Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՐԵԱԿԱՆ

Փետրվար 16,2005 00:00

«ՔՐԵԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ» Ասում է «Արդարություն» խմբակցության անդամ, ԱԺԴ նախագահ Շավարշ Քոչարյանը – Կրակոցներով եւ սպանություններով հարցեր լուծելու գործընթացը կարծես բավականին ակտիվացել է, հանրապետությունում քրեական իրավիճակը դառնում է խիստ վտանգավոր, մասնավորապես նկատի ունեմ «ՏԷՑ-ի կրուգի» վերջին զարգացումները: Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ կրիմինալը այսքան ակտիվացել է: Հավատո՞ւմ եք, որ իրավապահները կբացահայտեն գործը: – Ցավոք, այն, ինչ կատարվում է այսօր, խիստ օրինաչափ է: Բնական է, միշտ էլ կրիմինալը հատկություն ունի գլուխ բարձրացնել այն երկրում, որն իդեալական չէ, որտեղ գործում են ստվերային հարաբերություններ: Բայց մեզանում կա մի նոր որակ, որով Հայաստանը տարբերվում է այդ տիպի երկրներից: Իշխանությունը բռնություններով եւ կեղծիքներով վերարտադրելու համար 2003-ին դիմեցին կրիմինալի օգնությանը, ընդ որում՝ կրիմինալն ավելի բարձր դասվեց, քան իրավապահ մարմինները: Այդ դիրքը, որն այն ժամանակ նվաճեցին քրեական տարրերը, բնական է, չեն ուզի զիջել: Այսինքն՝ մեզանում այնպիսի իրավիճակ է, որ ստվերային տնտեսությունը եւ քրեական տարրերը, որոնք հիմնականում համընկնում են, իրավապահից վեր են դասվում եւ վեր են կանգնեցվում: Իրավապահ մարմինները շատ լավ գիտեն դրանց իրական տերերին, գիտեն այն կարեւորագույն գործառույթը, որը հատկացված է իրենց՝ դա ներկա իշխանությունն ամեն գնով պահպանելն է: Այդ բանն իրենք անում են թե ընտրությունների ընթացքում, թե համաժողովրդական ընդվզումների ժամանակ. ապրիլի 12-13-ի դեպքերը շատ լավ ցույց տվեցին, որ իրականում իրավապահ մարմիններն այնտեղ էին որպես կատարողներ, բայց նրանց առաջնորդում էին կրիմինալն ու թիկնապահները: Սա ակնհայտ էր նաեւ մայիսի 5-ի դեպքերի ժամանակ: – Կոալիցիոն քաղաքական ուժերի ներկայացուցիչները գտնում են, որ կատարվածը քրեական հանցագործություն է եւ քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել: Հետաքրքիր է, որ որեւէ ուժ առայժմ հրապարակավ չի դատապարտել կատարվածը: – Այն, ինչ կատարվում է, քաղաքական ենթատեքստ չունի, բայց կոալիցիան չի նկատում մի կարեւոր հանգամանք, որ հենց քրեական դաշտն է դուրս մղում քաղաքականին, այսինքն՝ իրականում քրեական դաշտն է կանխորոշում ընտրությունների արդյունքները: Դրանով իսկ նա մտնում է հենց քաղաքական դաշտ: Որից հետո օգտվում է իր մատուցած ծառայություններից՝ ավելի ու ավելի խորացնելով կլանային, ստվերային տնտեսությունը: Պարզապես մարդը պետք է անհեռատես լինի, որ կատարվածն անվանի միայն եւ միայն քրեական հանցագործություն: Հասկանալի է, որ այնտեղ կրակողները քաղաքական նպատակներով չէին կրակում, բայց եկեք ավելի խորքային նայենք, վերջիվերջո ո՞րն է այդ ուժերի նպատակը՝ իշխանության հասնելը: Ի՞նչ է անում այդ հատվածը՝ կրակելով ձեռք է բերում իշխանություն: Այդ տեսակետից, չհռչակելով, որ իրենց նպատակը քաղաքական է, չհռչակելով, որ իրենք ձգտում են իշխանության, իրենց ազդեցության մեծացման՝ տնտեսության դաշտում, ըստ էության, երկիրը, որտեղ որոշում կայացնողը քաղաքական ուժերը չեն եւ երկրի զարգացումը չի որոշում քաղաքական դաշտը, քրեական եւ ստվերային տնտեսության հատվածը դառնում է քաղաքական ուժ: – Հոկտեմբերին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրությունները, եւ այսօր գնահատականներ են հնչում, որ քրեական տարրերը այդ ժամանակ բավականին ակտիվանալու են, քանի որ արդեն հայտնի են համայնքներ, որոնցում իրար դեմ են ելնելու «հեղինակություններ»: – ՏԻՄ ընտրությունները որոշակի ուժերի փորձարկում է՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ: Վերջիվերջո, կրիմինալի համար շատ կարեւոր է մեծ ազդեցություն ունենալ ԱԺ-ում: Առանց այն էլ այդ ազդեցությունը տեսնում եք, որ կա: Բայց հավակնությունը շատ ավելի մեծ է: Այդ տեսանկյունից ՏԻՄ ընտրությունները դառնալու են ուժերի ստուգարք: Մի կողմ թողնենք, որ, ինքնին, տեղական ինքնակառավարման մարմիններում դիրքեր ունենալը նպաստում է այդ ստվերային գործունեությանը: Բայց հավակնությունները, ակնհայտորեն, շատ ավելի մեծ են: Թե ինչքանով այս ընտրությունները կվերածվեն «բեսպրեդելի», կերեւա հետո: Կարծում եմ, կլինի այն մոտեցումը, ինչ տեղի ունեցավ 2002-ին, որովհետեւ սա այն դեպքն է, երբ չարժե միջազգային հանրության աչքի առաջ «ցցվել» բացասական առումով: 2002-ին, իհարկե, ՏԻՄ ընտրությունները արդար չէին, բայց առանձնապես կառչելու տեղեր չկային. ինչո՞ւ, որովհետեւ կար ավելի կարեւոր խնդիր՝ ուշադրության կենտրոնում պետք չէր լինել մինչեւ 2003-ի ընտրությունները: Իմ գնահատականն այն է, որ եթե ռեժիմը ընտրությունների ժամանակ դեռեւս կարողանա վերահսկել ամեն ինչ, այդ դեպքում արտաքուստ կփորձեն պահպանել ձեւը: Ինչքանով դա կհաջողվի՝ դժվար է ասել, որովհետեւ, երբ կրիմինալը սկսում է գլուխ բարձրացնել, երբ իրեն վեր է տեսնում իրավապահից, բնական է, սկսում է առաջնորդվել սեփական նպատակներով: Իհարկե, պետությունը կարող է «տեղը դնել», բայց մեզանում «տեղը դնողը» շատ անգամ նույն կրիմինալն է։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել