Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՁԸ» ՊԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ԷԼ Է ԿԾՈՒՄ

Փետրվար 22,2005 00:00

«ՕՁԸ» ՊԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ԷԼ Է ԿԾՈՒՄ «Առավոտի» խմբագրություն դիմած ՊԱԿ-ի 22 տարվա աշխատակից Վլադիսլավ Ներսիսյանը իր զարմանալի պատմությունը ներկայացնելով, խնդրեց հրապարակումը անվանել «Օձը տաքացնողին է կծում»: Երկրորդ կարգի հաշմանդամ Վ. Ներսիսյանը անվտանգության երաշխիք էր խնդրում, ներկայացնելով մի պատմություն, որը, ըստ իրեն, սկսվել է 1987-ի սեպտեմբերի 24-ին: Չարենցի փողոցում Վարդուհի անունով մի կին լացակումած կանգնեցնում է իր մեքենան: Կնոջ կողքին կային երկու մանկահասակ երեխաներ: Կնոջը հասցնում է 3-րդ մաս, իսկ երբ հետաքրքրվում է, թե ինչո՞ւ է հուզված, կինը պատասխանում է, որ ամուսինն ուզում է իրեն սպանել եւ որ դիմել է դատարան՝ զրկելու իր երեխաներից: Այս պատմությունը ոստիկանությանը հայտնի էր՝ ամուսինը ինքնաշեն արկ էր գցել Սարի թաղի գնացքի գծերի մոտ, որովհետեւ նրան տեսել էր մեկ ուրիշ տղամարդու հետ: Վ. Ներսիսյանը թողնում է իր տվյալները եւ հեռանում: Հաջորդ օրը նրան զանգահարում է այդ կինը եւ հայտնում, որ պետք է տեղափոխվի Եղեգնաձոր: Վ. Ներսիսյանը պատմեց, որ երեխաների հետ նրան տանում է Եղեգնաձոր, իսկ մի քանի օր անց, նրա խնդրանքով վերադարձնում Երեւան: Երբ հասնում են Երեւան, կարծում է, թե կինը կգնա Սարի թաղ, սակայն նա ասում է՝ տար 3-րդ մաս: Հայտնվում են ինչ-որ վարձակալած բնակարանում եւ Վ. Ներսիսյանը այնտեղ տեսնում է «փողոցային աղջիկների», իսկ «խմբի անդամներից մեկը», չիմանալով ով է Վ. Ներսիսյանը, լկտի տոնով հարցնում է կնոջը՝ «սրան որտեղի՞ց բռնացրիր»: Վ. Ներսիսյանին այլ բան չի մնում, քան հեռանալ: Որոշ ժամանակ անց դարձյալ զանգում է վերոնշյալ կինը եւ ասում, որ այլեւս չի կարող մնալ ամուսնու ընտանիքում: Վ. Ներսիսյանը օգնում է կնոջը պատսպարվել իր ընկերներից մեկի բնակարանում: Չնայած հետագայում հանդիպել է ամուսնուն եւ իմացել ողջ ճշմարտությունն այդ կնոջ մասին: Վ. Ներսիսյանը պատմում է, որ իրեն 3 ամսով գործուղման են ուղարկում եւ երբ վերադառնում է, առանց զանգի գնում է վարձակալած բնակարան եւ տեսնում կանանց նույն խմբին, որոնց շատ կոպիտ ասում է՝ «այս տան ճանապարհը մոռացեք» եւ դուրս հանում նրանց: Նա ասում է, որ իր տվյալներով, այդ կանայք զբաղվում էին կավատությամբ՝ որոշակի գումարով: Վ. Ներսիսյանը օգնում է Վարդուհու երեխաներին, որոնք ավարտում են դպրոցը, նույնիսկ ընդունվում բուհ: Հետագայում նկատում է, որ օրերով, շաբաթներով անհետանում էր: Որոշ կասկածներից հետո նա գտնում է հեռախոսահամարներ. վարորդից մինչեւ կառավարության անդամներ, որոնք «գործուն հարաբերությունների մեջ են եղել այս կնոջ եւ նրա խմբի անդամների հետ»: Ի դեպ, խմբագրությունում կան խմբի անդամների անունները, որոնցից մեկը գրասենյակ ուներ եւ, ըստ Վ. Ներսիսյանի, օգնում էր համապատասխան մասնագիտության կանանց դուրս գալ հանրապետությունից, Շենգեն վիզաներ էր խփում: Մի օր էլ, երբ Վ. Ներսիսյանը արդեն հասկացավ, որ ծուղակն է ընկել, գնում է գրասենյակ, ուր աշխատում էր Վարդուհու ընկերուհին: Այստեղ էլ սկսվում է մի պատմություն: Տնօրենուհին խոստանում է «թիթեռ սարքել» Վ. Ներսիսյանին: Եվ սարքում է: Խուլիգանության, ահաբեկելու համար Վ. Ներսիսյանին բռնությամբ տանում են Շենգավիթի ոստիկանության բաժին, ուր հիշյալ աղջիկների խումբն իրեն շատ ազատ էր զգում: ՊԱԿ-ի նախկին աշխատակցին երեք օր պահում են Շենգավիթի ոստիկանության հերթապահությունում: Սկսվել էին երիկամների ցավերը, շտապօգնությունն էր գործին խառնվել: Այդպես էլ Վ. Ներսիսյանին ուղեկցում են Շենգավիթի առաջին ատյանի դատարան, որպեսզի ընտրեն խափանման միջոց կալանքը: Դատարանը չի ընտրում կալանքը: Իսկ այդ ընթացքում քայքայվում է Վ. Ներսիսյանի ընտանիքը: ՊԱԿ-ի աշխատակիցը հանդիպում է ակնարկված հեռախոսահամարների տերերին: «Նրանք բոլորն էլ ծուղակն էին ընկել եւ լավ է, որ շատերը պրծել էին $50-70-ով: Փոխնախարար մեկը խոստովանել էր, որ պրծել է 40 գրամանոց ոսկե շղթայով»,- ասաց Վ. Ներսիսյանը: Վերջինս ուզում է առողջական խնդիրները լուծելուց հետո հետամուտ լինել այս խմբի բացահայտմանը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել