Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ

Փետրվար 23,2005 00:00

ԸՆԴԴԵՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը խոստանում է պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ: «Առավոտի» հետ զրույցում Հայոց համազգային շարժում կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը ցավով արձանագրում է, որ Հայաստանում իշխանափոխության մի հնարավորություն կորսվեց՝ նկատի ունենալով անցած ընտրությունները, եւ գտնում է, որ մեր ընդդիմությունը հարված ստացավ. «Վստահ լինելով, որ ոչինչ հնարավոր չէ անել, ականատեսը եղավ նրա, որ թե Ուկրաինայում, թե Վրաստանում մի քիչ ավելի վճռական լինելով՝ կարողացան հաջողության հասնել»: Որ Հայաստանում այսօր առկա է իշխանափոխության հրամայականը, պարոն Զուրաբյանը կասկած չունի, սակայն «իրագործման ձեւն ու ճանապարհը դեռեւս գտնված չեն»: Դաշտում առկա միակ կռվանը, ըստ ՀՀՇ նախագահի, սահմանադրական փոփոխություններն են. «Ցանկացած քաղաքական ուժ եթե խոսում է այն մասին, որ ինքը պատրաստ է այս կամ այն պայմանով քննարկել Սահմանադրության փոփոխության հարցը, ակնհայտ նպաստում է իշխանություններին, այն առումով, որ, փաստորեն, հաստատում է նրանց լեգիտիմությունը: Գուցե չգիտակցելով, բայց լծվում են այդ աշխատանքին: Այս իշխանությունն իրավունք չունի Սահմանադրություն փոխելու, քանի որ ինքը ձեւավորվել է՝ լուրջ հարցականի տակ դնելով իր լեգիտիմության գործոնը»: «Առավոտի» դիտարկմանը՝ «Հնարավո՞ր է սահմանադրական փոփոխությունները ՀՀՇ-ի համար դառնան պայքարի սկիզբ», Ա. Զուրաբյանը պատասխանեց. «Դա կարող է ազդարարել գործընթացի սկիզբը: Կարելի է այդպիսի գնահատական տալ: Մենք փորձելու ենք հասարակությանը բացատրել, թե ինչքանով է սխալ այսօր գնալ այդ փոփոխություններին»: Իսկ խորհրդարանական ընդդիմության մ ասով պարոն Զուրաբյանը գտնում է, որ «նրանք շատ անելիքներ ունեն «Ընտրական օրենսգրքի» ուղղությամբ: Ես, իհարկե, չեմ հավակնում ուղղություն տալ, թե ինչպես գործեն, բայց կարծում եմ, որ պառլամենտում գտնվող ուժերը պարտավոր են ՀՀ հասարակությանը տալ այնպիսի օրենք, որը թույլ կտա մեր երկրում նորմալ ընտրություններ իրականացնել: Վստահ եմ՝ թե ընդդիմությունը, թե իշխանությունը շատ լավ գիտակցում են, որ հին ընտրությունների նման ընտրություն իրականացնել Հայաստանում այլեւս հնարավոր չէ: Հակառակ պարագայում, իհարկե, կարող են ծնվել հեղափոխություններ: Իսկ այն, ինչ հիմա քարոզվում է՝ անկեղծ ասած, մի քիչ անհասկանալի է իրականացման ճանապարհը: Ողջունելի է, եթե սկսվի նման գործընթաց եւ հասարակությունը գնա դրա ետեւից, սակայն վստահ չեմ, որ արդյունքի կհասնեն: Դա լուրջ գործընթաց է եւ դրան լուրջ է պետք վերաբերվել»: Ինչ վերաբերում է ԼՂՀ հարցին. «Այն կարծրացած, հարցը ձգձգելու մոտեցումը, որը որդեգրել է այս իշխանությունը, օր օրի պարտություն է կրում: Տարօրինակ է, երբ Վարդան Օսկանյանը խոստովանում է, որ այլ երկրի արտգործնախարարն այս հարցի մասին ավելին գիտե, քան ինքը: Ի դեպ, ինձ զարմացնում է հենց ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը կամ դրա սուր արտահայտման բացակայությունը: Նույնիսկ նրանք են փորձում այդ բանաձեւերում դրական երանգներ գտնել: Չհասկանալ, որ սա քաղաքական պարտության ճանապարհն է, նշանակում է արձանագրել, որ զուր ես զբաղվում քաղաքականությամբ: Իշխանությանը միշտ թվում է, թե հսկայական ժամանակ ունեն խնդիրն այսպես պահելու: Իրականում այդ ժամանակը չկա: Եվ եթե շարունակենք այս ճանապարհը՝ ստանալու ենք ավելի քիչ, քան կարող էինք ստանալ մի քանի տարի առաջ»,- ասում է Արարատ Զուրաբյանը: Ըստ նրա, եթե միջազգային հանրությունը ԼՂՀ հարցում առավել սրի իր դիրքորոշումը, դա կարող է դառնալ Հայաստանում իշխանափոխության հիմք՝ «ես չեմ կարծում, որ իշխանությունն ունի այլ քայլ, որը հասարակության կողմից դրական կընդունվի»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել