույթը: Հետո՞: Հետո իրականում մեզնից ամեն մեկը կունենա իր Հրանտ Մաթեւոսյանը եւ Հրանտ Մաթեւոսյանն ու իր ստեղծագործությունը մեզ բոլորիս՝ բոլոր հայերիս կդարձնեն մեկ ամբողջություն, ու մեր բնակավայրը՝ մեզնով ու իրենով Հայրենիք: ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել