Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՈՐՍ

Փետրվար 16,2005 00:00

ՉՈՐՍ ՊՐԵՄԻԵՐԱ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ Փետրվարի 18-ից բացվում է Երեւանի պետական կամերային թատրոնի հոբելյանական՝ 25-րդ խաղաշրջանը: Այդ օրը հանդիսատեսի դատին կհանձնվի «Նազար, Նազար, մինչեւ վերջ» ներկայացման նորացված տարբերակը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը նշեց. «Մեր Նազարը նման է Դերենիկ Դեմիրճյանի Քաջ Նազարին, սակայն մենք նրան ներկայացրել ենք մեր ժամանակներին համապատասխան»: Ըստ նրա, ներկայացման մեջ փոխվել է ամեն ինչ, նույնիսկ՝ դերասանները (բացի Նազարին մարմնավորող Հրանտ Թոխատյանից), քանի որ հին բեմադրությունից շուրջ տասը տարի անց փոխվել են նաեւ մեր երկրի նազարները: Թե ովքեր են Հայաստանի Նազարի ճակատագրով ամենավառ դեմքերը, Ա. Երնջակյանը չմանրամասնեց, ընդամենն ասաց. «Անուններ չեմ տա, բայց նրանց թվարկելու համար հաստատ մատներս չեն հերիքի: Նրանք ամենուր են՝ քաղաքականությունից մինչեւ արվեստ, թեեւ նրանց մեծ մասը չի ուզում ընդունել այդ փաստը: Նազարի թեման միշտ էլ արդիական է եղել եւ դա համազգային ողբերգություն է, այստեղից էլ ներկայացման երկրորդ վերնագիրը՝ «Համազգային ողբերգություն»: Իր հոբելյանական խաղաշրջանը թատրոնը մեծ շուքով կնշի աշնանը: Այդ ժամանակ հանդիսատեսին հետաքրքիր շոու է սպասվում՝ հավանաբար Մարզահամերգային համալիրում կամ Օպերային թատրոնում: Իսկ շոուն ինչպիսին կլինի՝ Երնջակյանը դեռ չի որոշել. «Շատ բան կախված է արտերկրի հյուրերից»: Այնուամենայնիվ, Կամերային թատրոնը պատրաստել է մի շարք անակնկալներ, այդ թվում՝ չորս պրեմիերա: Այժմ թատրոնում միաժամանակ երեք նոր բեմադրության փորձ է ընթանում: Մարտի 8-ին, որպես կանանց մեծ նվեր, առաջին անգամ կներկայացվի «էտյուդ կանանց մասին» պիեսը, որը մինչեւ ապրիլի 7-ը կմնա խաղացանկում: Այնուհետեւ հանդիսատեսի դատին կհանձնվի «Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել եւ զվարճանալ» ներկայացումը: Այս պիեսը Կամերային թատրոնի առաջին բեմադրությունն է եղել: Այն նույնպես փոփոխություններ է կրել: Սկզբում ներկայացման մեջ երեք տղամարդ է խաղացել, այժմ նրանց աղջիկներ են փոխարինելու: «Սա մի քիչ աննորմալ քայլ է, բայց կարծում եմ, որ հետաքրքիր կլինի»,- նշեց գեղարվեստական ղեկավարը: Ապրիլին ռեժիսոր Արմեն Մեհրաբյանը պետպատվերով կբեմադրի «Մժեղ» ներկայացումը: Այս տարի թատրոնի խաղացանկում շուրջ 15 բեմադրություն է լինելու: Արա Երնջակյանը նշեց, որ միշտ դահլիճը լեփ լեցուն է լինում. «Ունենք հանդիսատես, որը երկրորդ-երրորդ անգամ է նույն ներկայացմանը հաճախում»: Ըստ գեղարվեստական ղեկավարի, թատրոնի ամենահրատապ խնդիրներից մեկը լուսային եւ ձայնային սարքավորումների նորոգման հարցն է. «Դրանք բազմաթիվ անգամ կարկատվելով՝ սարսափելի վիճակում են: Շատերս պոլիտեխնիկական կրթություն ունենք եւ փորձում ենք դրանք վերականգնելու մի նոր ձեւ հնարել: Ասում էին, որ «Լինսի» ծրագիրը շարունակվելու է, սակայն հույս չունենք, որ գոնե այդ ծրագրում մեր թատրոնը կընդգրկեն»: Նա ավելացրեց. «Եթե մի օր վերջնականապես փչանա լուսավորման վահանակը, ապա ստիպված կլինենք որոշ ժամանակ փակել թատրոնը»: «Առավոտի» հարցին, թե խնդրի մասին տեղյա՞կ են «վերեւներում», պրն Երնջակյանը պատասխանեց. «Նրանց դիմելիս միգուցե շատ փափուկ եմ եղել, դրա համար էլ սայլը տեղից չի շարժվում: Երեւի մեր ժամանակների համար մի քիչ միամիտ գտնվեցի. մտածում էի, որ եթե գան ու տեսնեն թատրոնի հաջողությունները, կհետաքրքրվեն մեր խնդիրներով… Դեռ լավատես եմ»: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել