Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊԻՐ ՈՐԵՎԷ ԿՐՏՍԵՐ ԻՐԱՎԱԲԱՆԻ ՀԵՏ

Փետրվար 16,2005 00:00

ՀԱՆԴԻՊԻՐ ՈՐԵՎԷ ԿՐՏՍԵՐ ԻՐԱՎԱԲԱՆԻ ՀԵՏ Հրանտ Վարդանյանին առաջարկում է Ալեքսան Հարությունյանը Մեկնաբանելով այն տեղեկությունը, որ ՀՌԱՀ-ը դիմել է դատարան՝ պարտադրելով «Հայրենիք» հեռուստաընկերությանը վճարել «Մեցցո»-ի ծրագրերն ապօրինի վերահեռարձակելու համար սահմանված վարչական տուգանքը, «Հայրենիքի» սեփականատեր, «Գրանդ» հոլդինգի նախագահ Հրանտ Վարդանյանն ասել էր «Առավոտին». «Ես Ամալյանի ղեկավարի՝ Ալիկ Հարությունյանի հետ եմ հանդիպելու եւ այս բոլոր հարցերը քննարկելու նրա հետ: Դրանից հետո նոր կտեսնենք լուծումները»: Իսկ երեկ էլ պրն Վարդանյանն «Ազատություն» ռ/կ-ին խոստացավ. «Կփակեմ «Հայրենիքը» եւ արտոնագիրն էլ կնվիրեմ որեւէ մեկին՝ ով ուզում է»: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը երեկ այս առնչությամբ ասաց մեր թերթին. «Հայրենիք» եւ «Ար» հեռուստաընկերությունների գործունեությունից արդեն երեւում է, որ մեծարգո գործարար Հրանտ Վարդանյանը ժամանակ չունի զբաղվել այդ ոլորտով եւ առաջնորդվում է այլոց ոչ այնքան իրազեկ խորհուրդներով: Իմ մասին ասված արտահայտությունը եւս գնահատում եմ այդ համատեքստում: Ինչ վերաբերում է նրան, թե ում հետ է նա պատրաստվում հանդիպել հարցեր քննարկելու համար, ապա պրն Վարդանյանին երեւի թվում է, թե այժմ էլ իր համար երանելի այն ժամանակներն են, երբ ամեն ինչ որոշում էր Հեռուստառադիոպետկոմը: Տեղեկացնեմ նրան, որ հանրային եւ մասնավոր հեռուստաընկերությունների գործունեությունը կարգավորվում է տարբեր մարմինների կողմից: Եվ կցանկանայի, որ եթե ոչ Հրանտ Վարդանյանը, ապա իր կանադացի գործընկերը հանդիպեր ՀՌԱՀ իրավաբանական բաժնի որեւէ կրտսեր աշխատակցի հետ՝ նման պարզունակ հարցերի պատասխանն իրենց համար պարզելու նպատակով»: Ի դեպ, ըստ հայտնած տեղեկության՝ «Հայրենիքը» շարունակում է օրենքի սահմանված պահանջների խախտմամբ ծրագրերի հեռարձակումը եւ մասնավորապես՝ նախօրեին առանց համապատասխան արտոնագրման ցուցադրել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին ենթարկվող՝ հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի նկարահանած «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել