Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀՈՒՇԱՐՁԱՆ

Փետրվար 25,2005 00:00

ԱՆՀՈՒՇԱՐՁԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ «Էլիտար դարձած իմ Էրեբունի», «Հենց այսպես էլ քանդում ենք մեր սիրած քաղաքում», «Մաքրենք Երեւանը հուշարձաններից: Երիտհայեր»՝ այս լոզունգներով պաստառներ էին երեկ ամրացնում Աբովյան 1/4 շենքի վրա «ուղղակի ՀՀ քաղաքացի», «պարզապես՝ երեւանցի» ներկայացող երիտասարդները: Աբովյան 1/4 հասցեում գտնվող 1910-1914 թթ. կառուցված եռահարկ շենքը (ճարտարապետ՝ Մեհրաբյան) գտնվում է անմիջապես Հյուսիսային պողոտայի հարեւանությամբ: Շենքը չէր մտել պողոտայի նախագծով քանդման ենթակա շինությունների ցանկը: Սակայն այժմ այն քանդվում է: Բանն այն է, որ այս շենքը, որն ըստ երեկ հավաքված երիտասարդ երեւանցիների՝ «զուտ տեխնիկական պատճառներով դուրս էր մնացել պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակից», աճուրդի էր հանվել եւ վաճառվել Բերբերյան ազգանունով մի անհատի: Վերջինս հավաստիացրել է, որ չի պատրաստվում քանդել շենքի ճակատային մասը, որը զարդանախշված է եւ իր մեջ ամփոփում է հին Էրիվանին հատուկ կոլորիտն ու ոճը: Սակայն իրենից պատմամշակութային արժեք է ներկայացնում ոչ միայն շենքի առջեւի պատը, որն առայժմ գոյություն ունի, այլեւ արդեն ի չիք դարձած ներքին հարդարանքը՝ աստիճաններ, սանդղավանդակ, սենյակներ եւ այլն: Եվ բնական էր ցուցարարների անհանգստությունը. «Գուցե թե այս պահին շենքի սեփականատիրոջ մտքով անցել է պահպանել շենքի ֆասադը, բայց եթե շենքը կառավարության կողմից պահպանվող շինությունների ցուցակի մեջ չէ, ապա եթե ոչ այսօր, ապա վաղը նա ինչ ուզենա՝ կանի. իր սեփականությունն է: Իսկ ամենավատն այն է, որ հուշարձանների ցուցակը գոյություն ունի ոչ թե օրենքով, այլ կառավարության որոշմամբ, այսինքն՝ կառավարության որոշմամբ ցանկացած հուշարձան կարող է մտնել այդ ցուցակը եւ հանվել ցուցակից»: Ասենք, մի քանի տարի հետո մեր օլիգարխներից մեկի քեֆին փչի, որ Գառնիի տաճարը «օբյեկտ» դարձնելու համար շատ հարմար է, «լեզու գտնի» կառավարության հետ, եւ Գառնիի տաճարը կառավարության որոշմամբ համարվի ոչ հուշարձան, հանվի ցուցակից ու տրվի «ազիզ ախպորը»: Իր հերթին, Հուշարձանների պաշտպանության վարչության Երեւանի բաժնի պետ Կարո Այվազյանը նշեց, որ այդ շենքը ոչ թե պատահմամբ դուրս է մնացել 2004թ. կառավարության կողմից հաստատված հուշարձանների ցանկից, այլ երբեւէ չի եղել այդ ցուցակում: Միայն նախորդ տարվա դեկտեմբերից են իրենք սկսել զբաղվել այս հարցով. «Դա շատ լավ է, որ հիմա այս երիտասարդներն այսպես անհանգստացած են եւ հավաքվել են, բայց մենք դեռ անցյալ տարվա դեկտեմբերի 20-ից պատրաստել ենք փաստաթղթերը, այս շենքին տվել ենք նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Եվ այն ժամանակ էլ դիմել ենք ԾԻԳ-ին, որ պատրաստվում են թղթեր՝ կառավարություն ներկայացնելու համար, այնպես որ՝ պետք է դադարեցնեն շենքի քանդումը: Կառավարությունը կամ կմտցներ շենքը ցուցակի մեջ, կամ չէր մտցնի: Մինչեւ վերջերս միայն կցակառույցներն էին քանդում»: Պարոն Այվազյանը հայտնեց, որ «հենց նոր» իրեն զանգել են եւ տեղեկացրել, որ կառավարության նիստում կառավարությունը որոշում է ընդունել մտցնել «նորահայտ հուշարձանը» պետության կողմից պահպանվող պատմամշակութային հուշարձանների ցանկը: Սակայն դա շենքը քանդող բանվորներին ամենեւին չէր հուզում: Կցակառույցների «հախից» գալուց հետո նրանք անցել էին բուն շենքին: Եվ այն նույն պահին, երբ ընթանում էր ցույցը, իրենք շարունակում էին իրենց գործը. «Մեզ ինչ ասել են՝ էն էլ անում ենք»: Աբովյան 1/4 հասցեից բողոքողների փոքրաթիվ, բայց վճռական բանակը շարժվեց դեպի կառավարություն: Կառավարության շենքի վրա էլ փակցրեցին պլակատներ ու ցրվեցին: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆՀ. Գ. Երեկոյան ցույցի կազմակերպիչներից մեկից՝ Սահրադ Պետրոսյանից տեղեկացանք, որ շենքի քանդումը շարունակվում է, եւ վաղը ժամը 12.00-ին բողոքի ակցիան տեղի է ունենալու քաղաքապետարանի մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել