Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՂՋԻ ԳՅՈՒՂԻ «ԶԻՄԶԻՄՈՎԸ»

Փետրվար 16,2005 00:00

Միապետական ռեժիմ՝ մեկ, առանձին վերցրած, գյուղում

Շիրակի մարզի Ողջի գյուղի ավագանու որոշ անդամներ, ինչպես նաեւ գյուղացիներից շատերը դժգոհում են, որ իրենց գյուղում (Ամասիայի շրջանի գյուղ է, որտեղ մինչեւ 1988-ը ապրել են ադրբեջանցիներ) ստեղծվել է խայտառակ իրավիճակ: Արդեն երկու տարի է՝ գյուղապետարանի դռները փակ են. կառույցն իր փաստաթղթերով, կնիքով տեղափոխվել է գյուղապետ Սաքո Ավագյանի բնակարան: Իսկ վերջինս «Զիմզիմովի նման մշտապես դիվանուն բազմած» տեղեկանքներ պահանջող գյուղացիներից «արժանիներին» ընդունում է (նրանց, ովքեր իրեն ձայն են տվել), մնացածին էլ «անպատվում ու ճանապարհում»: Ըստ ավագանու անդամների, ամենասարսափելին այն է, որ գյուղապետը ավագանու անդամների կարիքն էլ չի զգում: Ավագանու նորընտիր անդամ Վարդան Պետրոսյանի ներկայացմամբ, գյուղապետն անձամբ է որոշումներ ընդունում, հարկ եղած դեպքում ավագանու անդամների փոխարեն ստորագրում ու իր ուզածն է անում: Օրինակ, ասենք՝ հողեր է օտարում, ինքնագլուխ ձեւով բյուջեն հաստատում, համայնքին հատկացվող օգնություններն է «յուրացնում», հրամանագիրք չի պահում եւ այլն, եւ այլն: Վ. Պետրոսյանի ասելով, ավագանին բացարձակապես անտեղյակ է, թե հավաքված հարկերը, ծախսերը ո՞ւր են գնում:

Որպես թարմ օրինակ Վարդան Պետրոսյանը մեջբերում է գյուղի բյուջեի հաշվին 128 հազար դրամ արժողության 2 բջջային հեռախոս գնելն ու գրպանը դնելը: Մինչդեռ, ըստ ավագանու անդամների, Ամասիայի գանձապետարանից իրենց տեղեկացրել են, որ գյուղապետը գումարը ստանալիս ավագանու համապատասխան որոշումն է ներկայացրել, որից, սակայն, ավագանու անդամների պնդմամբ, իրենք բացարձակապես անտեղյակ են: Ավագանու նախկին անդամ Ֆեդյա Մարգարյանն էլ վկայեց, որ գյուղապետը «յուրացնելով» բոլոր ջրովի հողերը՝ դրանք փաստաթղթերով անջրդի է ներկայացրել, որպեսզի ջրի վարձ քիչ մուծի, իսկ նրանց, ում հողերն իսկապես անջրդի են՝ ստիպում է կրկնակի ու եռակի գումար մուծել: Բայց ամենից շատ գյուղացիները վիրավորված էին գյուղի վարձակալական 60 հեկտար եւ բարգավաճող ընտանիքների համար նախատեսված 5 հեկտար հողերը աճուրդի հանելու փաստից: Գյուղացիների հավաստմամբ, գյուղը 1090 հեկտար մշակովի հող ունի, որից միայն 15 հեկտարն է մշակվում: Նրանց ոչ պակաս նյարդայնացնում է գյուղապետի կողմից համայնքի սեփականությունը հանդիսացող ակումբը (նախկին հանրախանութի շենքը) ոչխարանոց դարձնելու փաստը:

Պարզվում է, սակայն՝ գյուղապետի գլուխգործոցները սրանցով չեն ավարտվում. վերջինս հասցրել էր «յուրացնել» նաեւ կարկտահարված գյուղին ամերիկյան գյուղդեպարտամենտի ուղարկած օգնության ալյուրը: Գյուղացիները մեղադրում են, որ գյուղապետը նաեւ դպրոցի հին շենքն է «քարուքանդ արել ու վաճառել»: Ավագանու անդամների վկայությամբ, ամենազավեշտալին այն է, որ նախկին ավագանու անդամների փոխարեն եւս գյուղապետն է որոշումներ ընդունել. թեեւ 4 անդամներից մեկը մահացել էր, սակայն սա չի խանգարել գյուղապետին քվորում «ապահովել», բյուջե հաստատել: Ընդ որում, հնչած դժգոհությունների համաձայն, ոչ միայն «կեղծել» է մեռածի, այլեւ մյուս երեքի ստորագրությունները:

Գյուղապետից պարզաբանումներ ստանալ մեզ չհաջողվեց. վերջինս, ինչպես սովորաբար լինում է, գյուղում չէր: Սակայն փոխարենը պարզաբանումներ ստացանք Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման մարմինների եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համակարգիչ վարչության պետ Կարլեն Աբրահամյանից: Պաշտոնյան հաստատեց, որ համայնքապետը 2003 թվականին ավագանու անդամներից մեկի մահանալուց հետո համապատասխան մարմիններին տեղյակ չի պահել, հենց այդ ժամանակ էլ հաստատել է բյուջեն՝ «կեղծելով» ավագանու որոշումը: Կատարվածից 5-6 ամիս հետո է մարզպետարանի համապատասխան վարչությանը պարզ դարձել, որ ավագանի որպես այդպիսին գոյություն չունի (եթե 4-ից մեկը չկա, ուրեմն քվորում չի ապահովվում): Ավագանու նախկին անդամները դիմել են մարզպետին, որից հետո նոյեմբերին նշանակվել են նոր ընտրություններ: Նոր ավագանին էլ իր հերթին է դիմել մարզպետին՝ համայնքապետի գործունեությունը ստուգելու համար: Ռոմիկ Մանուկյանը տարածքային վարչության պետի գլխավորությամբ հատուկ հանձնաժողով է ստեղծել, ուսումնասիրություններ կատարել եւ պարզվել է, որ ավագանու անդամների ասածը «համարյա ճիշտ է»: Կարլեն Աբրահամյանի ասելով, մասնավորապես հողհատկացումները կատարվել են անօրինական. գյուղապետը ավագանու կարծիքը հաշվի չի առել, աճուրդ չի եղել, աճուրդային հանձնաժողով չի կազմվել, համայնքապատկան բնակելի շենքերը վաճառվել են չնչին գումարներով: Կ. Աբրահամյանը տեղեկացրեց, որ ինքը դիմել է մարզպետին՝ գյուղապետին անվստահություն հայտնելու առաջարկով:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել