Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԻՏԱԼԱՑԻՆ ՀԱՅ ԲԵՄՈՒՄ

Փետրվար 24,2005 00:00

Իտալացի
աշխարհահռչակ օպերային երգիչ, իր սերնդի bel canto-ի առաջատար վարպետներից եւ Վերդիի
օպերաների բարիտոնային դերերգերի մեծահամբավ կատարող Ռենատո Բրուզոնը Երեւանում է:
«Ա. Խաչատրյան» համերգասրահում, փետրվարի 25-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ
նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) նա հանդես կգա ընդամենը մեկ
համերգով, ծրագրում՝ արիաներ Վերդիի օպերաներից: Տեղեկացնենք, որ 69-ամյա
երգչի բեմելը կայացել է 1961-ին, Սպոլետոյում՝ կոմս դի Լունայի դերերգով (Վերդի,
«Տրուբադուր»): Իսկ Միլանի «Լա Սկալայում» առաջին անգամ բեմ է բարձրացել 1972-ին,
որին մինչ օրս հաջորդել են նրա ելույթները աշխարհի հեղինակավոր օպերային բեմերում՝
Բոննից մինչեւ Ֆլորենցիա եւ Տոկիո, Լոնդոնից մինչեւ Սան Ֆրանցիսկո, հայտնի սիմֆոնիկ
նվագախմբերի եւ դիրիժորների հետ: Լ. Բրուզոնի իմպրեսարիոն՝ ազգությամբ հունգարացի
Թամազ Բատորը, ընդառաջելով «Առավոտի» խնդրանքին, թույլատրեց մի քանի րոպե տեւողությամբ
հարցազրույց երգչի հետ: Նախօրեին Երեւանի օդանավակայանում փոքրիկ զրույցի
ժամանակ երգիչը հայտարարել էր, որ իր ճանաչած միակ հայը Արամ Խաչատրյանն է: Մեր դիտարկմանը՝
«Աշխարհահռչակ երգիչ Լուչիանո Պավարոտին հեռուստազրույցներից մեկի ժամանակ հայտարարել
է, որ աշխարհում ամենաճանաչված ու հանրահայտ «կոկորդները» իտալական, ռուսական եւ
հայկականն են: Իսկ 1800-ական թվականներին «Լա Սկալայի» հռչակավոր երգիչ Ֆիորետոյի
մոտ են սովորել սփյուռքահայ երգիչներ Բեգլար Ամիրջանյանը, Արշակ Կոստանյանը, Ներսես
Շախլամյանը, Մակար Բարտիկյանը եւ Նադեժդա Պապայանը: Ի վերջո, ձեր ժամանակակիցներն
են աշխարհահռչակ Լիլի Չուքասզյանը, Լուսին Ամարան, Քեթի Բերբերյանը, Լին Դուրյանը,
արդյոք ստեղծագործական կյանքը ձեզ չի՞ հանդիպեցրել նրանցից որեւէ մեկին», երգիչը
պատասխանեց. «Անշուշտ, ձեր նշած անունները լսել եմ, բայց իմ ժամանակակից հայազգի
երգիչներից որեւէ մեկի հետ բեմ չեմ բարձրացել: Շատ հնարավոր է, որ, օրինակ, «Լա Սկալայում»
կամ «Մետրոպոլիտենում» նույն ժամանակահատվածում պայմանագրեր կնքած երգիչները միմյանց
ընդհանրապես չհանդիպեն՝ տարբեր ներկայացումներում զբաղված լինելու պատճառով: Ինչ
վերաբերում է ձեր նշած «կոկորդներին», ընդունելով Պավարոտիի կարծիքը, այդուհանդերձ,
ես դատավոր չեմ ու չեմ կարող դատել: Երգիչներին ազգություններով չեմ տարբերակում»:
Ժամանակակից օպերային երգիչներից աշխարհահռչակ բարիտոնը ճանաչում է հայաստանցի
օպերային երգչուհիներ, այսօր ավստրիաբնակ Հասմիկ Պապյանին եւ գերմանաբնակ Կարինե
Բաբաջանյանին: Հայաստան առաջին անգամ այցելած երգչից հետաքրքրվեցինք, թե արդյոք
կիսո՞ւմ է այն տարածված կարծիքը, որ հայերն ու իտալացիները նման են «տեմպերամենտով»:
«Հայերի «տեմպերամենտին» ծանոթ չեմ, բայց արտաքինով շատ նման ենք: Ձեր հարցին կպատասխանեի,
եթե ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ գոնե մի փորձ անցկացրած լինեի կամ արդեն ծանոթ լինեի
հայ հանդիսատեսին»,- ասաց Ռենատո Բրուզոնը: Հետաքրքրվեցինք նաեւ ընդունված
այն սովորությամբ, որ հանրահայտ երգիչները, «դողալով» իրենց ձայնի համար, հյուրախաղերից
առաջ հրավիրող կողմին ներկայացնում են իրենց սննդակարգը՝ հասկանալի պատճառով: Աշխարհահռչակ
երգիչը հաստատելով մեր ասածը՝ հայտնեց, որ ինքը սիրում է համտեսել տարբեր ժողովուրդների
կերակրատեսակները ու սնվելու հարցում կամակոր չէ: Տանել չի կարողանում հատկապես ծխախոտի
ծուխը: Երեկ երեկոյան «Առավոտին» հայտնի դարձավ, որ ՀՊՖՆ-ի գեղարվեստական
ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի առաջարկով Ռ. Բրուզոնը համաձայնել է
զուգերգով հանդես գալ ճանաչված բաս Բարսեղ Թումանյանի հետ: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել