Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեցցո» քննադատություն ՀՌԱՀ-ին

Փետրվար 25,2005 00:00

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՌԱՀ-ը «Հայրենիք» հեռուստաընկերությանը պարտադրում է տուգանք վճարել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով՝ «Մեցցո» հեռուստաընկերության ապօրինի վերահեռարձակման համար:

«Հայրենիք» հեռուստաընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանը «Առավոտին» տված հարցազրույցում տեղեկացրել էր, որ «Հայրենիքը» քանիցս դիմել է «Մեցցոյի» ղեկավարությանը՝ արտոնագիր ստանալու խնդրանքով, եւ վերջինս թույլատրել է առանց արտոնագրի վերահեռարձակել իրենց հաղորդումները: Սակայն ՀՌԱՀ- «Հայրենիք» «բանավեճը» գնալով նոր թափ է ստանում: Երեկ խնդրի մասին իրենց տեսակետները հայտնեցին նաեւ մշակույթի գործիչներից մի քանիսը:

Արմեն Մելիքսեթյան- Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն. «Ես չգիտեմ, «Հայրենիքը» օրենքը խախտում է, թե ոչ, բայց մի բան հստակ է: Շատ սխալ կլինի, եթե հաղորդումը փակվի: «Հայրենիքը» եւ ռուսական «Կուլտուրան» միայն դրական իմպուլսներ են տալիս: «Մեցցոյի» հաղորդումները վերահեռարձակելն արգելելը միայն բացասական ազդեցություն կունենա: Ինչ է, ուզում են «Հայրենիք» հեռուստաընկերությո՞ւնն էլ որոշ ալիքների նման նեյնիմներ հրամցնի ժողովրդին»:

Ռուբեն Բաբայան- Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն. «Մեցցոյի» հաղորդումները հրաշալի են, եթե «Մեցցոյի» հեղինակները բողոք չեն ներկայացնում «Հայրենիքին», չեն խոչընդոտում իրենց հաղորդումների վերահեռարձակելուն, ուրեմն էլ ի՞նչ խնդիր կա: Պարզապես պետք է ուրախանալ ու ողջունել, որ մեզ էլ են հասու դրանք: Ինչ վերաբերում է ՀՌԱՀ-ին, այն իր գոյության տարիներին այնքա՜ն է վարկաբեկել իրեն, որ եթե անգամ երբեւէ արդարացի որեւէ որոշում կայացնի, մարդիկ պիտի կասկածեն վերջինիս անաչառությանը: ՀՌԱՀ-ը ողջ կազմով վաղուց հեղինակազրկված է, թող նախ մտածի սեփական հեղինակությունը վերականգնելու մասին»:

Զավեն Սարգսյան- Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն. «Հազիվ մի նորմալ բան էինք դիտում, ուզում են արգելե՞լ: ՀՌԱՀ-ի արածը ուղղակի խայտառակություն է: Թող փոխարենը գնա-անալիզ անի, թե ինչ են ցույց տալիս մյուս ալիքները: Թեկուզ Հ1-ը, որի որոշ հաղորդումների մակարդակը խայտառակ ցածր է»:

Կամո Հովհաննիսյան- Օպերային թատրոնի տնօրեն. «Չգիտեմ իրավական տեսանկյունից ինչն է թույլատրելի, ինչը՝ ոչ: Գտնում եմ, որ «Հայրենիքը» հրաշալի հաղորդումներ է ցուցադրում, ու մենք, ի տարբերություն որոշ ալիքների, այն հաճույքով ենք դիտում: «Մեցցոյի» հաղորդումները հրաշք են, արժե, որ դրանք ժողովուրդը դիտելու հնարավորություն ունենա»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել