Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

Փետրվար 25,2005 00:00

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ Շիրակավանի, Փոքր Մանթաշի եւ Լեռնակերտի «պատրիոտ» գյուղապետերը զբաղված են եղել պետական ունեցվածքի թալանով: Մարզի որոշ համայնքապետերի թույլ տված չարաշահումների մասին նույնիսկ խոստովանում է «օրենքի տառով» առաջնորդվող ու Շիրակի դատախազության օգնությանը հաճախակի դիմող Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանը: Չնայած, հիշյալ գյուղապետերի դեմ քրեական գործեր հարուցվել են ոչ նրա բողոքով: Գործերի հարուցումը գյուղապետերի համար հավանաբար անակնկալ չէր: Դեռեւս մարզխորհրդի նիստերի ժամանակ մարզպետը «երդում կերածներին» (նա այսպես անվանում է այն համայնքապետերին, ովքեր ոչ մի լումայի հարկ չեն մուծում) հաճախակի է սպառնացել՝ անգամ ասելով, թե «մեզ նման համայնքապետեր պետք չեն»: Իսկ վերջիններիս պիտանի կամ էլ անպետք լինելը հետո, որպես կանոն, «ճշտվում» է Շիրակի մարզի դատախազությունում: Օրերս Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում լսվեցին հիշյալ գյուղապետերի դեմ 2004 թվականին հանցագործություններ կատարելու մեղադրանքով հարուցված քրեական գործերը: Հանցագործները տուգանվեցին ընդամենը 450-500 հազար դրամով: Գյուղապետերից ամենամեծ հանցանքը կատարել էր Փոքր Մանթաշի գյուղապետ Գեղամ Հակոբյանը, որը գործել էր ոչ թե մենակ, այլ թիմի որոշ անդամների՝ աշխատակազմի քարտուղարի, խորհրդականի ու գլխավոր ֆինանսիստի օգնությամբ: Շիրակի մարզի դատախազության ուսումնասիրություններից պարզվել էր, որ գյուղապետը պաշտոնական մի շարք կեղծիքների հեղինակ է: 2002-2004 թթ. Գեղամ Հակոբյանը իր հարազատ եղբորն է վաճառել համայնքի սեփականություն հանդիսացող երաժշտական դպրոցի 2 միլիոն դրամ արժողության շենքը: Այս գործարքի հետեւանքով համայնքին պատճառվել է 1 միլիոն 694 հազար դրամի «էական վնաս»: Ընդ որում, հիշյալ շենքն օտարելիս իր աշխատակազմի քարտուղարի հետ համատեղ կեղծել է ավագանու նիստի արձանագրությունից կատարված քաղվածքը. «Ելնելով երաժշտական դպրոցի շենքի ոչ բարվոք վիճակից, տալ համաձայնություն շենքի օտարման մասին» որոշումը դարձրել է «ընդունել գյուղապետի առաջարկը, ստեղծել մրցութային հանձնաժողով նախկին երաժշտական դպրոցի շենքի օտարման մասին եւ մեկնարկային գինը սահմանել 612 հազար դրամ» բովանդակությամբ: Գյուղապետը ձեռքն ընկածը քոռ ու փուչ չի արել. նա անգամ յուրացրել է գյուղապետարանի բյուջեի հաշվին «Նարեկ 97» ՍՊԸ խանութից փոխանցված մանր- մունր ապրանքները՝ զուգարանակոնքը (ունիտազ), սալիկները (կաֆելը, մետլախը), լվացարանն ու հաղորդալարը: Իսկ Շիրակավանի գյուղապետ Գեւորգ Հարությունյանը հայտնաբերել էր փող աշխատելու ավելի «հետաքրքիր» մեթոդներ: Նա կեղծ տեղեկանքների խնդրանքով իրեն դիմած գյուղացիներից եւ ոչ մեկին չի մերժել: Դատախազության ուսումնասիրությունների համաձայն, 2004 թվականին մի շարք գյուղացիների խնդրանքով կեղծ տեղեկություններ են մտցվել գյուղացիների «սեփականություն հանդիսացող վարելահողերի չափերի, կարգերի, անասունների գլխաքանակի եւ ընտանիքում բացակա անձանց վերաբերյալ՝ բարձրացնելով նրանց կարիքավորության միավորն ու պետությանը պատճառելով 194.500 դրամի զգալի նյութական վնաս»: Իսկ Լեռնակերտ գյուղի 1996-2001 թթ. գյուղապետ Հենրիկ Սիմոնյանը, որը սխալմամբ կարծել է, թե իր պաշտոնաթող լինելուց հետո վտանգն անցնելու է, ժամանակին մեծ-մեծ, ձեւական պաշտոններ է բաշխել ազգականներին, յուրացրել նրանց անունով գրված աշխատավարձերը: Զավեշտալին այն է, որ պաշտոնյան գրպանել է նաեւ հարազատ համայնքի՝ «Համով լոտոյով» շահած 150.000 դրամը: Փաստորեն, Շիրակի մարզի 119 համայնքներից 3-ում գյուղապետերը զբաղված են եղել ալան-թալանով: Մարզխորհրդի նիստերից մեկի ժամանակ հայտարարություն եղավ, որ Գուսաննայում (քրգործ չհարուցվեց) եւ Ղազանչիում (ստուգումներ են ընթանում) եւս նման խնդիր է հասունանում: Վերահսկող եւ կանխարգելող կառույցի՝ մարզպետարանի դանդաղկոտության պայմաններում չի բացառվում, որ նմանատիպ մի պատմություն էլ սկսվի Ամասիայի շրջանի Ողջի գյուղում: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել