Լրահոս
Օրվա լրահոսը

Հետգրություն՝

Փետրվար 12,2005 00:00

Հետգրություն՝ երկու տարի անց Անդրեյ Բիտով գրողն ինձ օգնեց առնչվել Հրանտ Մաթեւոսյան մարդու հետ: Սակայն այդ առնչությունից գրեթե երկու տասնամյակ առաջ մենք հանդիպել էինք. դարձյալ Բիտովն էր պատճառը: «Առանց գործի» պատմվածքը միասին քննարկեցինք… Չգիտեմ, ութ տարի առաջ, երբ նա ինձ առաջարկեց Բիտովի ստեղծագործություններից մի հայերեն ժողովածու թարգմանել, հիշո՞ւմ էր մեր առաջին հանդիպումը: Ես չհարցրի.. Իսկ դրանից առաջ ես պատիվ ունեցել էի տեսնել Վարպետին. պատահաբար նրան հանդիպեցի փոքրիկ աղջնակիս հետ: Մոտեցանք, բարեւեցինք. աղջկաս ասացի, թե ով է կանգնած մեր առջեւ (նրա համար կարդացել էի «Կանաչ դաշտը»): Վարպետը կցկտուր ժպտաց, ձեռքը բռնեց եւ ինձ դառնալով հարցրեց. «Կաթ ճարո՞ւմ եք երեխայի համար»: Անլույս 1995-ն էր: Կցկտուր մի բան ասացի… Դարձա ու հարցրի, թե որեւէ նոր բան չի՞ գրում, չի՞ գրելու հայ կնոջ մասին: Պատասխանն ապշեցրեց ինձ՝ «Դո՛ւ ես գրելու»: Նա չէր ճանաչում ինձ, չգիտեր ով լինելս: Ես չգրեցի… Ուղիղ տասը տարի է անցել այդ օրից, բայց նրա այդ երկու կարճ նախադասությունները մնացին, ընդմիշտ մնալու են իմ մեջ. երկու վրձնահարված… Նա կարողացավ անծանոթիս մեջ տեսնել մարդուն (այն է՝ կարեկից լինել) եւ գուշակել իմ անելիքը (ուզում էի գրել, թեպետ չգիտեի այդ մասին, թեպետ չգրեցի)… Ա. Բիտովի ժողովածուն կազմելիս ցանկի ընտրությունն ինձ թողեց: Պատմվածքներից զատ, մի քանի այլ խոհագրությունների շարքում ընդգրկեցի նաեւ նրան նվիրված «Հովվերգություն. XX դար, Հետգրություն 15 տարի անց» խոհագրությունը: Ընդդիմացավ. կտրականապես դեմ էր: Բայց ես հիշեցրի, որ ընտրության իրավունքն ինձ է թողել եւ ուրեմն այն պե՛տք է տեղ գտնի գրքում: Ժողովածուն լույս տեսավ… …Նա իր հոգու աչքով տեսել էր այն նախքան իր մեկնումը… Նա տեսնել գիտե՛ր: ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԱնդրեյ Բիտովը Մաթեւոսյանի մասին…Հրանտ Մաթեւոսյանի խառնվածքի շռայլությունը, բնածին օժտվածությունը նրա մեջ չունեին շինծու քմայքի, մթին խորխորատների ու անդունդների, ցանցառության ու կաղլիկ դիվականության այն բեւեռային վայրիվերումները, որոնցով այնքան հարուստ է ռուսական տաղանդը, մանավանդ հարազատ միջավայրից քաղաքային, մայրաքաղաքային օտար միջավայր տեղափոխվածը: Այստեղ ահա, հասկանալի էր դառնում, որ մարդու բարեկրթությունը կրթությունը չէ, քաղաքը չէ, տաղանդը չէ, այլ հատկանիշ է: Մաքրությունը եւս: Եվ բարեկրթությունը՝ նույնպես: Որովհետեւ նրանում հատկապես գյուղացին էր բարեկիրթ եւ ոչ թե գյուղացուց սերած, բարձրագույն կրթություն ստացած մարդը: Եվ հետո, ինչ ասել կուզի, հազիվ թե հայրենակիցներիս մեջ հանդիպած լինեմ մինչ ի մահ սեփական հայրենիքի, ժողովրդի, լեզվի ու պատմության հանդեպ ունեցած այսպիսի զտարյուն նվիրվածության… Մաթեւոսյանին տրված է որսալ ամենայն կենդանի էակի ու երեւույթի համընդհանուր տրոփյունը: Շրջակա աշխարհը բեղմնավորում է նրան եւ բաբախում նրանում, ինչպես պտուղը: Նրանից սերված արձակը նման է կյանքի ու ինքնին արդեն կյանքն է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել