Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՂԱԲԼՈՒՐ՝

Փետրվար 12,2005 00:00

ՀՈՂԱԲԼՈՒՐ՝ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԵՂԸ Օդանավակայանի ճանապարհին կառուցվող ցանկացած օբյեկտի շինարարական աղբն ու կառույցի հիմքի համար փորված ավելորդ հողը թափվում է Նորագյուղ տանող ճանապարհին: Թափոնների արդյունքում մեծ հողաբլուր է առաջացել, որն արդեն տեսանելի է օդանավակայան տանող ճանապարհով երթեւեկելիս: Հետաքրքիր է, որ մինչեւ այժմ մայրաքաղաք մտնող գլխավոր փողոցներից մեկում առաջացած հողաթմբի օր օրի ավելանալը տեղական ինքնակառավարման մարմիններին առանձնապես չի անհանգստացնում: Բացի այն, որ քամիների ժամանակ այդ հատվածից հողի, փոշու ամպ է բարձրանում եւ աղտոտում առանց այն էլ փոշոտ մեր քաղաքը, այն նաեւ գեղագիտական առումով հաճելի չէ: Հատկապես, որ այդ ճանապարհով են հյուրերը ժամանում Հայաստան: Հողի ծավալն այնքան է մեծացել, որ այն մայրաքաղաքից դուրս տեղափոխելու համար մեծ ծախսեր կպահանջի: Հողաթումբը շուտով տակով կանի Նորագյուղի ճանապարհին տեղադրված հուշաքարը (տես լուսանկարը): Հուշաքարը վկայում է, որ այդ վայրում տեղադրվելու է Արեւելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալու հազարամյակի առիթով հուշարձան: Սակայն ավելի հավանական է, որ այն այդպես էլ չի վավերացնի ռուս-հայկական բարեկամությունը եւ շուտով անհետ կկորչի: Հետաքրքիր է, որ հուշաքարը հողով ծածկելու ամենամեծ «ներդրումը» Երեւանյան լճի մոտակայքում կառուցվող ԱՄՆ դեսպանատան շենքինն է: Հուշաքարերի պահպանության համար ո՞վ է պատասխանատու «Առավոտի» հարցին Պատմության, մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից պատասխանեցին. «Քանի դեռ հուշարձան չէ եւ ընդգրկված չէ մեր պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում, դրա համար պատասխանատու են տվյալ տարածքի տեղական ինքնակառավարման մարմինները»: Մատնանշված ճանապարհահատվածը գտնվում է Կենտրոն համայնքում: Մեր հարցի առնչությամբ Կենտրոն թաղապետարանից հայտնեցին, որ համայնքի սանմաքրման վարչությունը նշյալ վայրում աշխատանքներ ծավալած սուբյեկտներին արգելելու կամ նրանց՝ աղբահանությունը պարտադրելու լծակներ չունի. «Իսկ տուգանքները շատ փոքր չափի են եւ օրինախախտներն առանձնապես չեն տուժում»: Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել