Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ ԿՈՐԱՎ 15 ՄԻԼԻՈՆԸ

Փետրվար 18,2005 00:00

Ո՞ՒՐ ԿՈՐԱՎ 15 ՄԻԼԻՈՆԸ Հետաքրքրվում է ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը Ճապոնական վարկով նպաստառու ընտանիքներին երկսակագնային հաշվիչներ մատակարարելու մրցույթի հետ կապված՝ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի մտավախությունը, պարզվում է, անհիմն չէր: Նախորդ օրը Էներգետիկայի նախարարությունում կայացած կառավարման խորհրդի նիստը չի հաստատել մրցույթի արդյունքները, համաձայն որոնց, Լյովա Խաչատրյանին պատկանող «Էներգիա» կոնցեռնի արտադրած հաշվիչները պետք է օգտագործվեին բնակչության անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսի թեթեւացման նպատակով (գիշերային ժամերին օգտագործված էլեկտրաէներգիան համեմատաբար էժան է, ինչը հաշվարկելու հնարավորություն է տալիս երկսակագնային հաշվիչը): «Էներգիա» կոնցեռնը հաղթել էր մրցույթում՝ դուրս թողնելով անգամ սպասարկման համար ավելի էժան գին առաջարկող չինական «Սինոհիդրո» ընկերությանը: Սրանից հետո որոշակի դժգոհություններ էին առաջացել, որը գործարար-պատգամավորին հիմք էր տվել ենթադրելու, որ գործընթացը չեղյալ կհամարվի հօգուտ չինական ընկերության: Առայժմ նրա մտավախությունները հիմնավորվում են, որովհետեւ գաղտնի նիստից մեզ հասած տեղեկությունների համաձայն, կառավարման խորհուրդը որոշել է գործընթացը հետաձգել՝ ուսումնասիրելու համար, թե ինչու է չինական կազմակերպությունը՝ առաջարկելով ավելի ցածր գին, դուրս մնացել մրցույթից: Դա ճշտելու (ուսումնասիրելու) լիազորությունը վերապահվել է ճապոնացի խորհրդատուին: Ավելի պատկերավոր դարձնելու համար նշենք, որ խոսք է գնում մոտ 8 միլիոն դոլար «արժողության» գործարքի մասին: Լյովա Խաչատրյանը գտնում է, որ չինական ընկերությունը եւ՛ տեխնիկական, եւ՛ մի շարք այլ չափանիշներով չի համապատասխանում հայկական ստանդարտներին ու մրցույթի պահանջներին, այդ պատճառով էլ աննպատակահարմար է գտնում նրան հաղթող ճանաչելը: Ուստի, տեղին է համարում, մի ուսումնասիրություն էլ 1999 թվականին տրամադրված նմանատիպ վարկի ճակատագրի վերաբերյալ անցկացնել, որպեսզի «չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 99-ին: Այն ժամանակ հայտարարվեց համանման մրցույթ (եռաֆազ հաշվիչների համար), բայց օգտվելով այն ժամանակվա խառը վիճակից, որովհետեւ երկրում տեր չկար պարզապես, մրցույթը տեղափոխվեց ԱՄՆ: «Էներգիա» կոնցեռնը, որը հաշվիչներն արդեն տեղադրել էր եւ հայրենական շուկայում իրեն արդարացրել, չկարողացավ մասնակցել: Մրցույթի մասին մեզ տեղեկացրին 20 օր առաջ, իսկ պարզապես վիզա կարելի էր ստանալ 40 օրվա ընթացքում: Մրցույթում հաղթեց ինչ-որ «Հեկլեր-բելլի», կարծեմ ամերիկյան միջնորդ կազմակերպություն, որը ներկրեց 3 անգամ թանկ, քան հայրենական հաշվիչներն էին: Մեր հաշվիչները մրցույթին ներկայացված էին 250 դոլարով, իսկ այդ կազմակերպությունը մոտ 800 դոլարով հաշվիչներ տեղադրեց, համակարգը չկայացավ: Հաշվիչների մի մասն այսօր արդեն պահեստներում է՝ խոտանված վիճակում: Ամերիկյան ժողովրդի տված 15 միլիոն դոլար դրամաշնորհը փոշիացվեց: Սրանից 4 միլիոնը միայն խորհրդատվական ծախսեր էին: Այսինքն պետք է մեզ սովորեցնեին, թե ինչպես կարելի է հաշվիչը պատին մեխել»,- պատմեց պատգամավորը: Նա կոչ է անում ԱՄՆ նախագահին, որը «կոռուպցիայի դեմ պայքարողներից ամենաառաջնայինն է, հետազոտություն կազմակերպեն 15 մլն դոլարի ճակատագրի մասին իմանալու, որ իր երկրի ժողովուրդը տվել է Հայաստանին»: Կոնցեռնի սեփականատերը գտնում է, որ ճիշտ չէ «Հայէլցանցերի» սեփականատեր Եվգենի Գլադունչիկին երկսակագնային հաշվիչների մրցույթում «Էներգիա» կոնցեռնի հաղթանակում շահագրգռված անձ համարելը. «իրեն պետք չեն ոչ այս հաշվիչները, ոչ էլ դրանց տեղադրումը: Երեկ լսումներ էինք անում: Ասաց (Գլադունչիկը-Վ. Ա.)՝ ես կարող եմ լիցենզիայի պայմաններին համաձայն այսօր 5 տոկոսով վարկ վերցնել, 17 տոկոսով որպես ներդրում ձեւակերպել եւ 12 տոկոսը դնել գրպանս: Դա այսօրվա օրենքը թույլատրում է: Բայց ինձ ոչ ձեր հաշվիչն է պետք, ոչ ձեր արտադրողը»,- Ե. Գլադունչիկի ասածը պատմեց պատգամավորը: Նա ավելացրեց, որ առաջարկվող «չինական հաշվիչները փորձ չունեն Հայաստանում: Անցած տարի 400 հաշվիչ է տեղադրվել Սպիտակում, որոնք իրենց չեն արդարացրել: Սա էլցանցերի տեղեկատվությունն է»: Ամեն դեպքում, հիմա գործընթացն էլի կձգձգվի, իսկ անապահով 150 հազար ընտանիքները, Լ. Խաչատրյանը հիշեցնում է, որ կարող էին սկսել տնտեսել էլեկտրաէներգիայի ծախսը: Իսկ իրենց արտադրած հաշվիչը, «միգուցե արտաքինից չի փայլում, բայց «բովանդակությունը» լրիվ համապատասխանում է, եւ լրիվ մրցունակ է միջազգային շուկայում գտնվող հաշվիչների հետ: Բացի այդ, պետք է աջակցեն տեղական արտադրողին»: ՎԱՐԴՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել