Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ

Փետրվար 18,2005 00:00

ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ ԾԵԾՈՒՄ ԵՆ ՈՐԱԿԻ ՏԵՍՈՒՉՆԵՐԻՆ Հայաստանում նրանք զբաղված են ամեն ինչով, բացի իրենց պաշտպանյալի թիկունքը պահելուց: Պարզվում է, օրինակ, որ նրանք լավ մասնագիտացել են նաեւ որակի տեսուչներին ծեծելու հարցում: Երեկ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Որակի տեսչության պետ Աշոտ Մանուկյանը լրագրողներին տեղեկացրեց, որ 12 տնտեսվարող սուբյեկտների ղեկավարներ իրենց թիկնազորով խոչընդոտել են ստուգումներ իրականացնել: Ա. Մանուկյանը խուսափեց անուններ տալ, սակայն նշեց, որ տերերը հրահանգում են «տեսուչի ձեռքից բռնել ու դուրս շպրտել, եղել է դեպք, երբ աթոռն են գլխին խփել»: Չնայած տեսուչներին սպառնացող նման վտանգներին, այնուամենայնիվ 2004 թվականին պետական վերահսկողություն է իրականացվել 2249 տնտեսվարող սուբյեկտներում: Դրանցից 546-ում հայտնաբերվել է 593 խախտում: Խախտումներում գերակշռել են ապրանքի չմակնշված լինելն ու չափագիտական նորմերին չհամապատասխանելը: «Ես վստահ կարող եմ ասել, որ ջերմուկի, հացի, կաթի ոլորտում մեծ առաջընթաց կա՝ պատրաստի արտադրանքի վրա անպայման առկա են արտադրման օրն ու պահպանման ժամկետը»,- պարոն Մանուկյանի ասածի ճիշտն ու սխալը երեւաց լրագրողներին հյուրասիրած ջերմուկից՝ շշերի վրա նշված չէր արտադրության օրը: Լրագրողների ծայրաստիճան ուշադրությանն ի պատասխան, Ա. Մանուկյանն արդարացավ. «Դա հին է: Երեւի նախարարությունում է մնացել: Աշխատակազմը չի օգտագործում՝ հա բերում- դնում են»: Այնուհետեւ հավելեց. «Վստահ եղեք, դա եւս կստուգենք»: Տեսչության պետն իրենց վերագրեց այն, որ բենզինի լցակայաններում այլեւս չենք տեսնում «հորս արեւ, լավ բենզին ա» մակագրությունը: 2004-ի խախտումների աճը նախորդ տարիների համեմատ այդքան էլ չի անհանգստացնում տեսչությանը, քանի որ «մեր լավ աշխատանքի շնորհիվ է, որ այդքան խախտում է արձանագրվել»: Հնարավո՞ր է, որ խախտում արձանագրելու փոխարեն տեսուչը գումար վերցնի եւ լռի: Ա. Մանուկյանը չհամաձայնեց. «Որպես տեսչության պետ բացառում եմ, որ մեր տեսուչները գումար գանձեն ու ստվերային գործունեություն ծավալեն»: Ի դեպ, պարոն Մանուկյանն ու ասուլիսին ներկա տեսչության աշխատողները համառորեն պնդում էին, որ հացը խանութներում չի վաճառվում առանց փաթեթավորման կամ խանութում փակցված է հացի քաշը մատնանշող փաստաթուղթ: Եթե առաջնակարգ սուպերմարքեթներից բացի, նրանք մտնեն նաեւ փոքր առեւտրի կետեր՝ կտեսնեն նախկինի պես «լատոկներով» եւ առանց փաթեթի շարված հացեր, առանց «քաշային» տեղեկության: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել