Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՍԿԱԾԵԼԻ

Փետրվար 23,2005 00:00

ԿԱՍԿԱԾԵԼԻ ԿՀԱՄԱՐՎԻ 20 ՄԼՆ ԴՐԱՄԻՑ ՄԵԾ ԳՈՒՄԱՐԸ Տեղեկատվությունն այն մասին, որ այսուհետեւ բանկերում սեփական հաշվին գումար ավելացնելիս պետք է բացատրություններ տաս բանկին, աժիոտաժային տրամադրություններ է առաջացրել մարդկանց մեջ: Նոր պահանջը սահմանված է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով: Սա միջազգային պրակտիկայում ընդունված մոտեցում է, սակայն, որպես կանոն, սահմանվում է որոշակի գումար գերազանցելու դեպքում՝ կախված տվյալ երկրի բնակչության միջին եկամտի չափից եւ այլն: Ըստ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Փիրուզ Սարգսյանի, մեզ մոտ կասկածելի կհամարվեն բանկ ներդրվող 20 մլն դրամը (այսօրվա փոխարժեքով՝ ավելի քան $42 հազար) գերազանցող ավանդները: Այդ դեպքերում բանկն ավանդատուից բացատրություններ կպահանջի միջոցների ծագման աղբյուրների մասին: Դրանից ավանդները չեն համարվի կասկածելի: Բացառություն են կազմելու անշարժ գույքի վերաբերյալ գործարքները: Այդ դեպքում հաշվետու կհամարվի 50 միլիոն դրամը գերազանցող գործարքը: Բացի այդ, հաշվի առնելով, որ հայերն աշխարհով մեկ սփռված են, օրենքում, այսպես ասած, «խոպանչիների» դրույթ է մտցվել, ըստ որի արտերկրում գտնվող մեր հայրենակիցների Հայաստան ուղարկած 5 միլիոն դրամը չգերազանցող գործարքի վերաբերյալ հաշվետվություններ չեն պահանջվի: «Ինչպե՞ս է ստուգվելու կանխիկ խնայողություն ներդնող ավանդատուի բացատրությունները» «Առավոտի» հարցին Փ. Սարգսյանն ասաց. «Ամեն բանկ անհատական մոտեցում ունի: Օրենքի համաձայն, եթե անգամ հաճախորդի բանավոր բացատրությունները, որ այդ եկամուտներն օրինական ճանապարհով են ստացված, բանկին հիմնավոր են թվում, ապա բանկն իրավունք ունի հավատալու: Օրենքը շատ մեղմ է, ամեն ինչ արվել է, որպեսզի ապահովվի ավանդների հոսքը բանկային համակարգ»: Հաշվի առնելով մեր ազգաբնակչության կենսամակարդակը, կարելի է ենթադրել, որ այս օրենքը մեր երկրում քիչ մարդկանց կառնչվի: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել