Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Փետրվար 24,2005 00:00

Ավստրիայի
հետ համագործակցության հնարավորությունները մեծ են, եթե մեր պաշտոնյաները փոքր-ինչ
ավելի շատ ջանք թափեն: Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ համագործակցության առաջին
համաձայնագիրը կնքվել է 1994-ին: Սակայն գործերը, ըստ էության, դանդաղ են առաջ գնացել:
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցի շրջանակներում խնդիր է դրված ակտիվացնել
համագործակցությունը: Ավստրիայի տնտեսության եւ աշխատանքի փոխնախարար, ԵՄ ընդարձակման
հարցերով բաժանմունքի տնօրեն, հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ
Յոհան Սաքսը Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ հետաքրքիր հաշվարկ ներկայացրեց,
ըստ որի՝ յուրաքանչյուր ավստրիացի Հայաստանից «գնել է» մոտ երկու ցենտի ապրանք, իսկ
ամեն հայ՝ մեկ եվրո ութսուն ցենտի: Այս օրինակով պարոն Սաքսը բացատրում էր, որ ապրանքաշրջանառությունը
Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ բավարար ծավալներ չունի, իսկ Հայաստանից ներկրվող արտադրանքի
93%-ը հայկական գորգեր են: Երեկ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման
էին եկել նաեւ Ավստրիայի տնտեսության եւ աշխատանքի նախարարության մի մեծ խումբ ղեկավար
աշխատակիցներ, որոնց հետ երկու ժամ տեւած հանդիպումից հետո տասը հարցերի շուրջ պայմանավորվածություններ
ձեռք բերվեցին: Նաեւ բացահայտվեց մի ցավալի իրողություն: Արդեն երկու տարուց ավելի
ստեղծված Հայաստան-Ավստրիա միջկառավարական տնտեսական հանձնաժողովը ոչ մի գործունեություն
չի ծավալել, ըստ էության՝ հայկական կողմի համանախագահ Կարեն Ճշմարիտյանի թեթեւ ձեռքով:
Երեկ ավստրիական կողմի համանախագահը արձանագրեց, որ հանձնաժողովը ընդամենը մեկ նիստ
է գումարել, այն էլ այն օրերին, երբ Ավստրիա էր ժամանել ՀՀ նախագահը: Ավստրիական
կողմը բազմիցս խնդրել է Հայաստանի կառավարությանը համապատասխան գրությամբ տեղեկացնել,
թե կոնկրետ ինչ հարցերի շուրջ են ուզում համագործակցել: Ընդ որում, այդ տեղեկությունները
պետք է հաղորդվեին մինչեւ անցած տարվա սեպտեմբեր, որպեսզի հաջորդ տարվա բյուջեում
ներառվեին նաեւ այդ ծրագրերը: Հայաստանի տնտեսական զարգացման եւ արդյունաբերության
նախարարը մինչ այժմ, հավանաբար, մտածում է այդ հարցերի շուրջ, իսկ ավստրիացիները
վաղուց կազմել ու կենսագործում են իրենց բյուջեն, որտեղ Հայաստանին վերաբերող որեւէ
ծրագիր չկա: Յոհան Սաքսը, որը բավականին հումորով մարդ էր, հանդիպման ընթացքում
շարունակ շեշտում էր իր ջերմ վերաբերմունքը հայերի հանդեպ: Նախ ասաց, որ մեղրամիսը
Հայաստանում է անցկացրել, հետո էլ հիշեց, որ ավստրիացի սպաները մի քանի հարյուր տարի
սովորություն ունեն ամուսնանալ գորգ վաճառող հայուհիների հետ: Յոհան Սաքսը ծանոթ
էր նաեւ հայկական կոնյակին. «Այնքան եմ խմել «Արարատ» կոնյակ, որ խմելուց հետո երկու
Արարատ եմ տեսնում, մեկը՝ օտար երկրում, մյուսը՝ Հայաստանում»: Արթուր Բաղդասարյանի
հանդիպումները բավականին հագեցած են: Ավստրիայի գիտությունների ակադեմիայի նախագահ
Հերբերտ Մանգլի հետ հանդիպման ժամանակ պարոն Բաղդասարյանը շեշտեց, որ Հայաստանը խիստ
կարեւորում է գիտական առաջընթացը եւ ունի բավարար ներուժ գիտության տարբեր ոլորտներում
հաջողությունների հասնելու համար: Հանդիպման արդյունքում որոշվեց, որ պարոն Մանգլը
սեպտեմբերին կժամանի Հայաստան եւ տեղում կորոշվեն երկու երկրների ակադեմիաների եւ
գիտական աշխարհի շփման կետերը: Ավստրիայի ակադեմիան համագործակցության փորձ ունի
թվով մոտ 50 երկրների ակադեմիաների հետ (նաեւ՝ Վրաստանի ու Ադրբեջանի), եւ պրն Բաղդասարյանն
առաջարկեց, որ Հայաստանը դառնա 51-րդը: Հերբերտ Մանգլը ընդունեց համագործակցության
առաջարկը, բայց շեշտեց, որ իրենք սովորաբար քննարկում են երկրների հետ շփումների
հնարավորությունները եւ պայմանագիր են կնքում այն երկրների հետ, որոնց առնչությամբ
վստահ են, որ աշխատանքը շարունակական կլինի: Ի դեպ, Ավստրիայի ակադեմիան տարեկան
80 միլիոն եվրո է ստանում բյուջեից, եւ սա միայն ակադեմիան, իսկ ակադեմիական ցանցում
գտնվող գիտական կենտրոնները ֆինանսավորվում են առանձին: Երեկ Արթուր Բաղդասարյանը
հանդիպեց նաեւ Վիեննայի երկրամասի խորհրդարանի փոխնախագահ Էրիկա Շտուբենֆոլի հետ:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՎիեննա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել