Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱՎՈՐԸ

Փետրվար 22,2005 00:00

ՄԵՂԱՎՈՐԸ ՆԱԽԿԻՆՆԵ՞ՐՆ ԵՆ Փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը մամուլում պնդել էր, թե ԵԽԽՎ ԼՂ հարցով զեկուցող Դեյվիդ Աթկինսոնի զեկույցում ասված է, որ տեքստին կցվում են բացատրական փաստաթղթեր. «Այդպիսի փաստաթղթեր ներկայացրել է միայն Ադրբեջանը, Հայաստանը նման նյութեր չի ներկայացրել, կամ դրանք չեն կցվել, ինչը քիչ հավանական է: Ստացվում է, որ Ադրբեջանը ներկայացնում է իր դիրքորոշումը, իր փաստարկները նման փաստաթղթի համար, իսկ հայկական կողմը՝ ոչ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Միակ հնարավոր պատասխանը նույնն է՝ պատրաստ չենք»: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանից փորձեցինք պարզել, թե Հայաստանը իրոք չի՞ ներկայացրել այդ փաստաթղթերը, թե՞ դրանք չեն կցվել. «Նախ՝ հիշեցնեմ, որ զեկույցին կցվել է մի փաստաթուղթ, որը (ընդ որում՝ բոլորովին այլ քննարկումներում եւ ձեւաչափով) ձեւավորվել է 2003-ի գարնանը, երբ դեռ գործում էր նախորդ պատվիրակությունը: Ինչպես փաստաթղթերից ակնհայտ է դառնում՝ այդ ժամանակ Ադրբեջանի դեսպանն ուղարկել է այն ճշգրտումները, որոնք անհրաժեշտ է համարել վերոհիշյալ փաստաթղթի առնչությամբ: Տեղի ունեցած իրադարձությունների առումով այլ մանրամասների վերաբերյալ չունեմ տեղեկություններ: Ինչ վերաբերում է այս շրջանին՝ Աթկինսոնի զեկույցի քննարկումների ընթացքում ադրբեջանցիները բոլոր պատգամավորներին ներկայացրել են որոշակի նյութեր: Եվ ինքս էլ եմ ներկայացրել նյութեր Ղարաբաղի հարցի պատմության հետ կապված՝ ինչպես է ծագել այս հակամարտությունը, ինչ ընթացք է ունեցել, ինչ հիմքով է անկախություն հռչակել Լեռնային Ղարաբաղը եւ այլն: Այնպես որ՝ մեր պատվիրակության գործունեության ընթացքում երբե՛ք այդպիսի բան չի եղել, որ ինչ-որ առումով մենք հետ մնանք ադրբեջանցիներից եւ ձեւավորվի կիսատ պատկերացում»: Ստացվում է, որ Թերի Դեւիսին ոչ բավարար փաստաթղթեր ներկայացնելու պատասխանատվությունը ԵԽԽՎ-ում մեր նախորդ պատվիրակությա՞նն է, որը գործում էր այժմ Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել