Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԼՅԱՆՍԸ

Փետրվար 16,2005 00:00

«ԱԼՅԱՆՍԸ ՄԻԱՍԻՆ ՀԱՉԱԼԸ ՉԷ» Մարքսիստ Դավիթ Հակոբյանը ընդդիմադիր դաշտում իրեն միայնակ է զգում «Ընդդիմությունը քաղաքական աքլորությամբ կամ աթոռակռվի մոտիվներով չէ: Ընդդիմություն պետք է լինել ալտերնատիվ գաղափարական մտքով: Այս տեսանկյունից եթե նայենք, հանրապետության քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժ չկա: Ոչ տնտեսական, ոչ ազգային դոկտրինայի ոչ մի տարբերություն չկա: Ընդդիմության կարկառուն լիդերներին հարցրեք Արցախի հիմնահարցի լուծումից՝ Վարդան Օսկանյանից տարբերվող ոչինչ չեն ասի»,- Հայաստանի ընդդիմադիր դաշտի մասին «Առավոտին» իր տեսակետը փոխանցեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Սակայն՝ «Դեռեւս 2000 թվականին իմ՝ արցախյան հիմնահարցի լուծման երրորդ՝ այլընտրանքային տարբերակն եմ տվել, որն այսօր ստեղծագործական առումով ավելի ռեալ եւ դինամիկ գաղափարախոսություն է, քան այսօրվա իշխանությանն ու ընդդիմությանը: Ես դեռ այն ժամանակ էի ասում, որ հարցն անպայման գնալու է ՄԱԿ-ի 151415 ռեզոլյուցիայի տակ: Եվրոպական գագաթաժողովում Իգոր Իվանովի ըմբոստ հայտարարությունը, որ Ռուսաստանը չի ճանաչում ԵԱՀԿ-ն եւ նրա մոտիվներն անհարիր են ՌԴ ազգային շահերին, արդեն ապացուցեց, որ ՌԴ-ն, որ ԱՄՆ-ի հետ մեր ազգային դոկտրինը դրսից հիմնական պարտադրողն է, եվրոպական կառույցներին չի վստահում: Ռուսական արջը դուրս եկավ իր բեռլոգից»,- ասում է Դավիթ Հակոբյանը ու հավելում, որ «եթե ընդդիմության դասական ձեւակերպման մեջ նայենք, մենք (նկատի ունի մարքսիստներին- Ն.Գ.) միայնակ ենք քաղաքական դաշտում»: Դեռեւս աշնանը պարոն Հակոբյանը միասնական ընդդիմադիր ճակատ ստեղծելու փորձեր էր անում: Հետաքրքրվեցինք, թե ինչով ավարտվեց նախաձեռնությունը. «Իմ քաղաքական հետազոտությունները եւ հանդիպումները ցույց են տալիս, որ այսօր այդ դաշտը կոնսոլիդացվող չէ: Ընդդիմությունը եղել է կլանային, այդպես էլ մնում է: Այն այդպես էլ չվերածվեց համաժողովրդականի: Միասնական ալյանս չի նշանակում՝ բոլորս հավաքվենք մի տեղ ու միասին հաչանք: Այլ ստեղծենք նոր քաղաքական էլիտա, որտեղ ըստ լիդերների կարողությունների՝ կբաշխվեն պարտականությունները»: Նախաձեռնության տապալման պատճառները, ըստ մեր զրուցակցի, «նրանց քաղաքական էգոիզմի մեջ փնտրեք: Չափից ավելի շատ են քաղաքականությամբ զբաղվողները, որոնք տեսական մտքի առումով ոչ մի նախադրյալ չունեն քաղաքական գործիչ լինելու համար»: Վկայակոչելով ընդդիմադիր դաշտում ձեւավորված եռյակները՝ մարքսիստը կանխատեսում է. «Ընդդիմությունն այսօր փլուզման եզրին է: Բոլորն իրենց մանդատները ստացել են Ստեփան Դեմիրճյանի հեղինակության վրայով, բայց այսօր ուրանում եւ լքում են նրան: Սա մեծ բարոյական անկման նշան է: Այս պարագայում ինձ՝ ազգային մարքսիստական գործչիս հետ համագործակցության ձեռք չեն մեկնում: Բայց ես, որպես գաղափարախոսության մոտուլյատոր՝ միշտ պատրաստ եմ»: Մարքսիստներն ամեն մի վայրկյան սպասում են իշխանական բուրգի փլուզման: Փլուզման ժամկետները, ըստ Դ. Հակոբյանի, կկայացվի փետրվարի 24-ին, Բրատիսլավայում՝ Պուտին-Բուշ հանդիպման ժամանակ: Իսկ իշխանափոխությունը Արամ Կարապետյանի առաջարկած տարբերակով մարքսիստը «մանկամտություն եւ տգիտության արտահայտություն» է համարում, քանզի Հայաստանում չի տեսնում պատվիրատու դասակարգին: «Մեզ մոտ արամկարապետյանները սոցիալիստական կացութաձեւ բերող չեն, եւ առայժմ առնվազն հիմարություն է այդ մասին մտածելը: Սրանք շառլատանություն են անում»: Պարոն Հակոբյանը մեծահոգաբար ընծայեց հեղափոխության դասական մարքսիստական ֆորմուլան. «գաղափարական կապիտալ+ֆինանսական կապիտալ=քաղաքական կապիտալ», սրանից բխող՝ «քաղաքական կապիտալ+քաղաքական կատալիզատոր (խարիզմատիկ անհատ)+ընչազուրկ զանգվածի 13= կրիտիկական մասսա: Ֆիզիկոս Էնրիկո Ֆերմիի միջուկային ֆիզիկայի այս արտահայտությունն այսօր ակտուալ է քաղաքականության մեջ»: «Առավոտի» դիտարկմանը՝ «Միակ գաղափարական ընդդիմությունը լինելով՝ արդյո՞ք Դուք չեք դառնում այդ խարիզմատիկ լիդերը», պարոն Հակոբյանն ասաց. «Սիրամարգի նման փքվել ու փետուրների նրբերանգությունը ցուցադրելն իմ քաղաքական արվեստը չէ»: Վերջում իր քաղաքական նկրտումները պարոն Հակոբյանը երկու բառով ամփոփեց՝ «դեպի միաբանություն»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել