Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԹՈՒՐ

Փետրվար 24,2005 00:00

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է Արձագանքելով վարչապետ Անդրանիկ Մարգարյանի այն պնդմանը, որ ԱԺ նախագահին առընթեր հանձնաժողովների գոյությունը չի համապատասխանում ԱԺ կանոնակարգին, եւ նա հանձնարարել է գործադիր մարմիններին չարձագանքել այդ հանձնաժողովների «թղթերին», ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Նախ՝ լավ չէ, երբ երկրի վարչապետը երկրի ԱԺ նախագահի հետ հաղորդակցվում է մամուլի միջոցով. կան հաղորդակցության ավելի ընդունելի եղանակներ: Երկրորդ՝ նույն հաջողությամբ կարելի է հարցնել՝ ո՞ր օրենքի հիման վրա են ստեղծվում վարչապետին առընթեր խորհուրդներ: Երրորդ՝ ես գտնում եմ, որ իրավական որեւէ խոչընդոտ չկա հասարակական կարգով խորհրդակցական մարմիններ ստեղծելու առումով: Այդ է վկայում նաեւ միջազգային փորձը: Բացի այդ, ԱԺ նախագահը Սահմանադրությամբ եւ ԱԺ կանոնակարգով ապահովում է խորհրդարանի բնականոն գործունեությունը: Այդ նպատակով կազմակերպությունների եւ քաղաքացիների դիմումներին արձագանքելու համար անհրաժեշտություն է առաջանում լսել փորձագետների կարծիքը, ԱԺ նախագահի մասնակցությամբ քննարկումներ կազմակերպել այն սոցիալական խավերի հետ, որոնց վերաբերյալ օրենքներ են ընդունվում: Չորրորդ՝ ինչ վերաբերում է տեղեկատվություն չտալու հրահանգին, ապա յուրաքանչյուր քաղաքացու նման` ԱԺ նախագահը, ինչպես նաեւ նրա կողմից ստեղծված հանձնաժողովները (որոնցում, ի դեպ, ԱԺ պատգամավորներ կան) օրենսդրությամբ նախատեսված կարգով իրավունք ունեն տեղեկատվություն ստանալ պետական մարմիններից: Վերջապես՝ երկրում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնց քողարկումը չի նշանակում, որ դրանք չկան: Այդ խնդիրները պետք է լուծվեն համատեղ՝ առանց «իմ ու քո» անելու: Ճշմարտությունը սկզբում թվում է ծիծաղելի, այնուհետեւ՝ վիճարկելի, իսկ վերջում դառնում է անբեկանելի: Խորհուրդներն ապացուցեցին, որ իրենց գործունեությունը հիմնավորված է: Այդ է վկայում ժողովրդի թե՛ գրավոր, թե՛ բանավոր արձագանքը»: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել