Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրում

Փետրվար 26,2005 00:00

«Երկրում օդը պետք է մաքրվի՝ բոլոր առումներով» ՀԺԿ պատվիրակությունը երեկ Ալավերդիում էր Երեկ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը Ալավերդիում մասնակցեց կանանց կենտրոնի բացմանը: Բանն այն է, որ ՀԺԿ-ն շվեդական պառլամենտական ձախ կուսակցության հետ համատեղ Հայաստանում ձեռնարկել է կանանց իրավունքների պաշտպանության ծրագրերի իրականացում: Առաջին ծրագիրն իրագործվում է Ալավերդի քաղաքում, ինչի համար էլ հիմնադրվել է կանանց աջակցության կենտրոնը: Կենտրոնի ղեկավարն է ՀԺԿ Թումանյանի տարածքային կազմակերպության նախագահ Լարիսա Փարեմուզյանը: Մինչ կենտրոն այցելելը՝ Ստեփան Դեմիրճյանն իր ելույթով եզրափակեց նախորդ օրը մեկնարկած սեմինարը, որի ընթացքում գենդերային հարցերին զուգահեռ քննարկվել էին նաեւ տարածաշրջանային էկոլոգիական հարցեր: Ի պատասխան արծարծված մտահոգությունների՝ ՀԺԿ ղեկավարն իր ելույթում նկատեց. «Ընդհանրապես, մեր երկրում օդը պետք է մաքրվի՝ բոլոր առումներով: Պետք է արմատախիլ արվի ամենաթողությունը եւ կարվի»: Բնականաբար, եղան նաեւ քաղաքական բնույթի հարցադրումներ: ««Արդարությունը» հռչակելու կուրս չունի: Վաղուց ամեն ինչ հռչակված է: Անում ենք առանց ամպագոռգոռ հայտարարությունների, առանց ժամկետներ նշելու: Մենք մեր գործն անում ենք կոնկրետ եւ հասնելու ենք երկրում սահմանադրական կարգի վերականգնմանը»,- Արամ Կարապետյանի բոստանը քար շպրտեց նա: Ինչ վերաբերում է ՀԺԿ-«Հանրապետություն» հարաբերություններին՝ «Դաշինքում ամեն ինչ նորմալ է: Բոլոր խոսակցությունները տարածվում են վարկաբեկելու համար: Դաշինքում նորմալ է՝ երկրում նորմալ չի. ոնց որ էս երկրի պրոբլեմը դաշինքն է»,- նեղսրտեց Ստ. Դեմիրճյանը: Իսկ պարոն Դեմիրճյանին ընդառաջ եկած ալավերդցիներից Վանիկ Գրիգորյանը անկեղծ պոռթկաց. «Էս ընդդիմությունները վերջերս գործ չեն անում: Ճի՞շտ եմ հարցը տալիս»: «Դե, եթե գոհ չեք, ուրեմն պետք է ավելի շատ անենք: Քանի դեռ մեր հռչակած նպատակներին չենք հասել… ուրեմն լավ չենք աշխատում»,- եղավ Դեմիրճյանի պատասխանը: «Էդ խաբեբայություններին վե՞րջ կլինի, թե՞ չէ: Էս երկու օրը հայտարարեցին, որ բյուջեն գերակատարել են, բայց թոշակը, նպաստը ժողովրդին չեն տվել. ինչի՞ են խաբում, խաբելու համար էդ ղեկավարները աշխատավարձ են ստանում»,- շարունակեց Վ. Գրիգորյանը: «Բա մենք էլ ենք ասում՝ էս երկիրը դարձել է ստի, կեղծիքի երկիր: Իշխանությունն իրա համար է, ժողովուրդն իրա՝ ոչ մի կապ չկա: Քանի ժողովրդի քվեն կեղծում են, արհամարհում են՝ էս վիճակն է լինելու: Դրա համար էլ մենք ասում ենք՝ նախապայմանը էս իշխանության հեռացումը եւ օրինական իշխանության ձեւավորումն է»,- հավելեց ՀԺԿ առաջնորդը: «Մինչեւ ընդդիմությունները չհամախմբվեն, ոչնչի էլ չեն հասնի: Ձեր անհամաձայնությունն աշխատում է նախագահի օգտին»,- իր կարծիքը բարձրաձայնեց Վրեժ Մայիլյանը: Իսկ «առաջիկա գարնանը Երեւանում միտինգներ սպասվո՞ւմ են»: «Կոնկրետ միտինգի օր չեմ կարող ասել, բայց անհրաժեշտության դեպքում կլինեն: Հուսահատվել պետք չի, մենք ձեզ հետ միասին երկիրն այս վիճակից դուրս ենք բերելու»,- հույս տվեց ՀԺԿ ղեկավարը: Օրվա վերջում Ալավերդու մշակույթի պալատում ՀԺԿ-ական պատվիրակությունը մասնակցեց կանանց աջակցության նորաբաց կենտրոնի կազմակերպած բազմազավակ մայրերի մեծարման երեկոյին: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել